Մատչելիության հղումներ

Փանիկի և այլ գյուղերի ոռոգելի հողերը դարձել են անջրդի․ ջրամբարից բաց թողնվող ջուրը բավարար չէ


Փանիկցի Արմեն Արևիկյանի այգու ծառերը սկսել են չորանալ։ Թեև տարածաշրջանում մեծ ջրամբար կա, բայց գյուղը ոռոգման ջուր չունի։

«Ամբողջ տարածաշրջանը գալիս, լցվում են տանձի ժամանակ Փանիկ համայնք, 1 կիլոգրամ տանձը գնում եմ 300-400 դրամով սառնարան դնելու համար, անցյալ տարի ամբողջ գյուղից 10 տոննա տանձ չկարողացանք տանել, երբ որ 100 հազար տոննաներով տանձ էր Փանիկ: Ջուր չկա, ծառներին չի հասնում, խմելու ջրով են մարդիկ ծառը ջրում, շատ բարձր թանկարժեք հաճույք է խմելու ջուրը, հաշվիչով տալիս են: Անցյալ տարի ամեն ամիս իմ հողամասի բերքը ջրելու համար օգտվել եմ խմելու ջրից, ամիսը 20-22 հազար ջրի վարձ եմ ես մուծել, 20-22 հազարով ես կառնեի 200-300 կիլոգրամ լավ, ընտիր խնձոր, էլ ինչի՞ պիտի տանջվեի», - ասում է Արմեն Արևիկյանը:

Շիրակի մարզի Փանիկ և մի քանի այլ գյուղերի ոռոգելի հողերը դարձել են անջրդի, Մանթաշի ջրամբարից բաց թողնվող ջուրը բավարար չէ տարածաշրջանի բոլոր համայնքների համար։ Զրկվելով հողից եկամուտ ստանալու հնարավորությունից` շատերն արտագաղթել են։ Կարապետ Մուրադյանը գյուղի տների դռներն է ցույց տալիս, որոնք արդեն տասնամյակներով փակ են: Հների կողքին նորերն են ավելացել. «Մեկն անցած տարի է գնացել, փակվեց էս դուռն էլ»:

Հետո հենց դաշտերը ցույց տվեց, թե աշնանացան գարու բերքը ինչ վիճակում է: Ջրովի ցանքատարածություն է, բայց անջրդի է մնացել: Երեկ տեղացած անձրևը փրկություն էր, բայց հողն էլի ջրի կարիք ունի. «Որ խոնավությունը բավարար չէ, չի կպնի իրար, պիտի նորմալ կպնի իրար, եթե այսօր-վաղը անձրև չկա, էլ հասքը չի բարձրանում»:

3000-ից ավելի բնակիչ ունեցող Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը օրերս ոռոգման ջրի հարցը բարձրաձայնել էր Գյումրի այցելած տարածքային կառվարման նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպմանը: Ջուրը կա, բայց մի քանի գյուղեր այն այդպես էլ չի հասնում, ու ոռոգման սեզոնին ջուրը գյուղերի միջև կռվախնձոր է դառնում: Վերին հատվածի գյուղերն օգտվում են, իսկ ներքևի 4 գյուղեր այն գրեթե չի հասնում, հետևաբար գյուղացիներն էլ տարեցտարի ավելի քիչ հող են մշակում։ Առաջարկում են ոռոգման փակ համակարգ կառուցել. «Հուլիսի կեսերից նոր մի ջուր հասնում է մեզ ոռոգման համար, իհարկե բավարար չէ, գոնե 3 անգամ պետք է բույսը ջրվի, որպեսզի որևէ եկամուտ տա: Այսօր մենք ուղղակի մենք մեզ ենք խաբում, գյուղացին իրեն խաբում է, թե ջուր կա, բոստան է դրել, ուրախանում է, բայց արդյունքում ինքը բերք չի ստանում: Տարածքում մոտ 900-1000 հեկտար է, որի մոտ 60 տոկոսը չի մշակվում»:

Փանիկի համայնքապետն ասում է՝ 5 տարի առաջ կազմված նախահաշվի համաձայն՝ փակ համակարգի կառուցումը մոտ 1 մլն դոլար կարժենա, դա հիմնովին կլուծի մի քանի գյուղերի ոռոգման հարցը. «Ջրային կորուստները, հողային ավազաններ, մոտավորապես 70-80 տոկոսը ջրի կորուստ է, ենթադրենք երկու կուբամետր ջուր են բացում Մանթաշի ջրամբարից, մեզ մոտ հասնում է 300-400 լիտր ջուր, լավագույն դեպքում, էն էլ մեզ մոտ է կորչում, սա է իրականությունը: Իրոք գրեթե ջուր չի հասնում, դրա համար մենք միշտ բարձրացրել ենք հարցերը` կամ մեր ծայրամասային գյուղերին` Նորաշեն, Փանիկ, Անուշավան, փակ համակարգով, կամ ինչպես հիշում եք, նախարարը ահազանգեց, որ մինի ջրամբարներ են կառուցվելու, և այդ նույն ջրամբարի տեղը կա, մնում է մասնագիտական հետազոտություններ անել և մինի ջրամբարներ կառուցել, որպեսզի այս 3 երեք գյուղերի ոռոգման ջրի հարցը լուծում ստանա: Եթե չկա ջուր, չկա անասնապահություն, չկա հողագործություն»:

Փանիկում ոռոգման ջրից բացի, նաև խմելու ջուրն է խնդիր: Տան ծորակներից ջուրը գալիս է, բայց ինչպես ասում է տիկին Նոյեմզարը, տարօրինակ համ ու հոտ ունի. «Դրանիք առաջ տարիներով ջուր չունեինք: Հիմա լավ է, բայց դե շատ կեղտոտ: Գարնան գլուխ էտ անձրևների ժամանակ որ գաք, տեսնեք, ահավոր է, խմել հնարավոր չէ: Եռացրած կամ խանութից»:

Արագածի լանջին կառուցված Մանթաշի ջրամբարից, որի ջուրը և՛ ոռոգման, և՛ խմելու համար է օգտագործվում, ջուրը գյուղեր հասնում է առանց զտման կայանի: Միայն քլորացվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG