Սիբիրախտի տարածումը Շիրակի մարզի Իսահակյան գյուղում շարունակվում է. երկու օր առաջ գյուղից Գյումրիի ինֆեկցիոն հիվանադանոց եղջերավոր կենդանիներից փոխանցվող սիբիրախտով ևս 2 հիվանդ է տեղափոխվել։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, պատճառն էլ այն է, որ տանը ինքնաբուժությամբ են զբաղվել, այսօր ասաց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:
«Վերջին երկու հիվանդը ընդունվել են հուլիսի 8-ին, բավականին մեծ, խորը վերքերով, տանը ինքնաբուժությամբ են զբաղվել և այս պահին նրանց վիճակը միջին ծանրության է, բուժում է համապատասխան նշանակվել», - ասաց Բեյբությանը:
Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը ասում է՝ 2 կանայք են հիվանդանոց տեղափոխվածները, որոնց գյուղի բուժքույրն է հայտնաբերել: Թե ինչպես է եղել, որ գյուղում չեն իմացել, որ հիվանդ կա՝ վարչական ղեկավարն ասաց՝ ստուգայցերի ժամանակ թաքնվել են:
«Չէին ասում, տուն էլ գնացել ենք, իրենք տունը չեն եղել, հետո քույրը գնացել է, որ ստուգեն, տեսել են, որ ձեռքին վերք կա, հետո ուղարկել են ինֆեկցիոն հիվանդանոց», - ասաց համայնքի վարչական ղեկավարը:
Ընդհանուր առմամբ սիբիրախտի ախտորոշմամբ Իսահակյան գյուղից Գյումրիի ինֆեկցոն հիվանդանոց է տեղափոխվել 10 հիվանդ: Արդեն առողջացած ու դուրս գրվածներ կան:
«Այս պահին մեր հիվանդանոցում բուժում է ստանում 8 հիվանդ, երկուսը դուրս է գրվել», - ասաց Աստղիկ Բեյբությանը:
Ոստիկաններն, ըստ համայնքի ղեկավարի, հսկում են Իսահակյան գյուղի ելքն ու մուտքը, որպեսզի միս ու կաթնամթերք դուրս չտանեն: Արսենյանը նշում է, որ գյուղում առաջին լարված օրերի համեմատ հիմա հանգիստ է. «Սկզբնական շրջանում վախ կար, հիմա տեսել են, որ անկումներ չկա, էլ չեն էլ վախենում»:
Ընդհանուր 10 գլուխ խոշոր և 20 գլուխ մանր անասուն է անկել սիբիրախտից: Համատարած պատվաստումից հետո, ասում է, նոր անկած անասուններ գյուղում չկան: Այժմ գաղափար կա կարանտինը շարունակել միայն սիբիրախտով վարակված ընտանիքների համար, իսկ մյուսների համար բացել, քանի որ գյուղացին 10 օր է կաթը չի մթերում՝ թափում են:
Շուրջ մեկ շաբաթ առաջ սիբիրախտի դեպքեր էին հայտնաբերվել Գեղարքունիքի մարզի երկու գյուղերում, ինչից հետո առաջին դեպքերն արձանագրվեցին Շիրակի մարզի Իսահակյան գյուղում։ Դեպքերից հետո հայտնի դարձավ, որ ինքնասպանություն է գործել գյուղի անասնաբույժը, սակայն կապը վարակի տարածման հետ գյուղացիները հավանական չէին համարում։ Եղջերավոր կենդանիների համար մահացու սիբիրախտը կախվում է պատվաստումների միջոցով։ Գյուղացիները պնդում են, որ սիբիրախտը հիմնականում երաշտի հետևանքով է առաջ գալիս, երբ անասունը դաշտում խոտ գտնելու համար հողն է ուտում: Սիբրախտի բացիլն էլ հողից է փոխանցվում: