Մատչելիության հղումներ

Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ Շուշի- Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել, ադրբեջանական կողմը կորուստներ կրելով նահանջել է


Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը հրապարակել է պատերազմում զոհված ևս 44 զինվորականների անուններ: Հայկական կողմը ռազմական գործողությունների 44-րդ օրը պաշտոնապես հայտնել է 1216 զոհի մասին։

Ադրբեջանական կողմը, մինչդեռ, իր մարդկային կորուստների մասին չի բարձրաձայնում՝ պատճառաբանելով, թե դա ռազմական գաղտնիք է։

Արցախի պաշտպանության բանակը նաև հայտնում է՝ այս գիշեր Շուշի- Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել, հայկական կողմի հաղորդմամբ՝ այդ հատվածում ադրբեջանական կողմը մեծ կորուստներ կրելով նահանջել է։

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, ուղերձով դիմելով ժողովրդին, հայտարարեց Շուշին գրավելու մասին, մինչդեռ հայկական կողմը ընդգծում է, որ Ղարաբաղի մեծությամբ երկրորդ քաղաքը կողմերից որևէ մեկի լիարժեք վերահսկողության տակ չէ, մարտերն այնտեղ շարունակվում են։

Այսօր ֆեյսբուքյան գրառմամբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ վաղ առավոտյան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր՝ «ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին»։

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կեսօրին տեղեկացրեց, որ Շուշիի անմիջական մատույցներում գտնվող Քարին տակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է, ադրբեջանական ուժերը ունեն մեծ կորուստներ։ Մեկ այլ գրառմամբ էլ Հովհաննիսյանն ընդգծել է՝ Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղություններում ընթացող մարտերը. ըստ նրա՝ Մարտունու, Մարտակերտի, Թաղավարդի և այլ ուղղություններում ադրբեջանական ուժերի հարձակման փորձերը տապալվել են։

Ռազմական գործողություններին զուգահեռ շարունակվում է նաև Արցախի բնակավայրերի թիրախավորումը, այսօր կրկին թիրախավորվել է մայրաքաղաք Ստեփանակերտը ,Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ քաղաքը հրթիռակոծվել է հեռահար հրթիռներով։ Ադրբեջանն էլ հայկական ուժերին է մեղադրում բնակավայրերին հարվածներ հասցնելու համար։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանը «Ազատությանը» Ստեփանակերտից հեռախոսով փոխանցեց՝ մայրաքաղաքը հրթիռակոծվում է անդադար. «Սա իրականությունն է, մենք էլ դիմադրում ենք, այստեղ ենք»:

Հարցին՝ ավերածությունները շա՞տ են, Արցախի նախագահի խորհրդականը պատասխանեց. «Ոչինչ, իհարկե վերջնական պատկերը պարզ կլինի միայն խաղաղությունից հետո»:

«Ազատության» հարցին, թե այլ բնակավայրերում ինչպիսի՞ իրավիճակ է, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Որոշ տեղերում բավականին թեժ, որոշ տեղերում ոչ այնքան թեժ»:

Բաբայանի գնահատմամբ՝ Շուշի քաղաքը, որի համար վերջին օրերին մարտեր են ընթանում, ռազմական գործողությունների ամենակարևոր կետերից մեկն է. «Շուշին հանդիսանում է թատերաբեմ, այսինքն ռազմական գործողությունների ամենակարևոր բեմահարթակներից մեկը: Սա է իրավիճակի հստակ ձևակերպումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG