Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս զարգացնել համայնքները, բիզնեսն ու գյուղատնտեսությունը. Հայաստանի ու Արցախի ձեռներեցները՝ ՍՄԱՐԹ Դեբետում


Սմարթ դառնալու հավակնություններ ունեցող Դեբետ գյուղում այսօր համայնքների զարգացման թեմաներն էին քննարկում։ Ինչպես խելացի ու նորարարական կառավարման մոդելներ գործի դնել գյուղերում, ինչպես զարգացնել բիզնեսն ու գյուղատնտեսությունը, ինչպես սոցիալապես կայունացնել համայնքները։ Իրենց փորձով ու արտադրատեսակներով Դեբետի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն էին եկել ձեռներեցներ Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերից։

Սամվել Միրզախանյանն Արցախից է։ Ասում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում 400 մեղվաընտանիք ունեին Քարվաճառում, որ հրադադարից հետո 5-օրյա ժամկետում ստիպված էին ամբողջը տարհանել քաղաքից։ Այն ադրբեջանցիներին էր անցել։ Սամվելն ասում է, 5 օրը չափազանց քիչ էր ամբողջ ունեցածը քաղաքից անվնաս հանելու համար։

«Մեղուների մի մասը տուժել էր այդ ռմբակոծությունից, մի մասն այդ 5-օրյա ժամկետում, քանի որ 400-ից ավելի մեղվաընտանիք ենք ունեցել Քարվաճառում, այդ ժամանակը քիչ է եղել, մի մասն ենք կարողացել դուրս բերել և ինչքանը, որ հանել ենք տեղափոխել ենք Մարտակերտի շրջան Հաթերք գյուղ», - ասաց Միրզախանյանը։

Էկոլոգիապես մաքուր մեղրը գյուղի անունով «Հաթերք-ֆուդ» են կոչում։ Անցած մեկ տարում կարողացել են ավելացնել մեղվաընտանիքներն ու մի մասն էլ տեղավորել Տավուշի մարզի Կոթի սահմանամերձ գյուղում։ Իրացման խնդիր չունեն, ասում է Միրզախանյանը, անգամ իրենց փնտրում են բացառիկ մաքուր արտադրատեսակի համար։

Աննա Հովհաննիսյանը Կոտայքի մարզից Լոռու Դեբետ գյուղ էր բերել իր բնական կոսմետիկան։ Բիզնեսը կոչել են «Շոկոլադ Վումըն»։ «Կնիկ», «մարդ», պիտակներով շամպուն, օճառ ու կոսմետիկ պարագաներ են արտադրում։ Ասում է՝ շուտով նաև սկեսուրը, տալը, հարսն ու զոքանչն ապրանքանիշ կդառնան։ 5 տարի արդեն շուկայում են, ընտանեկան փոքր բիզնես է՝ մեծ դժվարություններով։

«Օրինակ՝ մենք չենք կարող ոչ մի բան բերել մեծ մեքենայով, նյութերը բավական թանկարժեք են, երբ որ մոտավորապես մեկ արկղի չափ կոսմետիկ նյութ ենք բերում, արժենում է 3-400 հազար և անցակետում ուղղակի չեն թողնում բերել, ասում են՝ պետք է բրոքերներ վարձեք, իրենք ձեր գործերը կանեն, իսկ տարաների մասին չխոսենք։ Հայաստանում ոչ մի կոսմետիկ տարա չկա», - ասաց Հովհաննիսյանը։

«Շամշադին Էկոմիթ» մսամթերքի արտադրությամբ զբաղվող երեք տարվա ընկերության ներկայացուցիչ Նելլի Խաչատրյանն ասում է՝ Շամշադինը՝ Բերդի շրջանը, Հայաստանի ամենահետաքրիր վայրերից մեկն է՝ ունի շատ խոնավություն ու շատ արև։ Երկուսն էլ փորձում են օգտագործել բիզնեսի համար։

Մինչդեռ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում դեռ 20 տարի առաջ զբոսաշրջության կենտրոն հիմնադրած Տիգրան Չիբուխչյանն ասում է՝ գյուղերում բիզնես հիմնելու դժվարությունները նույնն են, գրեթե չեն փոխվել անցած 20 տարիներին։ Գյուղացին մուտք չունի դեպի ֆինանսներ, քանի դեռ գյուղերում եղած անշարժ գույքը դեռ անարժեք է բանկերի համար։ Բայց այստեղ խնդիրն ըստ գործարարի ոչ թե բանկային համակարգի մեջ է, այլ հասարակության ֆինանսական անգրագիտության։

«Մեր կրթական ցենզն ազգովի էնքան է ներքև ընկել, որ մենք չենք կարողանում նույն լեզվով ու նույն բանի մասին խոսել ֆինանսական համակարգի հետ։ Էլի կրթական կտորն է, որ գործարարը հողի տիրոջ հետ չի կարողանում լեզու գտնել, որովհետև մեկը-մեկին չի հասկանում», - ասաց Չիբուխչյանը։

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից Դեբետում կազմակերպած ամենամյա համաժողովը գյուղական համայնքների զարգացման թեմայով նպատակ ունի վեր հանել խնդիրները, համագործակցել ու ստեղծել նոր հնարավորություններ։

XS
SM
MD
LG