Մատչելիության հղումներ

Տավուշում 7-9 հազար հեկտար գյուղատնտեսական տարածքներ չեն մշակվում՝ հակառակորդի դիտակետերի տակ գտնվելու պատճառով


Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզում հազարավոր հեկտարներով այգիներ ու վարելահողեր այս տարի ևս անմշակ կմնան զուտ այն պատճառով, որ հակառակորդի դիտակետերի տակ են։

Տավուշի մարզպետարանից «Ազատությանը» հայտնեցին, որ հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով 7-9 հազար հեկտար գյուղատնտեսական տարածքներ չեն մշակում։

Երբեմնի այգիների ու վարելահողերի տերերն ասում են՝ ժամանակին կրակոցների տակ են հայտնվել, ինչից հետո էլ աստիճանաբար անտերության են մատնել հողատարածքները. այգիները չորացել են, վարելահողերը՝ դեգրադացվել։

«Էն ա մեզ էլ հողեր ունենք, չենք կարում մշակենք, համարյա մի 180 հեկտար ունենք հեղամաս», - ասաց այգեհովտցի Էդիկ Բարսեղյանը: Իրենց գյուղի հողատարածքն է հաշվում, որ տարիների ընթացքում անտեր է դարձել։ Չնայած Հայաստանի վերահսկողության տակ են, բայց համարում են, թե հակառակորդի ձեռքին են։ Ի՞նչ տարբերություն, ասում է հողազրկված գյուղացին:

Հիմա բարենպաստ եղանակային պայմաններ ու բերրի հող ունեցող մարզում գյուղատնտեսական տարածքների մեծ մասն էլի ադրբեջանցիների աչքի առաջ են, բայց ասում են՝ զգուշավորությամբ մշակում են՝ ընտանիքի ապրելու միակ միջոցն է. «Հա՛մ գալիս ենք աշխատենք, հա՛մ ասում ենք՝ սնայպերը կարա և մեզ կրակի»:

Սահմանամերձ Ոսկեպարում ասում են՝ արդեն 30 տարի մեծ խնդիրներ են ունեցել նաև անասնապահության դեպքում։ Անհետացած անասունի ետևից չես գնա, հետ բերող էլ՝ չկա. «Անասունդ եթե անցավ, էլ տերը չես, մի 30 տարի ա էդ բանով ապրում ենք էլի»:

Տավուշի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Թաթուլ Ստեփանյանն «Ազատությանն» ասաց կառավարությունը քայլեր է ձեռնարկում Տավուշի անմշակ հողատարածքները նվազեցնելու ուղղությամբ, շեշտելով, որ այդ նախկին գյուղատնտեսական տարածքների մի մասն այսօր արդեն ռազմական նշանակություն ունի։ Եվ այս հարցերը նաև Պաշտպանության նախարարության տիրույթում են, ասում է Թաթուլ Ստեփանյանը։

«Անվտանգության խնդիրը մեծ է, հատկապես ֆիզիկական անվտանգության, ու դրանով է պայմանավորված, որ հողերը չեն մշակվում: Բայց կա սոցիալական աջակցության ծրագիր, որ էդ բնակիչները սոցիալական արտոնություններից օգտվում են, այսինքն՝ գազն ա, լույսն ա, հարկերն են բոլոր, որ նրանց համար զրոյացված են», - ասաց Ստեփանյանը:

Մարզպետի պաշտոնակատարն ասում է՝ կառավարությունը փորձում է սահմանի հարակից, համեմատաբար անվտանգ տարածքների մոտ 9 հազար հեկտարը ոռոգելի դարձնել. «21 թվականին մեկնարկելու է արդեն, հավելյալ պրոդուկտներ ստացվեն, որ գյուղատնտեսության նշանակության աշխատատեղեր են բացվելու՝ պայմանավորված վերամշակման, տեղափոխման, իրացման և այն մնացած բոլոր իրենից բխող ծառայությունների մասով»:

Մարզի ներկայիս ղեկավարը հույս ունի, թե այս ծրագրերը նոր աշխատատեղեր կստեղծեն և հակամարտության հետևանքով հողատարածք կորցրած գյուղացիների սոցիալական խնդիրները կթեթևանան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG