Մատչելիության հղումներ

Շուշիի ուղղությամբ գրոհած ադրբեջանական դիվերսիոն խմբի մնացորդների ոչնչացումը շարունակվում է, հայտնում է ՊՆ-ն


Անցած գիշեր Շուշիի ուղղությամբ գրոհ ձեռնարկած ադրբեջանական դիվերսիոն խմբի մնացորդների հայտնաբերումն ու ոչնչացումը շարունակվում է, երեկոյան «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Օրվա ավարտին հայտարարությամբ էր հանդես եկել Արցախի պաշտպանության բանակը, թե բանակի ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ, այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:

«Նախ տեղեկացնեմ, որ ռազմաճակատում շարունակում է իրավիճակը մնալ կայուն-լարված, շարունակվում են ընթանալ հակառակորդի դիվերսիոն խմբի մնացորդների որոնողական աշխատանքները և ոչնչացման գործողությունները: Ինչպես գիտեք, կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբ էր փորձել Շուշիի ուղղությամբ գործողություններ ձեռնարկել, սակայն հավաստանշվել էր, և բանակային ստորաբաժանումների ու կամավորականների գրագետ և ճշգրիտ գործողությունների արդյունքում մեծաթիվ կորուստներ են ունեցել: Բնականաբար, խմբի որոշ մնացորդներ կարողացել են պատսպարվել անտառում, որոշ խմբերի տեղն արդեն հավաստանշված է, և այդ ուղղությամբ գործողություններ ընթանում են: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակի հայտարարությանը, որով նշվում է, որ այդ հավանական ներթափանցման ուղղություններում իրականացվող որոնողական գործողություններով պայմանավորված Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար են ժամանակավորապես փակ, ապա պետք է նշեմ՝ քանի որ այդ ներթափանցած խմբերը ցրված են անտառով և գործողությունները շարունակվում են, ելնելով անվտանգությունից, ուղղակի նպատակահարմար չէ, որպեսզի քաղաքացիականները այդ ճանապարհով երթևեկեն», - ասաց ՊՆ խոսնակը:

Էլ ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ:

Պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում ադրբեջանական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը, Արցախի ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, կասեցրել են հարձակումը։ Ժամը 12:55-ի սահմաններում ադրբեջանական ուժերը նույն ուղղությամբ ձեռնարկել են հերթական հարձակումը և դարձյալ հետ են շպրտվել ելման դիրքեր։

Ըստ Արցախի ռազմական գերատեսչության, գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում, Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG