Մատչելիության հղումներ

Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է, հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը


Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով գերիների փոխանակման վերաբերյալ հարցին, ՊՆ ներկայացուցիչը նշեց. «Կուզենայինք ժամ առաջ գնալ դրան, դրա համար Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իշխանությունները, Արցախի հրամանատարությունը շատ հստակ տվել է իր համաձայնությունը առնվազն երեք անգամ հրադադար հաստատելու կամ փոխանակելու գերիներին, զոհերի դիակները և այլն: Մեր դեմ այս հրեշն է կանգնած, ի՞նչ կարող ենք անել, մարդիկ չեն համաձայնվում: Ամեն ինչ անում ենք, ամեն օր մեր զանգերով ռմբակոծում ենք միջազգային կառույցներին, որպեսզի ելք գտնենք, որպեսզի կարողանանք փոխանակել»:

Թե ի՞նչ հետևանքներ է ունեցել ֆոսֆոր պարունակող զենքի կիրառումը, Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Կիրառվել է տարբեր ուղղություններով, կիրառման չափերը այնքան մեծ չեն եղել, որպեսզի վնասը հստակ չափելի գնահատականներ ունենա, ենթադրում եմ, որ կարող է շարունակել կիրառվել: Ընթացքում Արցախի իշխանությունները, Պաշտպանության բանակը որոշակի ամփոփում կիրականացնեն նման զինատեսակի կիրառության հետևանքների վերաբերյալ և առանձին կներկայացնենք տվյալները»:

Նա նաև հավելեց, որ այդպիսի զենքից բացարձակ պաշտպանություն չի կարող լինել, «քանի որ իր սպեցիֆիկան ունի ֆոսֆորային արկը, և ինչ էլ դու իրականացնես, ինքը իր վնասը փորձելու է տալ»:

Հարցին, թե ի՞նչ իրավիճակ է Կապանի ուղղությամբ, Դավիթ Բեկ հատվածում, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց. «Այսօր ավելի հանգիստ է եղել, Դավիթ Բեկից ավելի արևելք մարտական գործողություններ ընթացել են երեկ, այսօր էլ կան, բայց երեկվա ու առաջին օրվա սաստկությունը չկա: Մարտեր կան տարբեր ուղղություններում, բայց համեմատած նախորդ մարտական գործողությունների, համեմատաբար հանգիստ է»:

ՊՆ ներկայացուցիչը նաև ընդգծեց՝ այսօր զորահավաքային պրոցեսը բնականոն ընթանում է. «Մենք ում որ կանչով բերում ենք՝ տանելու, և սկսում ենք մարզումներ իրականացնել, երևի թե 99,9 տոկոսը ժամանակին գալիս, ներկայանում է, գումարած կամավորները, որոնց չէինք էլ նախատեսել տանել»:

Արծրուն Հովհաննիսյանը նաև ընդգծեց. «Մենք տեսնում ենք նաև բազում կամավորականների Ռուսաստանից եկած, նույնիսկ Ֆրանսիայից ու Միացյալ Նահանգներից, այսօր ցույց տվեցիք Լիբանանից եկած կամավորականների: Այնպես որ ամբողջ աշխարհն էլ տեսնում է, որ ամբողջ հայությունը գալիս է իր հայրենիքը պաշտպանելու: Էստեղ կարևոր է նաև, որ Ադրբեջանում դա տեսնեն ու հասկանան՝ ի տարբերություն իրենց, երբ սեփական ժողովրդին զորակոչելուց վախենում են և բերում են ահաբեկիչների ու վարձկանների, մենք էդպիսի խնդիր չունենք»:

Անդրադառնալով զինծառայողների հերթափոխին, Հովհաննիսյանը նշեց՝ ակտիվ մարտական գործողությունների ընթացքում ընդհանրապես հերթափոխի սպասելն աբսուրդ է:

«Երբ որ ակտիվ մարտական գործողություն է գնում, որևէ տեղամասում ավելի ակտիվ է, քան մյուս տեղամասում, այդտեղ հնարավոր չէ իրականացնել հերթափոխ, տրամաբանական էլ չի իրականացնել հերթափոխ, որովհետև, եթե տվյալ դիրքի վրա հարձակվում են, էս քաղաքի, գյուղի ուղղությամբ հարձակում է իրականացվում, դու շնչելու ժամանակ չունես, չես կարող զորք հանես այստեղից փոխես: Եթե նույնիսկ մեկ գիշեր էլ մարտ տեղի չունենա ու դու ինչ-որ հրաշքով կարողանաս գիշերվա ընթացքում զորքին հանես հաջորդին բերես, նոր եկած զորքը էն նույն մարտունակությունը չի ունենա, ինչ հին զորքը: Ինչքան էլ ինքը հոգնած լինի, ինքը տեղանքը լավ է տիրապետում, գիտի հակառակորդն ինչ էր ուզում անել և ինչու չստացվեց և ինչու կարող է ստացվել», - նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

XS
SM
MD
LG