Եվրամիությունը չունի արցախյան հարցի լուծման որևէ մանդատ, «Ազատության» հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն՝ շեշտելով՝ բրյուսելյան բանակցություններում Արցախի հարցով վճռորոշ որոշումներ կայացնելու հնարավորություն չի տեսնում։
Արցախի հարցի մուծման միակ մանդատն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն այսօր փաստացի չի գործում, քանի որ որպես ագրեսոր երկրի, Ռուսաստանի համանախագահի հետ չեն պատրաստվում մյուս համանախագահները մեկ սեղանի շուրջ նստել, ասաց Խուրշուդյանը՝ ընդգծելով՝ բայց չի նշանակում, որ Մինսկի խումբը լուծարվել է և դրա մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել են թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Ֆրանսիան։
«Այնպես որ այսպես ժամանակավոր, միջանկյալ լուծման խնդիր է դրված՝ բանակցային պրոցեսը չսառեցնելու, որ ռիսկեր է պարունակում պատերազմի վերսկսման, բայց մյուս կողմից տանելու այլ խնդիրների լուծման՝ հումանիտար խնդիրների, անվտանգային խնդիրների, հաշտեցման խնդիրների։ Էսօր նաև Շառլ Միշելի (Եվրոպական խորհրդի նախագահ) խոսնակի հայտարարության մեջ նաև ռազմատենչ հռետորաբանությունից զերծ մնալու կոչ էր արվում, որովհետև պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը նման հռետորաբանություն չի կիրառում, լրիվ հակառակը, դա Ալիևն է։ Այնպես որ, այդ հարցերը, ֆոնը նախապատրատել, հիմքերը նախապատրաստել մինչև որ հնարավոր լինի Մինսկի խմբի գործունեությունը վերսկսել, ընդ որում, արդեն, իմ կարծիքով, նորացված Ռուսաստանի ներկայությամբ», - ասաց ՀԿ ղեկավարը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․