Վերջին 4 տարիներին գյուղացուն օգնելու համար կառավարությունը մեկ տասնյակից ավելի ծրագիր է իրականացնում, սակայն ոլորտում վերջնական արդյունքը տարեցտարի ավելի է նվազում:
«Տեղից վեր կենողը ասում ա՝ «գյուղատնտեսությունը զարգացնենք», բայց գլխին քար ա գցում», - նեղսրտում է գյուղացի Եզնիկ Աղվանյանը։
2021-ին գյուղատնտեսությունը նախորդ տարվա համեմատ 1,1 տոկոսի անկում գրանցեց, այն դեպքում, երբ նախատեսվում էր տարեկան 3,5-ից 5,5 տոկոս աճ ապահովել:
Որ ինչ-որ բան այն չէ, մեկ ամիս առաջ ընդունեց նաև կառավարության ղեկավարը`հորդորելով հետևողական լինել ծրագրերի վերահսկողության հարցում։ «Մենք գյուղատնտեսության ոլորտում 11-ից ավելի զարգացման ծրագրեր ենք ընդունել, բայց դրանք անհրաժեշտ ծավալով չեն աշխատում։ Մենք էդ զարգացման ծրագրերը չենք կարողանում պատշաճ ձևով իրականացնել, որովհետև մենք անընդհատ տեղային փոքր հրդեհներ պայմանական մարելու տրամաբանության մեջ ենք», - ասաց վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի կառավարությունը մարզերում սկսել է իրականացնել «խելացի գոմ» ծրագիրըԾրագրերից մեկով, օրինակ, պետությունն առաջարկում է գյուղացուն խելացի անասնագոմ կառուցել` խոստանալով շինարակական ծախսի ուղիղ կեսը վերցնել իր վրա: Առաջին հայացքից`առաջարկը հրապուրիչ է, սակայն անցած 3 տարիներին այս ծրագրով կառուցվել է ընդամենը 39 անասնաշենք` նախատեսված 230-ի փոխարեն։ Ընդ որում, պաշտոնական տվյալներով, կառուցված 39-ից 3-ն այսօր չեն գործում։
«Կառավարությունը մեզ պետք է էդ հենման կետերը տա, բայց էդ հենման կետերը էնպես տա, որ մեզ հասանելի լինի։ Թե չէ ուժեղները ավելի են ուժեղանում, թույլերը մնում են», - ասաց գյուղատնտես Սևադա Ադամյանը։
Ինչո՞ւ չեն իրականացել կառավարության կանխատեսումներն, ըստ որոնց, 2 տարում կովերի գլխաքանակը պետք է ավելանար 7,5, արտադրված կաթը՝ 30 անգամ։ Ինչո՞ւ անցած երեք տարիներին միայն 4 տասնյակ ֆերմեր է պայմանագիր կնքել կառավարության հետ ու համաձայնել պետությունից միլիոնների փոխհատուցում ստանալ` անասնագոմն ավելի արդյունավետ դարձնելու համար։
«Եթե ինքը լինի շատ շահավետ, շատ արդյունավետ բան, ինչո՞ւ չեն գնում մարդիկ դրան։ Ուրեմն մի խնդիր կա, պետք է ուսումնասիրել՝ խնդիրն ինչում է կայանում», - ասաց «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Մարիամ Անտոնյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս զարգացնել համայնքները, բիզնեսն ու գյուղատնտեսությունը. Հայաստանի ու Արցախի ձեռներեցները՝ ՍՄԱՐԹ ԴեբետումԱնտոնյանը Լոռիում արդեն 5 տարի բարեգործական ծրագրեր է իրականացնում՝ արևմտյան դոնորների աջակցությամբ: Նա փորձել է նաև կառավարության այս առաջարկից օգտվել, բայց պարզել է, որ պետության առաջարկներն արդյունավետ չեն։ Այդ մասին անգամ կառավարության ծրագրերում ներգրավված շինարարներն են ասել։
«Նախարարությունից ցանկը տրվում է՝ ովքեր են կառուցապատողները, այսինքն, ովքեր պետք է կառուցեն, ում հետ նախարարությունն ունի պայմանագրեր։ Մի քանի հոգու հետ խոսեցի, մի էսպիսի հետաքրքիր բան ինձ ասեցին՝ «Դուք պետական ծրագրո՞վ եք դիմում», ասացի՝ «չէ, մենք հիմնադրամ ենք, ուզում ենք գյուղացիներին օգնենք, մենք իրենց բաժինը վճարենք, աջակցենք իրենց»։ Ասացին՝ «գիտե՞ք, եթե պետական ծրագրով չեք անելու, մի քանի հոգի նույն բանն ասացին, մենք կարող ենք Ձեզ ավելի խելամիտ տարբերակներ ասել, սա մի քիչ շատ բարդացված տարբերակ է», - պատմեց Անտոնյանը։
Շինարարական կազմակերպություններից մեկի ղեկավարը, որ որոշել էր կառավարության առաջարկած խելացի անասնագոմերը կառուցել, «Ազատությանն» ասաց` վերջերս հրաժարվել է այդ մտքից։
Անանուն մնալու պայմանով՝ գործարարը պատմեց՝ հետաքրքրվողներ շատ են եղել, բայց այդպես էլ որևէ գյուղացի ծրագիրն ու պայմանագրերը ձեռքին չի եկել՝ շինարարություն սկսելու։ Հաշվարկներ է արել ու եզրակացրել`պետության առաջարկը մեծամասամբ ձեռք չի տալիս։ Խնդիրն այն է, որ գյուղացին նախապես պետք է գրպանում բավարար գումար ունենա` շենքի նախագիծ պատվիրելու, լիցենզավորված կազմակերպությունների միջոցով շինարարություն սկսելու և մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու համար։
«Ի՞նչ է ասում պետությունը։ Ասում է՝ «եթե դու գնաս սարքես, կամ թղթերը տաս, որ դու սարքել ես, ես դրա 50 տոկոս փողը կտամ»։ Բայց, եթե մարդը սարքի գոմը, իրա վրա նստում է 5 միլիոն։ Եթե թղթերով է սարքում, իրա վրա նստում է 8 միլիոն։ Այսինքն՝ ես փող ունեմ 5 միլիոն, ես իմ գոմը կսարքեմ 5 միլիոնով, գյուղացին սենց է մտածում, քան 10 միլիոն ծախսեմ, և պետությունը 5 միլիոնը տա, բայց պտի էդ 10 միլիոնը մարդը ունենա», - ասաց գործարարը։
«Ինչ-որ պահի ստացվում է, որ ֆինանսական փոսի մեջ ենք ընկնում»
Սարգիս Մարկոսյանը մեկն է այն ֆերմերներից, որ նախկինում մեծ մասշտաբներով գյուղատնտեսությամբ չէր զբաղվել, բայց կառավարության այս ծրագրից որոշել է օգտվել:
Լոռվա Բովաձոր գյուղում նա 35 միլիոն դրամ է ծախսել ու խելացի գոմ կառուցել` 42 խոշոր եղջերավորի համար։ Երբ եկել է սարքավորումները գնելու պահը, ֆերմերն անանկալի է եկել. պարզվել է` պետական ծրագրով պահանջվող ստացիոնար կթիչը, օրինակ, կարող է գնել բացառապես «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի դուստր ձեռնարկություններից` հատը 800 հազար դրամով։
Արդեն իսկ մեծ ծախսերի տակ ընկած գյուղատնտեսն այլընտրանք չունենալով, գնել է թանկարժեք իտալական կթիչը, որ ընդամենը երկու ամիս անց շարքից դուրս է եկել։ Գյուղատնտեսական բիզնեսին աջակցող հիմնադրամի դուստր ձեռնարկությունը, որ 800 հազար դրամանոց սարքավորումը վաճառել է գյուղացուն՝ առանց երաշխիքային սպասարկման, նոր դետալ է առաջարկել՝ 64 հազար դրամով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գյուղացին տխուր ու դժբախտ է գյուղում»․Անտոնյանը գտել է պատասխանը՝ պետությունը վերջին 30 տարում չի կարևորել գյուղատնտեսությունը«Պլաստմաս է սովորական՝ 135 գրամ։ էս 135 գրամանոց դետալի համար ուզում էին 64 հազար դրամ։ Ես էդ գնով վաճառում եմ 355 լիտր կաթ։ Սրա շուկայական արժեքը թող լիներ 1000 դրամ։ Հիմա գյուղացու կողքին են կանգնո՞ւմ, ընդեղ սիրուն գալստուկներով, փողկապներով, եսիմինչերով, ներկայացնում են՝ «այ սենց գործեր արինք, էս արինք, օժանդակեցինք»։ Կառավարությունն էլ մտածում է, որ սենց լավ կազմակերպություններ կան, որ գալիս են կողքից գյուղացուն օգնում», - պատմեց Մարկոսյանը։
Մեկ ամիս առաջ նա սկսել է առաջին արտադրանքը ստանալ խելացի գոմում: Հաշվարկներ է անում ու ասում, որ կթու կովերից Գարգառը, Սևոն, Պացանը, Շեգոն ու Պեծոն միասին օրական ընդամենը 50 լիտր կաթ են տալիս։ 180 դրամանոց կաթի վաճառքով անգամ վարկի ամսական վճարը չի կարող մարել։ Էլ ուր մնաց՝ հարստանա։
«Ինչ-որ պահի ստացվում է, որ սենց մի հատ ֆինանսական փոսի մեջ ենք ընկնում», - ասաց ֆերմերը։
Թեև կառավարությունը պարբերաբար հայտարարում է գյուղացու համար նախատեսված արտոնյալ վարկերի, դրանք սուբսիդավորելու ծրագրերի մասին, սակայն բովաձորցի գյուղատնտեսը պնդում է` ինքն իրականում նման բան չի տեսել: Բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները հրաժարվել են նրան ցածր տոկոսով վարկ տրամադրել, ստիպված սպառողական է վերցրել` տարեկան 22 տոկոսով, ու հիմա ամեն ամիս ստիպված է միայն կես միլիոն դրամ առանձնացնել` բանկերի պարտքը փակելու համար: