Մատչելիության հղումներ

Ալիևը Մինսկի խմբին թոշակի է ուղարկում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երեկ հայտարարել է Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։

«Մենք երրորդ պատերազմ չենք ուզում, այդպիսի պլաններ չունենք։ Մենք ցանկանում ենք, որ ռազմական փուլն ավարտվի, ցանկանում ենք, որ հաստատվեն նորմալ հարաբերություններ, որ Հայաստանը վերջապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց եթե տեսնենք, որ մեզ համար սպառնալիք կա, այդ սպառնալիքը տեղում կոչնչացվի», - ասել է նա։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանում ռևանշիստական միտումներ են արտահայտվում ոչ միայն նախկինների, այլև գործող պետական չինովնիկների մոտ։

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների համար նա մեղադրել է հայկական կողմին՝ ասելով, թե պատերազմից հետո դա առաջին դեպքը չէր, Ադրբեջանի պատասխան գործողություններից հայկական կողմը մինչև հիմա դասեր չի քաղում։

Ալիևն ասել է, թե ինչպես իրեն հայտնել են պաշտպանության նախարարությունից՝ հայկական կողմն այդ բախումներում 6-8 զոհ է տվել ու շատ վիրավորներ։ Նրա խոսքով՝ Հայաստանի խնդրանքներից հետո, որին միացել էին նաև Ռուսաստանի խաղաղապահները, ինքը պաշտպանության նախարարին երեկոյան կարգադրել է դադարեցնել կրակը՝ թույլ տալով, որ հայկական կողմը հեռացնի վիրավորներին։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ի պատասխան «Ազատության» հարցման հերքել է Ալիևի պնդումները և վերահաստատել նախօրեին տարածած տեղեկատվությունը, որ հայկական կողմը 3 զոհ է տվել, 2 վիրավոր։

Երեկվա հարցազրույցում Ալիևը սպառացել է Հայաստանին՝ ասելով, թե Ադրբեջանը ուշի ուշով հետևում է Հայաստանում բանակաշինությանը՝ թե՛ սեփական, թե՛ գործընկերների ուժերով, և անմիջապես կոչնչացնի ցանկացած սպառնալիք։

«Եթե մենք նույնիսկ նվազագույն սպառնալիք տեսնենք մեր անվտանգությանը, այդ վտանգն անմիջապես կոչնչացվի՝ անկախ նրանից, թե որտեղ է, որքան խորն է տեղակայված Հայաստանի տարածքում։ Դա պետք է բոլորը հասկանան, առաջին հերթին՝ Հայաստանի ղեկավարությունը», - ասել է նա։

Միաժամանակ, նրա խոսքով, Բաքուն շարունակելու է ժամանակակից զենք-զինամթերք գնել և բարձրացնել բանակի մարտունակությունը։

Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունը Ալիևը դրական է գնահատել, միաժամանակ ասելով, թե քիչ չեն նյարդայնացնող պահերը։

«Նրանք հիմա կարևոր գործառույթ են կատարում։ Նրանք ուղեկցում են մեր զինվորականների և բեռների փոխադրումները, և սկզբունքորեն կարող եմ ասել՝ դրական եմ վերաբերվում նրանց ընդհանուր գործունեությանը», - նշել է Ալիևը, իսկ նյարդայնացնող պահերից մասնավորապես առանձնացրել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցը Ղարաբաղ։

Նրա խոսքով՝ նման անօրինական այցերի կապակցությամբ բազմաթիվ անգամ պաշտոնապես իրենց դժգոհությունն են հայտնել ռուսական կողմին, իսկ Վալերի Պեկրեսի այցի կապակցությամբ իրենց պատասխանել են, թե «չեն տեսել, չգիտեն, նա անցել է սովորական մեքենայով, չնայած դա համոզիչ չէ»։

Ադրբեջանի նախագահը բավականին կոշտ է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ապագայի մասին։ Նա պնդել է, որ Մինսկի խումբը պետք է ձևավորի իր օրակարգը, չնայած ինքը պատկերացում ունի, թե նրանք ինչով պետք է զբաղվեն և ինչով՝ ոչ։ «Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան հակամարտությամբ, որովհետև այդ հակամարտությունն արդեն լուծված է։ Այդ հարցը մենք լուծել ենք նրանց փոխարեն։ Նրանք պետք է ընդունեն նոր իրողությունները, որքան էլ դա դժվար լինի իրենց համար։ Նրանք պետք է իմանան, որ դրանից հետո չեն զբաղվելու ղարաբաղյան հարցով, որովհետև մենք դա թույլ չենք տա։ Մենք հակամարտության կողմերից մեկն էինք։ Եթե կողմերից մեկն ասում է, որ հակամարտությունը լուծված է, ապա նշանակում է՝ այլևս տեղ չկա միջնորդության համար, և մեր դիրքորոշումը փոխանցվել է նրանց», - հայտարարել է Ալիևը՝ հավելելով, թե Բաքվին բացարձակապես չի անհանգստացնում Մինսկի Խմբի գործունեության ցածր մակարդակը։ Ադրբեջանի նախագահի ասելով, ըստ իր տեղեկությունների՝ Մինսկի խմբի համանախագահների մոտ չկա նախկին միասնականությունը։

Ալիևը նույնիսկ հեգնել է Մինսկի խմբին՝ ասելով, թե տեղյակ չէ, թե նրանք ինչով են զբաղվում․ - «Հավանաբար պատրաստվում են հոբելյանական միջոցառումների, ինչպես հայտնի է՝ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, և այս տարի լրանում է 30-ամյակը։ Աշխատանքային ստաժի 30 տարիներից հետո նրանք թոշակի անցնելու շեմին են, ուստի նրանց ցանկանում եմ երկար տարիների կյանք ու ամուր առողջություն»։

XS
SM
MD
LG