Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի փաստաբանը պնդում է՝ իրենց պաշտպանյալն անհիմն ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Մտադիր են բողոքարկել դատարանի երեկվա կայացրած որոշումը նախկին համայնքապետի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին։
Մամիկոն Ասլանյանը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով կալանավորված է դեկտեմբերի կեսերից։
Մի քանի օր առաջ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ լրացվել է նրա մեղադրանքը պաշտոնավարման տարիներին կատարած ենթադրյալ հանցանքների նոր դրվագներով։ Մասնավորապես, իրավապահները նոր փաստեր էին հրապարակել, ըստ որոնց, նախկին համայնքապետն անցած 5 տարիներին մի շարք հողատարածքների դեպքում համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն է արել և ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, սեփականաշնորհման ոչ ենթակա հողերը դարձրել հասարակական կառուցապատման տարածքներ, որի դեպքում թույլատրվել է դրանց աճուրդ-վաճառքը։
Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո, որի արդյունքներով՝ նրա գլխավորած դաշինքն ամենաշատ թվով ձայներն էր ստացել, և հավանական էր, որ ավագանի անցած «Հայրենիք» կուսակցության աջակցությամբ կարող էր համայնքապետ ընտրվել։
Ընտրություններից երկու ամիս անց ավագանին դեռ համայնքի ղեկավար ընտրելու համար նիստ չի գումարել։ Օրերս Լոռու մարզ այցելած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց՝ հանգիստ է նայում երևույթին, որ, ըստ էության, քաղաքն արդեն երկու ամիս ղեկավար և տեղակալներ չունի։ Ստեղծված իրավիճակում որոշակի խնդիրներ կան, բայց դրանք մեծ ծավալի չեն, պնդում է նախարարը։
«Իհարկե ոչ մեկիս ցանկալի է չէ, երբ որ համայնքում նման իրավիճակ կա, բայց մյուս կողմից, ես ինչի եմ հանգիստ այս երևույթին նայում, մենք 441 բնակավայր խոշորացրել ենք 36-ի մեջ, երկու-երեք տեղ խնդիր է առաջացել, ոչինչ, կկարգավորվի, երկիր է. կան օրենքներ, կա դատական համակարգ, այսինքն՝ ամեն ոլորտ իր տիրույթում իր աշխատանքն անում է։ Հիմա ես չեմ կարող իրավական գնահատական տալ այդ արված աշխատանքներն ուղղելի են, անուղղելի են, թե ինչ հետևանքներ են թողել։ Քաղաքը բնականոն կյանքով ապրում է, աշխատակազմն աշխատում է, իր որոշումները կայացնում է, մնացածը հընթացս մենք էլ ձեզ նման կհետևենք, կտեսնենք՝ ինչ կորոշեն դատական, իրավական մարմինները և կգնանք առաջ», - ասաց Սանոսյանը։
Այս խնդիրներով Վանաձորը միակը չէ․ անցած տարեվերջի տեղական ընտրություններից հետո՝ մինչ օրս Հայաստանի 5 այլ համայնքներում կամ դեռևս ընտրված ղեկավար չկա, կամ էլ ղեկավարի ընտրությունն է վիճարկվում։ Դրանց գերակշռող մասում՝ 6 համայնքներից 5-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ չի տարել։
Գնել Սանոսյանն ասում է՝ պարտադիր չէ, որ առավելագույն ձայներ ստացած ուժերը գան իշխանության։
«Էկեք այսպես ասենք՝ հիմա միգուցե արդարացի է, որ առավելագույն ձայն ստացածները գան, բայց մյուս կողմից, մեր երկրում կա ընդունված օրենք, որը հնարավորություն է տալիս տարբեր ուժերի միավորվելու պարագայում առավելագույն ձայներ ստացած թիմից ավելի ձայն տանել։ Հիմա օրենքն այդպիսին է, մենք էլ դրանով շարժվում ենք․ մեր մի շարք բնակավայրեր էդպես ձևավորել են համայնքի ղեկավար, ավագանիներ, մյուսներում էլ գործընթացը ընթացքի մեջ է», - ասաց Սանոսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 6 համայնքներում կա՛մ դեռ ընտրված ղեկավար չկա, կա՛մ էլ ղեկավարի ընտրությունն է վիճարկվում