Մատչելիության հղումներ

Կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանն առայժմ Վանաձորի համայնքապետի միակ հավանական թեկնածուն է


Մամիկոն Ասլանյան
Մամիկոն Ասլանյան

Վանաձորի նորընտիր ավագանու 33 անդամներն այսօր ստացան իրենց մանդատները

Ընտրված 5 քաղաքական ուժերի 4 թեկնածուներ ինքնաբացարկի դիմում ներկայացրին, այդ թվում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ով գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։

Արամ Խաչատրյանի ինքնաբացարկի դեպքում իշխող ուժի ցուցակը գլխավորում է Վանիկ Օհանյանը, որ վերջին երկու ամիսներին, Մամիկոն Ասլանյանի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նշանակվել էր համայնքապետի պաշտոնակատար։ Այսօր նա հեռացավ պաշտոնից, քանի որ հրապարակվել են ընտրությունների վերջնական արդյունքներն ու ավագանու ընտրված անդամներն ստացել են իրենց մանդատները։

Մինչև այս պահը, սակայն, ավագանու առաջին նիստ գումարելու մասին որևէ հայտարարություն չի արվել, որի ընթացքում էլ պետք է համայնքապետ ընտրվի։ Ըստ օրենքի մարզպետարանի ՏԻՄ վարչությունն ու համայնքապետարանը համատեղ պետք է ավագանու նիստ կազմակերպեն։

Ինքնաբացարկի դիմումներն ստանալուց հետո այսօր թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովը նիստ անցկացրեց, հաստատեց ավագանու ընտրված անդամների ցանկը, այդ թվում ընտրություններից հետո կալանավորված նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին։

Մինչև այս պահը համայնքապետի միակ հավանական թեկնածուն կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանն է, չնայած նրա գլխավորած դաշինքի անդամները ևս դեռ չեն բարձրաձայնում՝ արդյո՞ք նա կլինի համայնքի ղեկավարի իրենց թեկնածուն, արդյո՞ք նրա բացակայության պայմաններում միահամուռ նրա օգտին կքվեարկեն, այն դեպքում, երբ ինքը՝ Ասլանյանը քվեարկելու հնարավորություն չի ունենա։

Այսօր ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ, համայնքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Արթուր Օհանյանն «Ազատությանն» ասաց, թե խմբակցությունը դեռ չի քննարկել իր անելիքները. - «Իրադարձություններն արագ են զարգանում, և այս պահին ձեր հարցերին չեմ կարող պատասխանել»։

Լուռ են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։ Ավագանու անդամ Վանիկ Օհանյանն այսօր անպատասխան թողեց «Ազատության» հարցերը, թե, արդյո՞ք ընտրացուցակը գլխավորած Արամ խաչատրյանի ինքնաբացարկը նշանակում է, որ կուսակցությունը համայնքապետի թեկնածու չի առաջադրի, կամ արդյո՞ք այլ կուսակցություններից թեկնածու կլինի, որին կտան իրենց 9 ձայները։

Իրավիճակն անորոշ են համարում նաև ավագանու մեծությամբ երրորդ քաղաքական ուժի՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության անդամները։ Անգամ փոքրաթիվ, ընդամենը երկուական մանդատ ունեցող «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցություններից ասում են, թե վերջնական որոշում չունեն։ «Ապրելու երկիր» կուսակցությունից ավագանու անդամ ընտրված Արտավազդ Ալավերդյանն «Ազատությանն» ասաց, թե բոլոր տարբերակները դիտարկում են. - «Մենք մեր պազիցիան պահում ենք ընենք, ոնց որ սկսել ենք ընտրարշավը, մինչև հիմա։ Թե ինչ-որ բան կփոխվի տաս րոպե հետո, թե տասնհինգ րոպե, կասեն, կիմանաք... Հնարավոր ա, ոչ մի թեկնածուի օգտին չքվեարկենք, կարող ա լինել ինչ-որ թեկնածուի օգտին քվեարկենք... բոլոր տարբերակներն էլ էսօր դեռ չի բացառվում»։

«Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորած Վահե Դոխոյանն իր ֆեյսբուքյան էջում օրերս դատապարտել էր նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով կալանավորելու որոշումը, ապօրինի համարել և նշել, թե պայքարելու են, «որպեսզի ընտրողների տված յուրաքանչյուր քվե հասնի իր նշանակությանը»։

Երեկ Հայաստանի վարչական դատարանը մերժել է դեկտեմբերի 5-ին Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը, որով 3,97 տոկոս ձայն ստացած կուսակցությունը փորձում էր պաշտպանել մանդատ ունենալու իր իրավունքը։ «Լուսավոր Հայաստանին» ընդամենը 0,03 տոկոս, այսինք, 10 ձայն չէր բավարարել անցողիկ շեմը հաղթահարելու և Վանաձորի ավագանիում առնվազն 1 մանդատ ունենալու համար։ Նախկին ավագանիում 10 մանդատ ունեցած «Լուսավոր Հայաստանն» այս անգամ զրկվեց անգամ մեկ մանդատ ունենալու հնարավորությունից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG