Մատչելիության հղումներ

ՔԿ-ն դիմել է դատարան՝ Մամիկոն Ասլանյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու պահանջով, մեղադրանքը լրացվել է


Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, արխիվ
Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, արխիվ

Քննչական կոմիտեն հաղորդում է, թե նոր ապացույցներ է ձեռք բերել Վանաձորի նախկին համայնքապետին առաջադրված մեղադրանքի առնչությամբ։ Իրավապահ կառույցը դիմել է դատարան դեկտեմբերի 15-ից անազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու պահանջով։

Նախկին քաղաքապետը մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Լրացված մեղադրանքում քննիչները նշել են, որ Մամիկոն Ասլանյանն անցած 5 տարիներին մի շարք հողատարածքների դեպքում համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն է արել և ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, սեփականաշնորհման ոչ ենթակա հողերը դարձրել հասարակական կառուցապատման տարածքներ, որի դեպքում թույլատրվել է դրանց աճուրդ-վաճառքը։

Նախնական մեղադրանքում ևս հողհատկացումներին առնչվող ենթադրյալ ապօրինություններ էին նշված։ Ուշագրավ է, որ լրացված մեղադրանքում նշված է նաև Վանաձորի գլխավոր ճարտարապետի մասին, որը պաշտոնավարում է մինչև այսօր։ Քննչականի հաղորդագրության մեջ ասվում է, որ Ասլանյանը հենց նրա կազմած կեղծ տեղեկանքն է ստորագրել այն մասին, թե իբր, հիշյալ հողամասերն ընդգրկված չեն օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում։ Դրա հիման վրա հողատարածքները դարձրել են բնակելի՝ հասարակական կառուցապատման թույլտվությամբ, որի դեպքում արդեն համայնքի ղեկավարը հնարավորություն է ստացել դրանք աճուրդի, որոշ դեպքերում նաև ուղղակի վաճառքի ձևով օտարել իր կողմից նախընտրելի անձանց, պնդում են իրավապահները:

Մամիկոն Ասլանյանի օրոք գլխավոր ճարտարապետի պաշտոնն զբաղեցրած և մինչև օրս պաշտոնավարող Սուրեն Աբովյանն «Ազատությանն» ասաց՝ նախաքննության շրջանակներում իրեն ևս հարցաքննել են, բայց հրաժարվեց մանրամասներ հայտնել։

«Քննչական մարմնի վարույթում է, գնում է քննություն, հետագայում նաև այլ իրավական պրոցեսներ կլինեն՝ հավանաբար դատարան և այլն, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել», - ասաց Աբովյանը՝ հավելելով, - «Ինչ փաստաթուղթ էլ, որ կազմվում է, ստուգվում ու կազմվում է օրենքին համապատասխան: Հիմա եթե ինչ-որ ստուգող մարմիններ գտնում են, որ խնդիր կա, դա արդեն իրավական գործընթաց է սկսվում՝ ստուգելու համար՝ ես կամ այլ պաշտոնյա սխալվել է, թե՝ ոչ»:

Նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է դեկտեմբերի 5-ի տեղական ընտրություններից հետո, երբ նորընտիր ավագանին պետք է նիստ գումարեր ու համայնքապետ ընտրեր։ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը ամենաշատ թվով ձայներն էր ստացել ու հավանական էր, որ հենց նա էլ համայնքի ղեկավար կդառնար։ Ասլանյանի կողմնակիցները պնդում են, թե նրա կալանքը կապված էր ընտրությունների հետ, և որ իշխանությունները ամեն ինչ անում են նրա համայնքի ղեկավար դառնալը կանխելու համար։ Այժմ էլ, ըստ նրա փաստաբան Արտակ Ոսկանյանի, մեղադրանքը լրացվել է, նախկին համայնքապետի կալանքի ժամկետը երկարաձգելու համար։

«Փորձում են նման ֆոն ստեղծել, որ տեսեք, այս ընթացքում մենք պարզել ենք, որ մի քանի դրվագ ևս առերևույթ հանցավոր արարքներ կան կատարված», - ընդգծեց Ոսկանյանը:

Փաստաբանի պնդմամբ, քննիչներն իրավունք չունեն կասկածի տակ առնելու տեղական ինքնակառավարման մարմինների կայացրած որոշումների օրինականությունը։ Դա կարող է գնահատվել բացառապես դատական կարգով: Սա Սահմանադրական դատարանի որոշումն է, ասում է Արտակ Ոսկանյանը։

«Քննչական մարմինը գտնում է, որ համայնքի ղեկավարն ընդունել է անօրինական որոշում, քննչական մարմինը տվյալ դեպքում յուրացրել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի լիազորությունները: Այսինքն՝ քննչական մարմինն ինքն է որոշում՝ վարչական ակտը իրավաչափ է, թե՝ ոչ», - ասաց փաստաբանը:

Երկու օր առաջ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հրավիրած մամուլի ասուլիսում պնդել էր, թե բացի արդեն իսկ հրապարակվածից, կան այլ բազմաթիվ փաստեր Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման տարիներին կատարված անօրինականությունների մասին։ Նա դեռ անցած տարվա սեպտեմբերին մարզպետարանում ստեղծված հատուկ վերահսկողական հանձնաժողովի կողմից հայտնաբերած անօրինությունները խայտառակություն էր որակել։

«Այո, մենք պետք է թույլ չտանք, որ այդ մարդիկ այդ ապօրինությունները, այդ չարաշահումները շարունակեն: Ասեմ ավելին՝ արածի համար էլ պետք է պատասխան տան, թող սա ականջներին օղ անեն», - նշել է Խաչատրյանը:

Դեռ հայտնի չէ, թե երբ դատարանը կքննարկի նախկին համայնքապետի կալանքը երկարաձգելու մասին Քննչական կոմիտեի դիմումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG