Շրջակա միջավայրի նախարարությունն առայժմ որոշում չունի, թե Ամուլսարի հանքի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) պե՞տք է, թե՞ ոչ: Հարցի պատասխանը մինչև սեպտեմբերի 4-ը կներկայացնեն վարչապետին։ Իսկ մինչ այդ քննարկումները տեղափոխվել են ակադեմիական հաստատություններ։
«ՇՄԱԳ-ի կարիք չկա», - «Ազատության» հետ զրույցում ասում է Գիտությունների ազգային ակադեմիայի ԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ղազար Գալոյանը: - «Ես իմ 5 էջանոց կարծիքում կոնկրետ առաջարկություններ էի արել Քննչական կոմիտեին և Փորձագիտական բյուրոյին»:
Գալոյանը Քննչական կոմիտեում քննվող Ամուլսարի գործով ներգրավված փորձագետներից է: Հիշեցնեմ, «Էլարդ»-ի միջազգային թիմից բացի, 22 հայ գիտանականներ էին ուսումնասիրում հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
«Անորոշ մնաց: «Էլարդ» կազմակերպությունը վճարվեց, համապատասխան գումար պետական բյուջեից հատկացրեցին իրենց այն դեպքում, երբ որ հայկական փորձագետները աշխատում էին ձրի»:
Գալոյանը շեշտեց, որ ո՛չ իրենք, ո՛չ «Էլարդ»-ը դաշտային անալիզներ չեն արել, թղթեր են ուսումնասիրել:
Հրաբխային ապարներով զբաղվող գիտնականը վստահ է, որ «Լիդիան»-ի ուսումնասիրությունները մանրակրկիտ են, կատարվել են տեղում, ՇՄԱԳ-ը անընդհատ լրամշակվել է՝ հաշվի են առնվել բնապահպանների դիտարկումները. - «Ես պիտի փաստեմ, որ իրենք արել են կոնկրետ հետազոտությունների հիման վրա: Ոչ մի սարքած բանի կան նկարչության ես չեմ հավատում․ իրենք իրոք աշխատել էին»:
Քննչակական կոմիտեից այս շաբաթ հնչած տեսակետին՝ թե հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի են՝ գիտնակաանը առարկություն չունի․ - «Իրենք գրել են, որ կառավարելու են ռիսկերը: Մենք էլ ունենք Բնապահպանության նախարարություն, տեսչական մարմին: Թող նայեն, թող տեսնեն էդ ռիսկերը կառավարվո՞ւմ են, թե՞ չէ»:
Քննչական կոմիտեի հետ աշխատած գիտնականներից Նշան Զուլումյանը ո՛չ ՔԿ-ի, ո՛չ հանքի շահագործմանը կողմ մասնագետների համախոհը չէ: Քիմիական գիտությունների դոկտորն ասում է, որ հանքը բացվեց, պրոցեսը քիմիական է, այնինչ բազմաթիվ ուսումնասիրություններ չկան․ - «Քիմիական մասը ՇՄԱԳ-ում չի ներկայացված: Քիմիական մասից պիտի բխի, թե ինչ նյութեր են առաջանում, ինչ կողմնակի նյութեր են առաջանում, այդ նյութերը որտեղ են պարտակվելու»:
Դոկտոր Զուլումյանը կասկածի տակ է դնում՝ արդյո՞ք հանքավայրի տարածքում իսկական ուսումնասիրություններ են եղել: ՇՄԱԳ-ից այլ եզրահանգման է եկել․ - «Ոչ թե գրված է, այստեղ նստել, մշակել են, գրել են: Ինչ-որ մի տեղի անգլիական տարբերակ թարգմանված ներկայացվում է որպես մեր ՇՄԱԳ, տեղանունները փոխված»:
Գիտնականն ասում է, որ մեկ տարի առաջ քրեական գործով որպես փորձագետ են ներգրավվելուց հետո իրենք փնտրում, խնդրում, պահանջում են իրենց տրամադրել ապարների միներալային կազմի վերաբերյալ տեղեկություն․ - «Հանդիպեցինք «Լիդիան»-ի մասնագետների հետ, այդ հարցը նորից բարձրացրեցինք, ասին՝ մենք այդ ամեն ինչը արել ենք, ուսումնասիրել ենք, Կանադայում արդյունքներ ունենք ստացված: Բայց ոչ մի տվյալ մեզ չներկայացրին»:
Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում հանքի շահագործմանը դեմ են բոլորը: Հարցադրումն անփոփոխ է՝ եթե քիմիական պրոցեսները ուսումնասիրված չեն, ինչպե՞ս են գնահատվել շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերը և գծվել դրանց կառավարման մոդեները:
Նշան Զուլումյան․ - «Ամուլսարը եթե գտնվում է 3000 մետրի վրա, իմ պրիմիտիվ տրամաբանությամբ, Ջերմուկը 2100 մետրի վրա, Սևանն էլ՝ 1900 մետրի վրա, հիմա այդ ջրերը կիջնեն թե կբարձրանան, թող դա իրենք մտածեն»: