Մատչելիության հղումներ

Վանաձորի նախկին համայնքապետի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց


Դատարանը որոշեց երկու ամսով երկարացնել Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը։ Նա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով կալանավորված է դեկտեմբերի կեսերից։

Մի քանի օր առաջ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ լրացվել է նրա մեղադրանքը պաշտոնավարման տարիներին կատարած ենթադրյալ հանցանքների նոր դրվագներով։ Մասնավորապես իրավապահները նոր փաստեր էին հրապարակել, ըստ որոնց նախկին համայնքապետն անցած 5 տարիներին մի շարք հողատարածքների դեպքում համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն է արել և ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, սեփականաշնորհման ոչ ենթակա հողերը դարձրել հասարակական կառուցապատման տարածքներ, որի դեպքում թույլատրվել է դրանց աճուրդ-վաճառքը։

Ծանր հանցանքների մեջ մեղադրվող Մամիկոն Ասլանյանի փաստաբանները անհիմն են համարում թե՛ մեղադրանքը և թե՛ կալանքը երկարացնելու որոշումը, և մտադիր են բողոքարկել այն։ Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո, որի արդյունքներով նրա գլխավորած դաշինքն ամենաշատ թվով ձայներն էր ստացել, և հավանական էր, որ ավագանի անցած «Հայրենիք» կուսակցության աջակցությամբ կարող էր համայնքապետ ընտրվել։ Ընտրություններից երկու ամիս անց դեռ ավագանին համայնքի ղեկավար չի ընտրել։ Դատարանն ընտրություն անցկացնելու արգելք է սահմանել։

XS
SM
MD
LG