Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը մարզերում սկսել է իրականացնել «խելացի գոմ» ծրագիրը


Գյուղական համայնքներում անասնապահության զարգացմանն աջակցելու նպատակով կառավարությունը ներդրել է «Խելացի գոմ» ծրագիրը: Գյուղացին, որ վարկերի բեռի տակ է ու փող չունի, որ նոր` «Խելացի գոմ» կառուցի կառավարությունը որոշել է ծախսի 50 տոկոսը փոխհատուցել:

3 մոդելի համար հաշվարկ է արված՝ կլինեն 11, 23 և 35 մլն դրամ արժողությամբ անասնագոմեր, ըստ այդմ էլ կառավարությունը 50 տոկոսը կփոխհատուցի գյուղացուն: Ծրագրի նկատմամբ Արմավիրի մարզի գյուղատնտեսներն են առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերել:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասում է, որ մինչ օրս 350 դիմումատու է եղել, որից 180 են հայտ ներկայացրել, թե «խելացի գոմ» են ցանկանում կառուցել: Առայժմ 18 անասնագոմ կառուցելու պայմանագիր է կնքված: Շիրակի մարզի Ազատան համայնքում թեթև կոնստրուկցիայով առաջին «խելացի գոմն» է կառուցվել, բայց այս հարցում միջազգային կազմակերպություններ են աջակցել 40 տոկոսի չափով, մնացած՝ 60 տոկոսն էլ ազատանցի ֆերմեր Վարդան Պապոյանի ներդրումն է:

Վերջինս ցույց տվեց, թե «խելացի անասնագոմ»-ում անասունների համար ինչպիսի պայմաններ են ստեղծված: Ասում է՝ եվրոպական չափանիշներին համապատասխան է՝ սկսած ազատ տեղաշարժից մինչև անասունի համար հանգստի հատուկ պայմաններ:

«Կենդանին և՛ կարողանում է ազատ տեղաշարժվել, և՛ ազատ ջուր խմել, ցանկացած պահի նախատեսված տեղում նստել, որտեղ ռեզինից մատրասներ են, որը կենդանու համար շատ հարմարավետ է», - նշեց Պապոյանը:

Ազատանցի ֆերմերը, որը 30 տարի շարունակ եղել է գյուղի անասնաբույժը խոստովանում է՝ հին մեթոդ արդեն սպառել է, պետք է հինը քանդել, նորը կառուցել: Անասունների համար ստեղծված պայմաններից ելնելով էլ ակնկալում է, որ տարեկան 6000 լիտր կաթ ստանան:

Սմարթ անասնագոմում մարդկային գործոնը նվազագույնի է հասցված․ կիթն իրականացվելու է հատուկ սարքի միջոցով: Սմարթ անասնագոմի նկատմամբ հարևան համայնքների գյուղացիների ու ֆերմերների մոտ էր նաև հետաքրքրություն առաջացել և ոմանք եկել էին սեփական աչքով տեսնել, թե ինչ ասած է՝ «խելացի անասնագոմ»:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ հատկապես Ազատանում կառուցաված այս անասնագոմի մոդելի կիրառումն է կարևորում, որը գյուղացու մոտ կարծրատիպ կկոտրի:

«Փորձում ենք նոր մշակույթ մտցնել անասնապահության մեջ, որը հնարավորություն կտա ավելի շատ կենդանուն ցուցաբերել իրենց մթերատվությունը», - ասաց Գաբրիելյանը:

Տիգրան Գաբրիելյանը հավելեց, որ պետական ծրագրով խելացի գոմ կառուցած առաջին ֆերմերը պետական փոխհատուցումը ստացել է, ընթացքի մեջ է 2-ի փոխհատուցումը: Շիրակի մարզում ևս 2 խելացի անասնագոմ է կառուցվում․ մեկը կրկին Ազատանում՝ ավելի մեծը և Արթիկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG