Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը․ Միրզոյան


Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը, և Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, հնդկական «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Ընդգծելով, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո էլ շատ հարցեր մնում են չլուծված՝ Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել գերիներին, պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման, պղծման և ինքնության խեղաթյուրման իրական վտանգի տակ է, Բաքվից շարունակվում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ դեռևս հրադադարի խախտումներ են տեղի ունենում։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության շուրջ, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքների պաշտպանությունը և նրա վերջնական կարգավիճակը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Շեշտելով, որ մայիսի 22-ին բրյուսելյան հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման, ավարտել բանակցությունները տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ և աշխատանքներ տանել համապարփակ խաղաղ բանակցությունների նախապատրաստման շուրջ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է՝ եթե Ադրբեջանը դրսևորի կառուցողական մոտեցում և զերծ մնա գործընթացի ընթացքում խոչընդոտներ ստեղծելուց, ինչպես նախկինում շատ անգամներ արել է, «կարող ենք առաջ շարժվել»:

Հայաստանի վարչապետի հետ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից օրեր անց, որը թե' Բաքուն, թե' Երևանը արդյունավետ էին որակել, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Անդրադառնալով Երևանի առաջ քաշած սկզբունքներին, թե պետք է քննարկել նաև Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու կարգավիճակը՝ Ալիևն ասել է, թե նման խնդիր Ադրբեջանում չկա: Կրկին խոսելով այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» մասին՝ Ադրբեջանի ղեկավարը պնդել է, թե այդ հարցում էլ Բաքուն արդեն հաջողության է հասել։

«Տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա»

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից՝ Միրզոյանն ասել է, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։

Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, և նույնն ակնկալում է թուրքական կողմից, ասել է Հայաստանի արտգործնախարարը։

«Չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը», - եզրափակել է Միրզոյանը։

Անցյալ տարեվերջին Երևանն ու Անկարան հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն հայտնեցին, երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում, երրորդը՝ մայիսի 3-ին էր՝ կրկին Վիեննայում։ Կողմերը երկու հանդիպումներից հետո նույն հայտարարություն էին տարածել, թե բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է՝ առանց նախապայմանների: Երրորդ հանդիպման արդյունքում կողմերը վերահաստատել են այս գործընթացի միջոցով լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։

XS
SM
MD
LG