Հայ-թուրքական ներկայիս սահմանի մի մասը բաժանված է ոչ թե ցամաքով, այլ ջրով։ Հայաստանը հյուսիս-արևմտյան սահմանի այս մասում Թուրքիայի հետ կիսում է Ախուրյանի ջրամբարը. 1975-ից 1982 թվականներին ջրամբարի կառուցման համար տեղափոխվել են մի քանի գյուղեր, այդ թվում՝ Շիրակավանը։
«Թուրքի լիճ» անունը ստացած ջրամբարը ջրի տակ է առել նաև Շիրակավանի գյուղսովետի նախկին ղեկավար Աղվան Աճեմյանի տան հիմքերը. «Երևան-Մոսկվա գիծն էր անցնում ստեղով գնացքի, ճանապարհ է եղել առաջ»:
Փաստացի հայ-թուրքական սահմանն անցնում է հենց ջրամբարի միջով: Աղվան Աճեմյանը ցույց է տալիս ջրամբարում հեռվում նկատվող սահմանազատիչ աշտարակը և նշում. «Սահմանը էդ ա, ըտեղից էն կողմ թուրքին է, էս կողմ՝ մերն է»:
Աճեմյանը հիշում է, թե ինչպես են թուրքական կողմի հետ չափագրումներ արել ու սահմանը բաժանել: Ասում է՝ ամեն ինչ հարթ է անցել. «Սահմանը թուրքերի հետ եկան գծին, Թուրքիայից էլ մարդ եկավ, մեզնից էլ եկան, իրանք ստեղ էին աշխատում, մերոնք էլ անցնում էին ընդեղ էին աշխատում, բայց հին սահմանը գեղի մեջտեղից էր գնում, բայց հանին»:
Ջրամբարի անմիջապես կողքին շիրակավանցիների հողատարածքները անջրդի են: Ախուրյանի ջրամբարի ջուրը Թուրքիա ու Արարատյան դաշտավայր է գնում. «Շատ բերրի հող ունեինք, հիմա ի՞նչ է»:
Ջրամբարում այս տարի անհամեմատ քիչ ջուր է կուտակված: Երբ ավարտվում է ոռոգման սեզոնն ու ջրամբարը գրեթե դատարկվում է, Աղվան Աճեմյանը ընկերների հետ հին գյուղի տարածք է գնում, իր տան ավերակների մոտ հասնում:
Ջրամբարի տակ մնացած հին գյուղում մոտ 200 ընտանիք է ապրել: «900 հեկտար բերրի հողերը ջրի տակ թողեցին, մեզ էլ քարքարոտ տարածք տեղափոխեցին», - ասում է 67-ամյա շիրակավանցին:
Աճեմյանը հիմա հողատարածք ունի Խարկով գյուղում: Գյուղացին ավելի քան 30 կիլոմետր է կտրում, որ կարողանա հող մշակի. «Հող ունեմ Խարկով գյուղը, շատ դժվար է՝ ստից գնում ենք ընդեղ աշխատելու»:
Հենց հայ-թուրքական սահմանին Աղվան Աճեմյանի որդին արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված պուրակ է կառուցում: 44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո առաջին գործը սահմանին 12 մետր բարձրությամբ եռագույն բարձրացնելն է եղել: Սահմանային գյուղում ապրողի համար, ասում է Աղվան Աճեմյանը, խաղաղությունն է կարևոր: