Երբ որ պարզվի, որ Ամուլսարի շահագործման ռիսկերը կառավարելի չեն, 90 օրվա ընթացքում հանքը կարող է փակվել, այս մասին այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։
«Ազատություն». – Օգտատերերից մեկը հարցնում է՝ ինչպե՞ս է, որ ուզում եք էկոլոլիկներ ունենաք, աճեցնում եք, որ մաքուր սնունդ ունենաք, բայց հիմա կողմ եք, որ «բնության հերն» անիծվի։
Հայկ Գևորգյան. – Կարծում եմ՝ հարց տվողը տեղյակ է, որ ես լոլիկի աճեցման տեխնոլոգիա եմ մշակել, այդ օգտատիրոջը կասեի, որ իմ լոլիկները հողի վրա չեն աճում, իմ լոլիկներն աճում եմ սննդարար լուծույթի մեջ»։
«Ազատություն». – Յուրա Իվանյանը, ով Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն է, պատասխանելով լրագրողների հարցերին, երբ ասել էին՝ «իսկ եթե հանքը շահագործվի և պարզվի, որ ռիսկերը կառավարելի չեն», Իվանյանն ասել է, որ այս դեպքում պատասխանատվությունը կրում է հանքարդյունաբերող ընկերությունը, որքանո՞վ է ճիշտ մեղքը թողնել միայն այդ ընկերության վրա, երբ որ, օրինակ, Դուք պնդում եք, որ ռիսկերը կառավարելի են, բա որ պարզվի, որ կառավարելի չեն։
Գևորգյան. – Երբ որ պարզվի որ կառավարելի չեն, ուրեմն ըստ կանոնների, 90 օրվա ընթացքում հանքը կարող է փակվել և կփակվի, իսկ պատասխանատվությունը կմնա ընկերության վրա, որովհետև իր ծախսերն են, ինքն է տուժելու դրանից հետո։
«Ազատություն». – Բայց Դուք եք նաև երաշխավորում, ժողովրդին ասում եք, որ ամեն ինչ լավ է, որ օդը, ջուրը, հողը չեն աղտոտվելու։
Գևորգյան. – Էն տեխնոլոգիան որով աշխատում եմ, տեխնիկական գիտությունը թույլ է տալիս նման պնդումներ անել, որ Ամուլսարի հանքը մշակվելու է բոլորովին նոր տեխնոլոգիայով, որը Հայաստանում երբեք չի կիրառվել։ Դա այս պահի դրությամբ աշխարհում նման մետաղների որսման առաջատար տեխնոլոգիան է և եթե այդ տեսանկյունից մոտենանք հարցին, ապա իրոք Ամուլսարի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա հնարավոր ամենանվազագույնն է, ի տարբերություն բոլոր այն մետաղական հանքերի, որ այսօր շահագործվում են, որոնք ուղղակի միջնադարյան տեխնոլոգիաներ են։
«Ազատություն». – Եթե ասում եք՝ Հայաստանում գործող մյուս հանքերը միջնադարյան տեխնոլոգիաներ են կիրառում, այս դեպքում քննարկե՞լ եք ձեր խմբակցությունում, կառավարությանը ներկայացնելո՞ւ եք, որ նոր պայմաններ առաջարկի այդ ընկերություններին։
Գևորգյան. – Այդ մասին վարչապետն ուղիղ է հայտարարել իր եթերում և Ամուլսարը չափանիշ է դառնալու մյուս բոլոր հանքերի համար։ Քայլ առ քայլ, աստիճանաբար մյուս հանքերը պիտի գան ու հավասարվեն Ամուլսարի էկոլոգիական ստանդարտներին։
Ֆեյսբուքյան ասուլիսն ամբողջությամբ դիտեք ստորև․