Մատչելիության հղումներ

Ըստ Փաշինյանի, որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ոչ միայն այսօրվա ռազմական իրադրությունն, այլ հնարավոր շարունակությունը


«Այս որոշումը կայացվել է այն ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում և այն մարդկանց գնահատականի և նրանց լսելու արդյունքում, ովքեր ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին», - ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ստորագրված հայտարարությանը։

«Մենք պետք է հասկանանք մի բան, որ, ըստ էության, մեր փառապանծ բանակն այսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի և Ադրբեջանի դեմ, և ինչո՞ւ չենք կարողացել մենք այնպես անել, որ այսօրվա թուղթն ուրիշ բովանդակություն ունենա, որովհետև 25 տարի սեղանի շուրջ խմել ենք մեր զինվորի, բանակի կենացը, և սեղանին դրված հացը, որոշ մարդկանց մասին ա խոսքը, գնված է եղել գողացած փողով, մենք իմացել ենք, բայց ախորժակով կերել ենք, խմել ենք, զինվորին պահել ենք թերմացքներով, 80-ականների զենքերով, և մեր հույսն էն ա եղել, որ կռուտիտ կլինենք, դրա վերջը գալիս ա ի վերջո, իսկ մենք բոլորս վերջի մասին չենք մտածել», - ասաց վարչապետը։

Նա ընդգծեց՝ ոչ թե գնացել և բանակցային ժառանգությունն է վերցրել, այլ փորձել է պատրաստվել այսօրվան և արել հնարավորն այս երկուսուկես տարիների ընթացքում։ «Մեր բանակը 44 օր պատվով կռվում է՝ կրելով անթիվ զրկանքներ։ Ես էլի եմ ասում, ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների առաջ, նրանց մայրերի, հայրերի, կանանց, երեխաների առաջ, ես նաև նրանցից ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողացել իրենց գործը պատշաճ մակարդակով շարունակել, բայց մենք այս որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, բայց ոչ միայն այսօրվա, այլ [հաշվի առնելով] հնարավոր շարունակությունը», - ասաց Փաշինյանը՝ կոչ անելով չտրվել սադրանքների։

«Ես ցավում եմ, որ մանրամասն չեմ կարող ամեն ինչի մասին ասել, չեմ կարող, որովհետև իրավիճակը ռազմաճակատում դեռ կայուն չէ, և չպետք է այնպես անենք, որ վնասենք», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Նա, ով պատասխանատու է, պատասխանատվությունից չի փախչի, այդ թվում և ես, եթե պատասխանատում եմ»։

Փաշինյանն ասաց՝ իրավիճակի կայունությունից՝ մոտ մեկ շաբաթ հետո ամեն ինչ մանրամասն կներկայացնի։ «Վստահ եղեք, որ ես, իմ կառավարությունը հնարավոր ամեն ինչ արել ենք, որ մենք այսպիսի արդյունքի չհանգենք, ինչո՞ւ դա չի ստացվել, դա է ամենակարևոր խնդիրը և դրա մասին է, որ պետք է տեղի ունենա մանրամասն խոսակցություն», - եզրափակեց վարչապետը։

Նոյեմբերի 9 ին, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։

Ըստ հայտարարության, Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի դաշնության խաղաղապահ ուժեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG