Մատչելիության հղումներ

6 համայնքներում կա՛մ դեռ ընտրված ղեկավար չկա, կա՛մ էլ ղեկավարի ընտրությունն է վիճարկվում


Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները կառավարության շենքի մոտ ակցիա են անում
Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները կառավարության շենքի մոտ ակցիա են անում

Երկրորդ ամիսն է՝ Վանաձորում որևէ մեկը չի կարող թույլտվություն ստանալ շինարարության համար կամ սեփականության վերաբերյալ գործարք կատարել։ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում տարեսկզբից փաստացի իշխանություն չկա։

Անցած դեկտեմբերին թեև ընտրություններ էին անցկացվել, սակայն մինչ օրս ավագանին նիստ չի գումարել՝ համայնքապետ ընտրելու համար, ասում է ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը. «Նոյեմբեր ամսից սկսած Վանաձորում ավագանին չի գործել, արդեն փաստորեն 4-րդ ամիսն ենք մենք մտնում, որ ավագանին չի գործում»:

Համայնքը ստիպված կառավարվում է հին բյուջեով, օրինակ՝ աշխատավարձերի վճարումը և այլն, որոշ գործարքներ, մինչդեռ, ստիպված են սպասել, մինչև քաղաքում իշխանություններ ձևավորվեն. «Չի կարող որևէ բան փոխել, չի կարող փոխել վարձատրության չափը, չի կարող հաստատել, սահմանել հաստիքացուցակ, չենք կարող սահմանել տարբեր տեղական վճարներ: Այսինքն` մենք ամեն տարի հաստատում ենք տեղական վճարները, տեղական վճարների գներն ենք մենք հաստատում ամեն տարի: Դա ևս չի արվել: Մի շարք հակասություններ են առաջանում այստեղ` եթե հաստատված չի, ինչպե՞ս են գործում հին սակագները, որովհետև օրենքի պահանջն է, որ պետք է ամեն տարի դրանք կամ փոփոխվեն, համենայն դեպս հաստատվեն, եթե մնում են նույնը:

Բազմաթիվ քաղաքացիներ չեն կարող իրականացնել օտարման հետ կապված, համայնքային գույքի վարձակալության հետ կապված, որոշ պայմանագրեր, որոշ ծառայությունների մինչև մարտ ամիս դեռևս ուժի մեջ են, բայց մի շարք ծառայությունների պայմանագրեր այսպես թե այնպես չեն իրականացվում: Եթե անգամ այդ ծառայություններն իրականացվում են, դրանք կարող են համարվել ոչ օրինաչափ», - նշեց Քալանթարյանը:

Այս խնդիրներով Վանաձորը միակը չէ․ անցած տարեվերջի տեղական ընտրություններից հետո՝ մինչ օրս Հայաստանի 5 այլ համայնքներում կա՛մ դեռևս ընտրված ղեկավար չկա, կա՛մ էլ ղեկավարի ընտրությունն է վիճարկվում։ Դրանց գերակշռող մասում՝ 6 համայնքներից 5-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ չի տարել։ Որոշ տեղերում այս անորոշությունը բողոքի ցույցերի պատճառ է դառնում:

Հանրությունը դեռ սովոր չէ այս մեխանիզմին, բայց հենց դա է ժողովրդավարական մեխանիզմը. Իոաննիսյան

Սա աննախադեպ իրավիճակ է, որն ի հայտ եկավ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի վերջին փոփոխություններից հետո։ Եթե մինչ այդ համայնքի ղեկավարը որոշվում էր ընտրողի ուղիղ քվեարկությամբ, ապա հիմա կուսակցություններից կամ դաշինքներից կազմված ավագանին է որոշում՝ իր կազմից ով կղեկավարի համայնքը։ Արդյունքում ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժը կարող է և համայնքի ղեկավար չընտրել, քանի որ մյուս ուժերը կարող են միավորվել ու ավելի շատ ձայնով համայնքի ղեկավար դարձնել իրենց միասնական թեկնածուին։

«Անկախ դիտորդ դաշինքի» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի կարծիքով` հանրությունը դեռ սովոր չէ այս մեխանիզմին, բայց հենց դա է ժողովրդավարական մեխանիզմը, ասում է մասնագետը։

«Կստացվի, որ այն կուսակցությունը, որ ամենաշատ ձայնն է հավաքել, դառնում է համայնքային ընդդիմություն, այն մյուս երկու կուսակցությունները, բայց սա նորմալ ժողովրդավարական պրոցես է: Միգուցե հանրությունը դրան սովոր չէ՞ր, որովհետև տեսեք` այո, թեև Գյումրիի և Վանաձորի համար ընտրակարգը նոր չէր, բայց Գյումրիի և Վանաձորի համար նոր էին ժողովրդավարական ընտրությունները, նոր էր այն, որ ընտրությունների ժամանակ ինչ-որ մրցակցություն կա», - նկատում է նա:

Նոր ընտրակարգից դժգոհ քաղաքական ուժերից մի քանիսն այս ընթացքում դատարան են դիմել կամ պահանջել կառավարությունից նոր քվեարկություն կազմակերպել։ Փարաքարում դիմումատուները՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, սպասում է նիստին, Տարածքային կառավարման նախարարությունը, սակայն, արդեն մերժել է նոր ընտրությունների պահանջը։

«Քաղաքացիական պայմանագրի» աջակցությամբ համայնքի ղեկավար ընտրված Դավիթ Մինասյանն էլ արդեն աշխատանքի է գնում, «Ազատությանը» փոխանցեց նրա համախոհ, ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանը. «Դեռ կանոնադրություն և մի շարք փաստաթղթեր են անհրաժեշտ հաստատել, որից հետո նոր սահմանված կարգով մենք կդիմենք կնիք ստանալու: Այս պահին Դավիթ Մինասյանն իր լիազորություններն իրականացնում է ամբողջ ծավալով»:

Վարդենիսում և Վեդիում պատկերը փոքր-ինչ այլ է

Այսպես, խոշորացված Վարդենիսի ընտրություններում երեք ուժ է ավագանի անցել՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ավագանու կազմում 13 մանդատ ունի, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիսը»՝ 4: Վերջին երկու ուժերը իրենց համատեղ 14 ձայնով տարեվերջին որպես համայքի ղեկավար են ընտրել Ահարոն Խաչատրյանին: Իր հերթին իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» այդ նիստին չի մասնակցել, իշխանական ուժի քաղաքապետի թեկնածու ու գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանի կարծիքով` այդ նիստն ապօրինի է եղել, և իրենք դիմել են վարչական դատարան:

Արարատի մարզի Վեդի քաղաքում, ի տարբերություն մյուս համայնքների, արտահերթ ընտրություններ կանցկացվեն, քանի որ ոչ մի ուժի չէր հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել կամ միասնական թեկնածու առաջադրել։ Այս էր պատճառը, որ վաղաժամ դադարեցվեցին ավագանու լիազորությունները, և մինչև նոր ընտրությունները Վեդիի ղեկավար է նշանակվել ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը։

Հստակ չէ՝ ինչ քայլեր են ձեռնարկվելու, եթե մինչ այդ դատարանների որոշմամբ համայնքապետերի ընտրության հարցը չլուծվի: Մասնագետներն ասում են՝ առանց նոր բյուջեի համայնքները կարող են աշխատել մինչև մարտ ամիս։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG