«Լոռու մարզում մի թևավոր խոսք կա՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ, երեքն էլ՝ Դեբետ», - ասում է 800 բնակիչ ունեցող համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը՝ նկատի ունենալով գյուղում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ ՔՈԱՖ-ի ստեղծած «Սմարթ» կրթական կենտրոնն ու միլիարդների հասնող ներդրումները. - «Երազանք է, անկեղծ, Դեբետի համար երազանք է»։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն էլ մի ուրիշ թևավոր դարձած խոսք է առաջ քաշում․ - «Անգլերենում մի խոսք կա՝ GameChanger՝ խաղը փոխող, կարծում եմ, որ դա բավականին բնորոշ է, թե մենք 2018-ից ի վեր՝ երեք տարվա ընթացքում, էստեղի խաղերի կանոնները փոխեցինք»։
Անցած երեք տարիներին ՔՈԱՖ-ն այստեղ կյանքը փոխել է․ տասնյակ նոր աշխատատեղեր են ստեղծել մարզի բնակիչների համար։ Նորագույն լուծումներով հիմնանորոգված գյուղապետարանում գրեթե ամեն օր նոր նախագծեր են հաստատվում, բիզնես ծրագրերի ու շենքեր կառուցելու համար տարածքներ հատկացվում։
Երեկ էլ ավագանին ՔՈԱՖ-ի հերթական հաստափոր նախագծին էր հավանություն տվել։ Շուտով Դեբետում կլինեն միջազգային համաժողովներ ու պաշտոնական բազմամարդ հանդիպումներ անցկացնելու մինչև 180 մարդու համար նախատեսված դահլիճ, մարզասրահներ, լողավազան և այլ կարևոր կենտրոններ, որոնք Դեբետ կբերեն հազարավոր մասնակիցների ու զբոսաշրջիկների։
Համայնքապետը կեսկատակ-կեսլուրջ ասում է՝ շուտով Դեբետն աշխարհի կենտրոնն է դառնալու։ Այստեղ անշարժ գույքը երեք անգամ թանկացել է։ «Եթե 6-7 տարի առաջ կար բնակարան՝ տուն, որը որ կարելի էր գնել 3-ից 3 հազար 500 դոլարով, արդեն մինչև 10 հազար դոլար ու ավել էլ կա ու գնողներ էլ կան», - ասաց Աշոտ Ղազարյանը։
Դեռ անցած տարի Դեբետը սմարթ՝ խելացի գյուղ դարձնելու 5 տարվա ծրագիր են սկսել։ Ամեն շաբաթ ՔՈԱՖ-ի պատասխանատուները բնակիչների հետ հանդիպումներ են անցկացնում գյուղի կենտրոնում, տեղեկացնում իրենց անելիքների մասին, կարծիքներ լսում, նրանց մասնակից դարձնում իրենց ծրագրերին։ Հերթական հանդիպմանը նրանք հավաստիացրին՝ 3-4 տարի անց Դեբետում ենթակառուցվածքների խնդիր չի լինի՝ ճանապարհներ, փողոցային լուսավորություն, աղբահանություն։ Հին դպրոցի փոխարեն Հայաստանում նմանը չունեցող գերժամանակակից դպրոց կլինի։ Հարևան Դսեղում առողջության կենտրոն կգործի, որտեղ նաև վիրահատություններ անելու հնարավորություն կլինի։
Բիզնեսի ու գործառնությունների գծով տնօրեն Պետո Դեմիրճյանն ասում է՝ շուտով, ոչ միայն Դեբետից չեն գնա, այլ շատերը Դեբետ կտեղափոխվեն՝ ապրելու։ Նա էլ ընտանիքով Լիբանանից տեղափոխվել ու այստեղ է ապրում։ Իր երեխաներն էլ «Սմարթ» կենտրոնի այլընտրանքային կրթություն են ստանում՝ հմտություններ ձեռքբերում, ինչպես Լոռու մարզի 27 համայնքների մեծ ու փոքր բնակիչները։
«Ամեն ինչ ուզում ենք ցույց տալ, այսինքն՝ հայրենադարձություն, քաղաքից գյուղ տեղափոխվել, աշխատատեղեր ունենալ, որովհետև վերջիվերջո մեր «Սմարթ» կենտրոնի և ՔՈԱՖ-ի ընդհանրապես նպատակն է մարզերի բնակչությանը, համայնքի բնակչությանն արժանապատիվ կյանք տալ, իսկ որպեսզի արժանապատիվ կյանք տանք, պետք է ամեն ինչ հիմնենք, ստեղծենք, որ գյուղի բնակիչը ցանկանա մնալ գյուղում։ Եվ ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանում նման գյուղ կարելի է ունենալ, և, վստահ եմ, որ շատերը, մեր օրինակը տեսնելով, կցանկանան նման աշխատանք նախաձեռնել», - ասաց Պետո Դեմիրճյանը։
Դեբետում ու հարակից գյուղերում անցած 3 տարիներին զարգացել է նաև հյուրատների բիզնեսը։ 3 հյուրատուն արդեն գործում է, ևս 4-ը կգործարկվի մինչև տարեվերջ։
Համայնքապետի ականջին լուրեր են հասել, թե հնարավոր է առաջիկայում գյուղը միավորվի հարակից համայնքներին։ Աշոտ Ղազարյանը համոզված է, թե գյուղում արված միլիարդների ներդրումների, ձևավորված բրենդների ու նոր նախագծերի պայմաններում գյուղի կարգավիճակը կորցնելը ճակատագրական կլինի Դեբետի համար․ - «Խոշորացումը կխանգարի Դեբետի զարգացմանը։ Նման ահռելի ներդրումներ են ու նման մեծ պոտենցիալ ունի, որ արդեն վեր է հանվել և ներդրողների դեռ ահռելի քանակ կա։ Անկեղծ գրեթե շաբաթը երկու-երեք ներդրող տուրիզմի զարգացման նպատակով հող ուզելու հետ կապված պարտադիր ունենում ենք»։
Լոռու մարզպետն «Ազատության»-ն ասաց՝ կառավարությունն այս մասին դեռ հստակ որոշում չունի, քննարկումներն ընթացքի մեջ են։