«Ազատությունն» ամփոփել է 44-օրյա պատերազմն ըստ 6 շաբաթների։ Առաջին մասում ներկայացվել է պատերազմի մեկնարկը, Մատաղիսի անկման շուրջ հակասական մեկնաբանություններն ու թուրքական գործոնի ընդգծումը։ Երկրորդ մասում «Ազատությունը» պատմում է Ջաբրայիլի անկման, Հադրութում գործողությունների մասին: Երրորդ մասը նվիրված է Հադրութի կորստին և հաջորդած իրադարձություններին: Չորրորդ մասում ներկայացված է իրադրությունը հարավային ուղղությամբ, հայկական ուժերի նահանջը: Հինգերորդ մասում «Ազատությունը» պատմում է Շուշիի գրավման փորձերի և ռազմական գործողությունները կանգնեցնելուն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների մասին:
Պատերազմի վերջին՝ վեցերորդ շաբաթը հայկական զորքերը դիմավորեցին Մարտունիի, Լաչինի և Շուշիի մատույցներում։ Եվ եթե Մարտունիում ու Լաչինի մերձակայքում ադրբեջանական ուժերի առաջխաղացումը հաջողվում էր զսպել, ապա Շուշիի ուղղությամբ նոյեմբերի սկզբին իրադրությունը վատթարանում էր գրեթե ժամ առ ժամ։
Ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները անտառապատ տարածքներով դեպի Շուշի սկսեցին շարժվել Հադրութի անկումից անմիջապես հետո՝ աստիճանաբար, մեկը մյուսի հետևից գրավելով Լեռնային Ղարաբաղի կենտրոնական շրջաններում գտնվող գյուղերը։ Հոկտեմբերի 27-ին ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ անցավ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, հաջորդ օրը՝ Սղնախը։ Նոյեմբերի սկզբին արդեն ադրբեջանական ուժերը Քարինտակի մատույցներում էին՝ Շուշիի անմիջական հարևանությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտունին գիշերը ռմբակոծվել է, Ասկերանը` հրետակոծվել, հայտնում է ԱԻ պետական ծառայությունըԱյդ օրերին Շուշիի մերձակայքում ծավալված ռազմական գործողությունները առավել մանրամասնորեն լուսաբանում էին ռուսաստանցի զինվորական լրագրողները։ Հայաստանի և Ղարաբաղի պաշտոնական մարմինները նրանց առաջնագծում աշխատանքի անհամեմատ ավելի մեծ ազատություն էին շնորհել, քան հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Եվ հենց ռուսաստանյան՝ Anna News կայքի նկարահանող խումբն էր, որ նոյեմբերի 2-ին՝ Շուշիի մերձակայքում բախվեց անտառապատ բլուրների գագաթներով շարժվող ադրբեջանական ստորաբաժանումներին, որոնց, տեսանյութից դատելով, ռազմաճակատի այդ հատվածում այնքան էլ չէին սպասում։
Ու թեև ադրբեջանական ուժերի առաջխաղացումը Շուշիի ուղղությամբ տեսանելի էր անզեն աչքով, Երևանում շարունակում էին պնդել՝ վիճակը ծանր է, բայց՝ ոչ օրհասական։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է, հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը«Մենք մի ելք ունենք, մի ելք՝ հաղթել։ Ուրիշ տարբերակ մենք չունենք։ Մենք 90-ականներին էլ ենք եղել ծանր կացության մեջ։ Մենք նույն վիճակում ենք եղել 1918 թվականին։ Եվ հիմա էլ էդ վիճակում ենք։ Ընդ որում՝ էս վերջին օրերին շատ ավելի բարվոք [վիճակում ենք], քան պատերազմի առաջին օրերին և առավել ևս 90-ական թվականներին», -նոյեմբերի 2-ին «Ազատության» եթերում հայտարարում էր Արծրուն Հովհաննիսյանը։
Չնայած այս հավաստիացումներին՝ պատերազմի վերջին օրերին զգացվում էր՝ հանրային տրամադրությունները Հայաստանում դանդաղորեն, բայց փոխվում են։ Ի տարբերություն ռազմական գործողությունների առաջին շաբաթների, նոյեմբերի սկզբին Արծրուն Հովհաննիսյանը ստիպված էր լինում նաև բավական կոշտ հարցադրումների պատասխանել։
2020 թվականի նոյեմբերի 2-ին «Ազատության» եթերում հեռարձակված «Ֆեյսբուքյան ասուլիս» ծրագրի ընթացքում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե պատերազմին նախորդած թուրք-ադրբեջանական զորավարժությունները, թուրքական օդուժի վերատեղակայումը Ադրբեջանում, Երևանում ԱՄՆ դեսպանատան հայտնի նախազգուշացումը արդյոք բավարար չէի՞ն հասկանալու համար, որ լայնածավալ պատերազմն անխուսափելի է և պետք է 100 տոկոսով պատրաստ լինել դրան՝ Հովհաննիսյանը նշել էր. - «Իսկ ո՞վ ասաց, որ մենք պատրաստ չէինք դրան։ Որևէ մեկը չի կարող ասել և առավել ևս ապացուցել, որ մենք պատրաստ չէինք այս պատերազմին: Եթե թշնամուն հաջողվել է որոշակի տարածքներում առաջ գալ, դա չի նշանակում, որ մենք 100 տոկոսով պատրաստ չէինք։ Իրենց պատկերացմամբ, եթե մենք 100 տոկոսով պատրաստ լինեինք՝ ի՞նչ է, պետք է մի միլիմետր հետ չքաշվեի՞նք»:
Ու չնայած օղակը Շուշիի շուրջ գնալով ավելի էր սեղմվում, պաշտոնական քարոզչությունը անգամ պատերազմի վերջին օրերին հանրությանը հաղթական նոր ուղերձներ հղելուց չէր խորշում։
Օրինակ, նոյեմբերի 3-ին՝ պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարության ստորագրումից ընդամենը վեց օր առաջ, կառավարությանը կից գործող Միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրվեց մի տեսանյութ, որում մոտ մեկ տասնյակ երիտասարդ տղամարդիկ, զենքը ձեռքին երգում էին և պարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կեսգիշերից հետո, ըստ Արցախի ԱԻՊԾ-ի, Շուշիի ուղղությամբ կիրառվել է ծանր հրետանի, քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներԹիկունքում ոգին բարձր պահելու այս փորձերը, սակայն, ռազմաճակատում տիրող կացության վրա որևէ ազդեցություն ունենալ չէին կարող։ Նոյեմբերի 4-ին հայկական ուժերը ստիպված էին նահանջել նաև Շուշիի հարավային դարպասը համարվող Քարինտակ գյուղից։
Նույն օրը Պաշտպանության բանակը հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող երկու ճանապարհներից մեկով՝ Ստեփանակերտ-Լաչին-Գորիս մայրուղով՝ քաղաքացիական մեքենաների երթևեկությունը դադարեցնելու մասին։ Պաշտոնական աղբյուրները, սակայն, պնդում էին, թե դա ոչ թե նահանջ է, այլ կրկին պայքար ադրբեջանցի դիվերսանտների դեմ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շուշիի ուղղությամբ գրոհած ադրբեջանական դիվերսիոն խմբի մնացորդների ոչնչացումը շարունակվում է, հայտնում է ՊՆ-ն«Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբ էր փորձել Շուշիի ուղղությամբ գործողություններ ձեռնարկել, սակայն հավաստանշվել էր, և բանակային ստորաբաժանումների ու կամավորականների գրագետ և ճշգրիտ գործողությունների արդյունքում մեծաթիվ կորուստներ են ունեցել: Բնականաբար, խմբի որոշ մնացորդներ կարողացել են պատսպարվել անտառում, որոշ խմբերի տեղն արդեն հավաստանշված է, և այդ ուղղությամբ գործողություններ ընթանում են: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակի հայտարարությանը, որով նշվում է, որ այդ հավանական ներթափանցման ուղղություններում իրականացվող որոնողական գործողություններով պայմանավորված Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար են ժամանակավորապես փակ, ապա պետք է նշեմ՝ քանի որ այդ ներթափանցած խմբերը ցրված են անտառով և գործողությունները շարունակվում են, ելնելով անվտանգությունից, ուղղակի նպատակահարմար չէ, որպեսզի քաղաքացիականները այդ ճանապարհով երթևեկեն», - նոյեմբերի 4-ին հայտարարում էր Պաշտպանության նախարարության խոսնակը:
Իրականությունը, սակայն, այլ էր։ Նոյեմբերի 4-ին ադրբեջանական ուժերի մի մասը, հարավից շրջանցելով Շուշին, ընդհուպ մոտեցել էր Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին։1992 թվականից ի վեր առաջին անգամ ադրբեջանական զորքերը կարողացել էին վերահսկողություն սահմանել Ղարաբաղը Հայաստանին կապող ռազմավարական այս ճանապարհի հատվածներից մեկի նկատմամբ։ Ղարաբաղում այդ օրերին շրջանառվող լուրերի համաձայն՝ ադրբեջանական բանակը նաև հաջողությամբ կարողանում էր Հադրութի կողմից՝ անտառներով սնուցել իր ստորաբաժանումները՝ նոյեմբերի առաջին օրերին Շուշիի մատույցներում մի քանի հազարանոց զորախումբ կենտրոնացնելով։
Հայկական կողմը, որ դրանից ընդամենը երկու շաբաթ առաջ մերժել էր ադրբեջանցի փախստականների՝ Շուշի վերադառնալու դիմաց ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկը, այժմ ստիպված էր քաղաքի մատույցներում մարտեր մղել զինված ադրբեջանցիների դեմ։
Եվս մեկ օր հետո՝ նոյեմբերի 5-ին, Ստեփանակերտում ստիպված էին խոստովանել՝ Շուշին պաշտպանող հայկական ուժերը շրջապատված են։ Այս մասին 2020 թվականի նոյեմբերի 5-ին, Շոշ գյուղի դպրոցում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը։
Խորհրդակցության մասին այս տարվա հոկտեմբերին մանրամասնորեն գրեց «Հետք» պարբերականը՝ նաև կարճ մի տեսանյութ հրապարակելով, որից պարզ էր դառնում, որ նոյեմբերի 5-ին Շոշում գործիչների բավական խայտաբղետ մի կազմ է հավաքված եղել՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանից մինչև Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Արդեն հակառակորդը Շուշին շրջափակել է։ Վաղվա մեր գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը», - Շոշում կայացած այդ խորհրդակցության ժամանակ հայտարարում էր Սամվել Բաբայանը։
«Հետքը», վկայակոչելով նոյեմբերի 5-ի խորհրդակցության մասնակիցներին, պնդում էր, որ դրա ընթացքում որոշվել էր հաջորդ օրն արդեն Շուշիից հարավ ընկած գյուղերի՝ առաջին հերթին Սղնախի ուղղությամբ անակնկալ հակահարված նախաձեռնել։ Այն, ըստ Սամվել Բաբայանի, հնարավորություն կտար կտրել այստեղ կենտրոնացած հակառակորդի ուժերի մատակարարման ուղիները՝ ադրբեջանական ստորաբաժանումներին փաստորեն շրջապատման մեջ գցելով։
«Նոյեմբերի 6-ի առավոտյան ժամը յոթին նշանակված այդ հակահարձակումը, սակայն, տապալվեց դեռ չմեկնարկած», - գրում է «Հետքը», մանրամասնելով, որ գործողության համար առանձնացված հայկական ստորաբաժանումներից մի քանիսը ելման դիրքեր պարզապես չէին ներկայացել։
Ըստ երևույթին, 44-օրյա պատերազմի այս վերջին չկայացած բեկումն էր այն որոշիչ պահը, որ կանխորոշեց Շուշիի անկումը։ Բայց նույնիսկ այն իրավիճակում, երբ զորքերի մի մասն այլևս չէր կառավարվում, Երևանից շարունակում էին վստահորեն հայտարարել՝ հայկական ուժերը հաջողությամբ դիմակայում են ադրբեջանական հարձակմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ ներկայացուցիչը նշում է՝ հայոց պատմության մեջ «անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր»«Եթե 1992 թվականին մայիսի 8-ը նշվել է, որպես Շուշիի ազատագրման օր, ապա անցնող օրերը Հայոց պատմության մեջ կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր։ «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է», -2020 թվականի նոյեմբերի 6-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարում էր Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցչի այս հայտարարություններից մոտ 12 ժամ անց, սակայն արձանագրվեց այս պատերազմը ամենադրամատիկ դրվագներից մեկը։ Նոյեմբերի 7-ի կեսօրին սկսվեց Ստեփանակերտի խուճապային տարհանումը։
Հայկական լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի հազարավոր բնակիչների այս փախուստի մասին որևէ տեղեկություն այդպես էլ չհաղորդեցին։ Ի վերջո պետք չէր մոռանալ՝ ռազմական դրությունը և դրանից բխող սահմանափակումները դեռ որևէ մեկը չէր չեղարկել։
Փոխարենը շարքային ստեփանակերտցիների հետ քաղաքից դեպի հյուսիս՝ դեպի Մարտակերտ-Վարդենիս ճանապարհն էին հեռանում նաև պատերազմը լուսաբանող արևմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչները և հենց նրանք էին, որ առաջինը աշխարհին պատմեցին դատարկվող Ղարաբաղի մասին։
Այդ լրագրողների թվում էր նաև ֆրանսիական Le Monde-ի թղթակից Ռեմի Ուրդանը, որն այսպես էր նկարագրում 2020 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձությունները։
«Շաբաթ օրը ժամը 15-ից սկսած հարյուրավոր մեքենաներ այնպիսի ինտենսիվությամբ, այնպես խուճապահար էին սլանում, որ ճանապարհի որոշ հատվածներում խցանումներ գոյացան։ Ճամփեզրին կանգնած զինվորները զարմանքով և նույնիսկ զզվանքով էին հետևում այս խելահեղ շարասյանը», - գրում էր ֆրանսիացի լրագրողը` պնդելով, որ հապշտապ տարհանման հրամանի հեղինակը Ղարաբաղի իշխանություններն էին։
Ըստ ֆրանսիական թերթի, բնակչությանը տարհանելու գլխավոր պատճառներից մեկը ղարաբաղցի պաշտոնյաների մոտ առկա այն մտավախությունն էր, որ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները կարող են Շուշիի կողմից ներթափանցել Ստեփանակերտի արվարձաններ։
«Երբ այս ծանր մարտերը ընթանում են, և Շուշին դիմադրում է մինչև վերջ, հայ զորականը պայքարում է մինչև վերջ, մեր բոլորիս պարտքն է հավատալ հայ զինվորականին, վստահել հայ զինվորականին։ Եվ այս պահին տեղին չեն որևէ տեսակի այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները», - նոյեմբերի 7-ին հայտարարում էր Արծրուն Հովհաննիսյանը։
Մի քանի ժամ անց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակեց գրեթե ամբողջությամբ դատարկված Ստեփանակերտի կենտրոնում արված իր հայտնի լուսանկարը՝ ուղեկցելով այն հետևյալ գրությամբ. «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը»։
Եվ եթե հայերի համար պատերազմի 43-րդ օրը իրոք ամենածանրերից մեկն էր, ապա Ադրբեջանի հանրությունը նոյեմբերի 8-ին հանկարծ հայտնաբերեց՝ եկել է այն պահը, որի անխուսափելիության մասին պետական քարոզչությունը խոսում էր գրեթե 30 տարի։
«Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ և քույրեր, անսահման հպարտությամբ հայտարարում եմ, որ Շուշին ազատագրված է։ Մենք հաղթել ենք ռազմի դաշտում, այլ ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, բանակցություններ, որոնք պարզվեց, իմաստազուրկ էին», - նոյեմբերի 8-ի կեսօրին հեռարձակված ուղերձում հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։
Իլհամ Ալիևի այս ելույթից հաշված րոպեներ անց հազարավոր մարդիկ արդեն Բաքվի փողոցներում էին՝ ադրբեջանական և թուրքական դրոշներով։
Հայաստանում, սակայն, Ալիևի այս հայտարարությունն ու Բաքվում մեկնարկած տոնակատարությունները ընդունեցին ակնհայտ թերահավատությամբ:
Պատերազմի ավարտից մեկ օր առաջ Ալիևի՝ Շուշիի գրավման մասին Twitter-ում արված գրառման տակ տասնյակ հայ օգտատերեր ծաղրում էին Ադրբեջանի ղեկավարին՝ պնդելով, որ նա նույն հաջողությամբ կարող է հայտարարել Մարս կամ Յուպիտեր մոլորակների գրավման մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահի խոսնակը հայտնում է՝ «Շուշին դուրս է հայկական կողմի վերահսկողությունից». ՀՀ ՊՆ-ն առայժմ չի մեկնաբանումՆոյեմբերի 9-ին, ռազմական գործողությունների ավարտից մի քանի ժամ առաջ, հայ հանրության շրջանում տիրող լավատեսական տրամադրությունները կոտրելու վերջին փորձը կատարեց Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
«Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս», - գրել էր Պողոսյանը՝ ակնթարթորեն արժանանալով ֆեսբուքյան օգտատերերի լուտանքներին և քննադատությանը։ Ոմանք նույնիսկ ամենայն լրջությամբ սկսեցին պնդել, թե Պողոսյանի էջը ադրբեջանցի հաքերների հարձակման թիրախ է դարձել։ Ղարաբաղի նախագահի խոսնակը, սակայն, մի քանի ժամ անց վերահաստատեց իր պնդումը։
Դրանից քիչ անց էլ Վահրամ Պողոսյանի հայտարարությունը հաստատող տեսանյութ հրապարակվեց։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված երկու րոպեանոց տեսանյութից պարզ էր դառնում, որ Շուշի մուտք գործած ադրբեջանցի զինվորականները քաղաքում իրենց ավելի քան ազատ են զգում՝ անարգել տեղաշարժվում են և նույնիսկ հասցրել են Ադրբեջանի պետական դրոշը բարձրացնել Շուշիի վարչակազմի շենքի կտուրին։
Եվ որքան էլ Երևանում պնդեին, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են, պատերազմն անշեղորեն մոտենում էր ավարտին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ծանրագույն հետևանքներով։
Ռազմական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայման մասին հայտնի դարձավ նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան։ Պատերազմի մասին տեսախցիկների առջև, սակայն, հայտարարություններով էին հանդես գալիս փաստաթուղթը ստորագրած երեք գործիչներից միայն երկուսը՝ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Փաշինյանի, որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ոչ միայն այսօրվա ռազմական իրադրությունն, այլ հնարավոր շարունակությունըՆիկոլ Փաշինյանի պատերազմի ավարտի մասին հայ հանրությանը տեղեկացրեց ֆեյսբուքյան գրառմամբ և այդ գիշեր հեռուստաէկրաններին այդպես էլ չհայտնվեց։ Ընդհանրապես հետպատերազմական առաջին գիշերը տպավորություն էր թողնում, որ պարտությանը հաջորդել է նաև անիշխանությունը։
Եռակողմ փաստաթղթի ստորագրման դեմ բողոքող ցուցարարները կեսգիշերն անց գրավեցին կառավարության և Ազգային ժողովի շենքերը, դաժան ծեծի ենթարկվեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը։
Եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պարտավորվում էր հաշված օրերի ընթացքում զորքերը դուրս բերել Ղարաբաղին հարող այն շրջաններից, որոնք դեռ հայկական վերահսկողության ներքո էին։ Լաչինի շրջանից մնում էր 5 կիլոմետրանոց նեղ մի միջանցք, որի վերահսկողությունը հայկական կողմը զիջում էր ռուսաստանցի զինվորականներին։ Փաստաթուղթը, սակայն, միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէր, դրանում նաև Հայաստանի տարածքին վերաբերող դրույթներ կային։ Երևանը պարտավորվում էր անխափան տրանսպորտային կապ երաշխավորել Նախիջևանի ինքնավարության և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև՝ կապ, որը ևս պետք է վերահսկեին ռուսաստանցի զինվորականները։
Եվ անգամ խաղաղապահների առաջին շարասյուներից մեկն ուղեկցող ռուսական ռազմական ուղղաթիռի՝ Նախիջևանի տարածքից խոցումն այլևս ի վիճակի չէր որևէ բան փոխել։
Հայաստանը պարտվել էր՝ ստորագրելով մի փաստաթղթի տակ, որ ավել վատն էր, քան երբևիցե բանակցությունների սեղանին դրված անգամ ամենավատ և ոչ հայանպաստ առաջարկը։ Այս ամենի ֆոնին 2020-ի նոյեմբերի 10-ին ամենից հաճախ հնչող հարցը մեկն էր՝ հնարավո՞ր էր արդյոք կանխել պատերազմը։ Այս հարցին վարչապետ Փաշինյանը փորձեց պատասխանել պատերազմի ավարտից մոտ 24 ժամ անց։
«Պետք է ասեի՝ սիրելի հայրենակիցներ, մենք ունենք էսպիսի տարբերակ՝ կա՛մ մենք հինգ տարածքներ վերադարձնում ենք առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման, կա՛մ ունենում ենք պատերազմ։ Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը, երբ ես գալիս եմ և ասում եմ՝ ժողովուրդ ջան, գիտեք ինչ, մենք ունենք այ էսպիսի իրավիճակ, սա է մեր ընտրությունը։ Ինչի՞, դուք ասելու էիք՝ հա, էս ինչ լավ բան ես ասում, բա ինչի՞ շուտ չէիր ասում, մենք էլ տենց բանի էինք սպասում։ Իհարկե, ասելու էիք՝ ոչ, ասելու էիք՝ ոչ, և ես էլ լինեի ձեր տեղը՝ էլի ասելու էի՝ ոչ։ Եվ արդյունքում մենք ունենալու էինք նույն բանը», -2020 թվականի նոյեմբերի 10-ին «Զրույց քաղաքացու հետ» վերնագրված ֆեյսբուքյան ուղերձում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակը շարունակաբար պնդել է զինադադար ձեռք բերելու անհրաժեշտության մասին. ՓաշինյանՀրադադարի առաջին օրը հանրությանը դիմեց նաև Ղարաբաղի նախագահը։ Արայիկ Հարությունյանն իր առաջին հետպատերազմյան ուղերձում նշում էր, որ ծանրագույն պայմաններով կնքված հրադադարի այլընտրանքը Ստեփանակերտի և ողջ Լեռնային Ղարաբաղի կորուստն էր։
«43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք՝ Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի և Զանգելանի շրջանները, Հադրութի շրջանը՝ հիմնականում, Մարտունում շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից [մի մաս] և ամենագլխավորը՝ Շուշին։ Մարտերը ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կիլոմետր հեռավորության վրա։ Եթե մարտական գործողությունները շարունակվեին այդ տեմպերով՝ օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը», - նոյեմբերի 10-ի ուղերձում հայտարարում էր Լեռնային Ղարաբաղի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արայիկ Հարությունյանը հայտարարում է՝ «ստիպված են» եղել կայացնել երեկվա որոշումըԱրայիկ Հարությունյանը նաև դարձավ առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան, որ ռազմական գործողությունների ավարտին բաց տեքստով հայտարարեց՝ պատերազմի ողջ ընթացքում հայ հանրությանը չեն ներկայացրել ռազմաճակատում տիրող իրական կացությունը՝ երբեմն անգամ բացահայտորեն ստել են։
«Վիճում էին՝ Շուշին մեր ձեռքո՞ւմ է, թե՞ չէ, բայց Շուշիի վերահսկողությունը մենք հիմնականում կորցրել ենք նոյեմբերի 5-ից, ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից», - հայտարարում էր Հարությունյանը։
Իսկ ռուսաստանյան զորախումբը, հատելով Լաչինի միջանցքը, շարունակում էր մուտք գործել Ղարաբաղ։
Տեսարանը, որին ականատես դարձան ռուսաստանցի զինվորականները Շուշիի մերձակայքում, կդառնա այս պատերազմի ամենատխուր խորհրդանիշերից մեկը։
Ռազմական գործողությունների ավարտից երեք օր անց Շուշի տանող ճանապարհին, բաց երկնքի տակ դեռ շարունակում էին մնալ 44-օրյա պատերազմի վերջին ճակատամարտի ընթացքում զոհված տասնյակ հայ զինվորականների դիերը։
Պատերազմն ավարտված էր, առջևում էին Քելբաջարի և Աղդամի հանձնումը, Բաքվում կազմակերպված հաղթանակի շքերթը և Հայաստանում սկիզբ առած ներքաղաքական ճգնաժամի երկարուձիգ ամիսները։