Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետն անհեթեթ է համարում պնդումները, թե Մամիկոն Ասլանյանը քաղաքական հալածանքների է ենթարկվում


Լոռու մարզպետ Արման Խաչատրյան, արխիվ
Լոռու մարզպետ Արման Խաչատրյան, արխիվ

Փաստաբանները կմիջնորդեն, որ Ասլանյանը մասնակցի համայնքապետի ընտրություններին

Երեկվանից կալանքի տակ գտնվող Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի փաստաբանները պատրաստվում են միջնորդել դատարանին՝ ապահովելու նրա մասնակցությունն առաջիկա օրերին կայանալիք համայնքապետի ընտրություններին, որ տեղի կունենան նոր ձևավորված ավագանու առաջին նիստին։

Դեկտեմբերի 5-ին ընտրողները Մամիկոն Ասլանյանի գլխավորած ցուցակի օգտին ամենաշատ ձայնն էին տվել։ Նրա անունով ստեղծված դաշինքն այսօրվա դրությամբ 15 մանդատ կունենա ավագանիում։ Մինչդեռ կալանքի տակ գտնվելու պատճառով նա, ըստ էության, կզրկվի ինքն իրեն ձայն տալու իրավունքից։

«Մամիկոն Ասլանյանը չի կարող և իր իրավունքն իրացնել, և իրեն ձայն տված անձանց իրավունքը, հետևաբար նման պայմաններում եթե իշխանությունը ողջամիտ գտնվի, կամ իրավապահ մարմինները, պարտավոր են լինելու Մամիկոն Ասլանյանի այդ իրավունքի իրացումն ապահովել, թեկուզ և ժամանակավորապես քրեակատարողական հիմնարկից տեղափոխել, այդ գործընթացի մասնակցությունն ապահովել, նորից վերադարձնել քրեակատարողական հիմնարկ», - ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Վանաձորի 33 հոգանոց ավագանիում համայնքի ղեկավար դառնալու համար առնվազն 17 ձայն անհրաժեշտ կլինի։ Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով` քաղաքապետի հավակնորդներից որևէ մեկը ավագանիում այդքան մանդատ չունի։ Իր պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու, անձնական դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու, հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մեջ մեղադրվող նախկին համայնքապետի փաստաբաններն ընտրություններից օրեր առաջ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելը շարունակում են քաղաքական համարել։ Պնդում են, որ մեղադրանքն անհիմն է, և որ Ասլանյանի նախկինում կայացրած որոշումները բխել են օրենքից։

Լոռու մարզպետն ասում է` տեղյակ էր, որ ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել

Մինչդեռ Լոռու մարզպետ, Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Խաչատրյանն անհեթեթ է համարում պնդումները, թե Մամիկոն Ասլանյանը քաղաքական հալածանքների է ենթարկվում։ Ասում է՝ տեղյակ էր՝ սեպտեմբերին Պետական վերահսկողական ծառայությունն ստուգումներ էր իրականացնում համայնքապետարանում։ Գիտեր, որ խախտումներ հայտնաբերվել են, բայց դրանց բնույթի ու իրավական գործընթացի մասին մամուլից է իմացել։

Հարցին, թե արդյո՞ք իրավաչափ է կալանքի տակ պահել ամենաշատ թվով քվե ստացած թեկնածուին, երբ նոր ձևավորված ավագանին ընդամենը մի քանի օրից համայնքի ղեկավար է ընտրելու, պնդեց, թե չեն միջամտում իրավապահների գործողություններին։

«Ընտրությունների ցանկացած փուլում նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելը կարող էր շահարկվել»,- ասում է մարզի ղեկավարը։

Ավելին, Արամ Խաչատրյանը կասկածներ է հայտնում, թե համայնքապետարանում քարոզարշավի շրջանում վարձավճարների անվան տակ երեք միլիոն դրամի ֆինանսական մուտքեր են արվել, որոնք կարող են որպես ընտրակաշառք դիտարկվել։

«Մուտքերն ավելացել են, այսինքն` բնակվարձի, աղբի վարձի և այլն, սրանք կասկածելի գործողություններ են, որ կարող էր նաև ազդել ընտրությունների վրա», - նշում է նա` հավելելով` ուսումնասիրել են՝ հիմնականում անապահով անձանց անունով են արվել վճարումները։ Դա է հենց կասկածի տեղիք տվել մարզի ղեկավարին, որ առայժմ ստուգում է փաստերը. «Այս պահին մեր ունեցած ռեսուրսներով, հարկ եղած դեպքում, իհարկե, կդիմենք իրավապահ մարմիններին»:

ԼՀԿ-ի հայցի վերաբերյալ դատարանի որոշումը` դեկտեմբերի 21-ին

Վանաձորում անցողիկ շեմը հաղթահարած 5 քաղաքական ուժերը դեռ չեն բարձրաձայնում՝ արդյո՞ք քննարկումներ արվում են քվեարկությունից առաջ կոալիցիա կազմելու կամ միմյանց աջակցելու մասին։ Ասում են՝ կսպասեն վարչական դատարանին, որ այսօր քննեց Վանաձորում ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստանի» հայցը՝ իրենց մեկ մանդատի իրավունքը պաշտպանելու մասին և որոշումը կհրապարակի դեկտեմբերի 21-ին։

«Լուսավոր Հայաստանին» ընդամենը 0,03 տոկոս չբավարարեց անցողիկ շեմը հաղթահարելու և Վանաձորի ավագանիում առնվազն 1 մանդատ ունենալու համար։ Կուսակցության ներկայացուցիչների հաշվարկով՝ իրենց ստացած 1314 ձայներին ընդամենը 10 քվե պակասեց անցնելու համար։ Մինչդեռ Վանաձորի 63 տեղամասերում արձանագրված 12 անճշտությունները կարող են ազդեցություն ունեցած լինել ընտրությունների արդյունքների վրա, պնդում է կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արմեն Եղիազարյանը։

«Այսինքն` այդ կոնկրետ կեղծիքի մակարդակի շատ լուրջ խախտումներ են, որն այս պահի դրությամբ էլ հնարավոր չի պարզել, թե ինչ է տեղի ունեցել, ուղղակի ֆիքսենք, որ այդ կարգի սխալ կա հանձնաժողովից, ասենք` ավելի մարդ է գրանցվել, քվեաթերթիկ է կորել, լուրջ խախտումներն են դրանք», - նշեց նա:

Արդյոք դատարանը կորոշի, որ այս անճշտություններն ի վնաս «Լուսավոր Հայաստան» կուսակցության են եղել, թե ոչ, ու այդ 0,05 հարյուրերորդական տոկոսն ու դրանից բխող մեկ մանդատը կստանա արդյոք կուսակցությունը, պարզ կլինի, մի քանի օրից, բայց կուսակցության մեկ մանդատը կարող է փոխել ձայների հարաբերակցությունը Վանաձորի ավագանիում ու հետևաբար նաև քաղաքական ուժերի կշիռը համայնքապետ ընտրելիս։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG