Մատչելիության հղումներ

Ոռոգման ջրի պակասն ազդել է կարտոֆիլի ոչ միայն բերքատվության, այլև գնի վրա


Ոռոգման ջրի պակասն այս տարի զգալիորեն ազդել է ցորենի, գարու և կարտոֆիլի բերքատվության վրա: Դեռ ամիսներ առաջ ոռոգման ջրի պահանջով ճանապարհներ փակող գյուղացիները զգուշացնում էին, որ այս տարի կարտոֆիլի գինը բարձր կլինի, քանի որ երաշտի հետևանքով սովորականից քիչ են բերք ստանալու:

Այսօր արդեն շուկայում 1 կգ կարտոֆիլի գինը 200-250 դրամի սահմաններում է` նախորդ տարվա 100-120-ի փոխարեն: Կարտոֆիլ գնող մի կին ասաց, թե չի հիշում` մեկ էլ երբ է 200 դրամով կարտոֆիլ գնել. «Պետք է կառնինք, ոչ էլ ֆիքսվում ենք, թե որ վախտին ինչ գին է, էնպես չէ, որ մենք քաղաքացին է, գյուղացին էլ իր տեղը կտուժվի, փող կներդնե, պարարտանյութ է, իրենք էլ են տուժվող կողմ: Եթե թանկ եղավ, բնականաբար քիչ {կառնենք}»:

Բարձր գինը գյուղացիներից շատերին ստիպել է, որ կարտոֆիլի բերքահավաքը ժամանակից շուտ սկսեն, քանի որ հենց դաշտից բավականին բարձր գնով մթերողները գնում են կարտոֆիլը: Գյուղատնտես Մերուժան Մաթոսյանն ասում է` բարձր գինը փոխհատուցում է ստացված քիչ բերքը. «Այս պահին 150-ով են տալիս, դեռ էս գինն է, տա Աստված` էս գինը պաշտպանվի, լավ է, մի քիչ էլ, որ բերքը լավ լինի, կհարմարվի: Խնդիրը քիչ բերքն է, բայց եթե բերքն էլ քիչ լինի, երևի լավ չլինի, կամ էլ մի ձև` գնի հաշվին փորձենք տակից դուրս գալ, որ մեր ծախսերը հանենք, որ մեզ էլ եկամուտ մնա»:

Գյուղացուց՝ վերավաճառող, նրանից էլ՝ սպառող, այս օղակում տուժում է սպառողը, քանի որ ամեն մեկն իր եկամուտի բաժինն ապահովելու է գնորդի հաշվին. «Վերջում տուժում է սպառողը, որովհետև մինչև կհասնի իրեն, գին կփոխվի, էստեղից ուրիշ գնով կգնա, ուրիշ գնով կհասնի բազար, ուրիշ գնով կհասնի սպառողին, դա է խնդիրը: Դաշտից 150 է գնում, էնտեղից արդեն վերավաճառողների խնդիրն է` իրենք էլ իրենց բաժնեմասն են մտցնում, որովհետև աշխատանք են չէ անում: Մինչև կհասնի սպառողին, կդառնա այդ գինը»:

Իսկ ամենաշատ օգուտն անում են վերավաճառողները, ովքեր գյուղացուց 150 դրամով մթերելով կարտոֆիլը շուկայում այն վաճառում են 200-250 դրամով` արդյունքում ստանալով ավելի շատ եկամուտ, քան մշակողը. «Իրենք ավելի շատ են շահում, ավելի քիչ են տանջվում, քան ես»:

Ախուրյան գյուղի դաշտում հանդիպեցինք նաև Մաթոսյանների արդեն հավաքած տեսակավորած կարտոֆիլի մեծածախ գնորդին: Արկադի Նամալյանը Մարտունուց եկել էր Շիրակի դաշտերից կարտոֆիլ գնելու, որ Մեյմանդարի շուկայում կրկին մեծածախ վաճառի: Նա ևս արձանագրում է, որ կարտոֆիլն այս տարի թանկ է. «150 առնում ենք, տանում ենք, 170 ծախում ենք, խանութներում է ավելի թանկ: Մենք բիրիք մի 3-4 մեշոկ տալիս ենք խանութին, խանութն արդեն իր գինն է դնում: Կարտոշկան էս գինը ամեն դեպքում թանկ է, բայց դե»:

Գյուղատնտեսները վստահ են՝ ձմռան նախաշեմին ևս կարտոֆիլը նախորդ տարվա համեմատ ավելի թանկ է լինելու։

XS
SM
MD
LG