Մատչելիության հղումներ

Արցախի նախագահի խոսնակը հայտնում է՝ «Շուշին դուրս է հայկական կողմի վերահսկողությունից». ՀՀ ՊՆ-ն առայժմ չի մեկնաբանում


«Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից», - ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո'չ հաջողությունը, ո'չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս», - նշել է Պողոսյանը:

Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ ինքն է գրառման հեղինակը, և որ իր էջը կոտրված չէ։

Արցախի նախագահի խոսնակը նաև նշել է, թե ադրբեջանական ուժերը գտնվում են Ստեփանակերտի մատույցներում. «Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…»

«Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի», - ընդգծել է Պողոսյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը առայժմ չի մեկնաբանում այս գրառումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG