Մատչելիության հղումներ

Բաքուն Երևանին է մեղադրում հարաբերությունների կարգավորման ջանքերը խարխլելու մեջ


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Պաշտոնական Բաքուն Երևանին մեղադրում է հարաբերությունների կարգավորման ջանքերը խարխլելու մեջ, հատուկ հայտարարությամբ կտրականապես հերքում անցած հանգստյան օրերին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարը խախտելու մասին հայկական կողմի մեղադրանքները՝ դրանք որակելով անհիմն և ապատեղեկատվություն:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն էր շաբաթ օրը հայտարարել, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը և տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հայկական դիրքերի ուղղությամբ կրակել՝ ծանր վիրավորելով զինծառայողի, որի կյանքը փրկել չի հաջողվել:

«Երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի ֆոնին հայկական կողմի զրպարտիչ և ապակառուցողական հայտարարությունները նպատակ ունեն խարխլելու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև պետական սահմանների սահմանազատման գործընթացը», - կիրակի ուշ երեկոյան հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Սա անցած հանգստյան օրերին Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության երկրորդ հայտարարությունն է հայկական կողմին ուղղված: Եվս մեկ հաղորդագրությամբ էլ Բաքուն դատապարտում էր Փարիզի քաղաքապետի և Արցախի նախագահի հանդիպումը:

«Վերջին օրերին Հայաստանի արտգործնախարարության ցուցաբերած ապակառուցողական մոտեցումն ակնհայտորեն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով բրյուսելյան հանդիպման արդյունքները խաթարելուն», - հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը՝ հավելելով, թե Բաքուն «կշարունակի միջազգային հանրության կողմից աջակցվող իր խաղաղ և կառուցողական ջանքերն ու վճռականորեն կկասեցնի այդ գործընթացի դեմ ուղղված ցանկացած քայլ»:

Հայաստանն ու Ադրբեջանն անցած շաբաթն սկսել էին սահմանային հանձնաժողովների առաջին նիստով, որը կողմերը կառուցողական են գնահատել, վերահաստատելով իրենց պատրաստակամությունը՝ աշխատելու սահմանազատման գործընթացի ուղղությամբ:

Երկու երկրների փոխվարչապետերի այդ հանդիպումից մի քանի օր անց հնչեց Իլհամ Ալիևի հերթական աղմկահարույց հայտարարությունը: Ադրբեջանի առաջնորդը մասնավորապես պնդել էր, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, բացի այդ՝ հերթական անգամ ասել, թե Լեռնային Ղարաբաղ հասկացություն չկա: «Ճիշտ է, Հայաստանը հերթական անգամ բարձրացրել է այդ հարցը, և ինչպես ասում են՝ գլուխները պատին են խփում», - հայտարարել էր Ալիևը:

Ի պատասխան՝ Երևանը Բաքվին կոչ է արել չտորպեդահարել առկա ձևաչափերում ընթացող քննարկումները, Հայաստանի արտգործնախարարն էլ մատնանշել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որը ստորագրելով, ինչպես շեշտել է Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը:

XS
SM
MD
LG