Մատչելիության հղումներ

Վանաձորի դեռևս չգործող ավագանին արտահերթ նիստ է հրավիրել


Վանաձորի դեռևս չգործող ավագանին երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել։ Նախաձեռնությամբ հանդես են եկել ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 11 անդամները, որոնք ընտրված 33 հոգանոց ավագանու մեկ երրորդն են կազմում։

Հայտարարում են, թե նիստը գումարում են, որպեսզի ոչ թե համայնքի ղեկավար, այլ լիազոր ներկայացուցիչ ընտրեն Վարչական դատարանում ավագանու շահերը ներկայացնելու համար։

Ընտրություններից ավելի քան մեկ ամիս անց Վանաձորը համայնքի ղեկավար չունի։ Դատարանը Վանաձորի նորընտիր ավագանուն արգելել էր համայնքապետի ընտրության օրակարգով նիստ անցկացնել, քանի դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վիճարկում էր ընտրությունների արդյունքները՝ փորձելով պաշտպանել ավագանիում մանդատ ունենալու իր իրավունքը։

Թե՛ վարչական և թե՛ վերաքննիչ վարչական դատարանները մերժել են «Լուսավորի» հայցը, բայց նիստ անցկացնելու արգելքը դեռևս վերացված չէ։ Արգելքի վերացման հարցը դեռ դատարանը պետք է քննի ու որոշում կայացնի։ Մինչ այդ մի կողմից ավագանին իրավունք չունի նիստ գումարելու, մյուս կողմից չձևավորված մարմինը չի կարող դատարանում հանդես գալ որպես պատասխանող։

Իրավաբանները պատասխան չունեն այս հարցին, թե ինչպե՞ս պետք է լուծվի օրենսդրական այս թնջուկը. Վարչական դատարանն ավագանու նիստն արգելելու որոշումը կայացրել է առանց ավագանու ներկայացուցչի, մինչդեռ արգելքը վերացնելու հարցը քննելու համար լիազոր ներկայացուցիչ է պետք։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրված 15 անդամներից առաջինը՝ Մամիկոն Ասլանյանն ավելի քան մեկ ամիս է՝ կալանավորված է։ Ուշագրավ է, որ մյուս 14 անդամներից միայն 11-ն են ստորագրել նախաձեռնության տակ։ Հայտնի չէ՝ մյուս 3 անդամները չեն միացել նախաձեռնությանը, թե՞ չեն ստորագրել, քանի որ 11 ձայնն արդեն բավարար է եղել նիստը նախաձեռնելու համար։ Նրանք այսօր չպատասխանեցին մեր զանգերին։

Իսկ «Ասլանյան» դաշինքին սատարող «Հայրենիք» խմբակցությունից հաստատեցին, որ կմասնակցեն նիստին։ Նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը մեկ ամիս առաջ կալանավորվել է իր պաշտոնավարման տարիներին ապօրինի հողատարածքներ օտարելու նպատակով լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։

Նկատենք, որ քանի դեռ նա կալանավորված չէր, «Ասլանյան» դաշինքի 15 և նրան սատարող «Հայրենիք» խմբակցության 2 անդամները միասին, առանց մյուս խմբակցությունների կարող էին քվորում ապահովել և նիստ անցկացնել։ Ասլանյանի ազատազրկման պայմաններում երկու խմբակցություններն արդեն այդ հնարավորությունը չունեն, և եթե երկուշաբթի օրվա նիստին մյուս երեք խմբակցություններից գոնե մեկը չներկայանա, նիստը չի կայանա, անգամ եթե որոշվի, որ դատարանում ավագանու շահերը պաշտպանելու համար լիազոր ներկայացուցիչ ընտրելու օրակարգով նիստ գումարելու իրավունք կա։

Վանաձորի ավագանիում 9 անդամ ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ասաց՝ վաղն են պատրաստվում քննարկել և հստակեցնել իրենց դիրքորոշումը նիստին մասնակցել-չմասնակցելու հարցում։ Բայց հավանական համարեց, որ կմասնակցեն։

«Չեմ բացառում, խմբակցությունը վաղը քննարկի, որոշում կկայացնի, բայց ընդհանուր առմամբ ես որևիցե խնդիր չեմ տեսնում, օրակարգը պարզ է: Առհասարակ նիստերի մասով եթե օրենքը չի խանգարում, որևիցե խոչընդոտ չկա, ես առհասարակ խնդիր չեմ տեսնում», - ասաց Խաչատրյանը:

5 մանդատ ունեցող «ՀԱՍԿ» խմբակցության անդամ Կարեն Դավթյանն «Ազատությանն» ասաց՝ դեռ հայտնի չէ՝ ինչպես կվարվեն ու կարծիք էլ չհայտնեց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու նիստ հրավիրելու նախաձեռնության մասին։

Ավագանու ընդամենը երկու անդամ ունեցող «Ապրելու երկիր» խմբակցությունից Արտավազդ Ալավերդյանը տարակուսեց՝ ինչպես կարող է ավագանին նիստ գումարել այլ օրակարգով, եթե օրենքը սահմանում է, որ առաջին նիստում կարող է քննարկվել միայն մեկ հարց՝ համայնքի ղեկավարի ընտրությունը։

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամը միաժամանակ «Ազատությանն» ասաց՝ կգնան նիստին՝ հասկանալու, թե դեպի ուր է գնում մեկուկես ամիս առաջ ընտրված ու դեռևս իր գործառույթները չկատարող ավագանին։

«Եթե քաղաքապետարանը զգուշացրել է, բացի այդ ես տենց մեծ նշանակության չեմ տալիս նման բաներին, որովհետև ոնց հասկանում եմ, ռեալ գործ անելու համար ոչինչ չի արվում: Այ հենց որ ռեալ գործ անելու համար կգան, կասեն՝ «էսինչ բանը վերցնենք դնենք էսինչ տեղը, որ մեր քաղաքի համար լավ լինի», ես շատ ավելի ուշադիր կլինեմ: Հիմա նիստը հրավիրված է, մենք էլ ընտրված ավագան ենք: Կգա օրը երևի կգնանք, կհասկանանք՝ ինչ են անում», - ասաց Ալավերդյանը:

Վանաձորում դեռ այս աննախադեպ իրավիճակին լուծումներ չկան։ Քաղաքն, ըստ էության, կառավարիչներ չունի ավելի քան մեկ ամիս։

Մինչև այսօր միայն «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է հայտարարել, որ համայնքի ղեկավարի ընտրության դեպքում կառաջադրեն Ասլանյանի թեկնածությունը, անգամ եթե նա կալանքի տակ լինի։ «Հայրենիք» խմբակցության երկու անդամները կսատարեն նրան։ Մյուս խմբակցությունները չեն հայտարարել իրենց թեկնածու առաջադրելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG