Մատչելիության հղումներ

Նոր ՇՄԱԳ-ի նպատակահարմարության մասին եզրակացությունը պատրաստ կլինի մինչև սեպտեմբերի 4-ը


Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատումը անհրաժեշտ են համարում:

Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի՝ արդյոք Ամուլսարի հանքի շահագործման նոր ՇՄԱԳ (շրջակա միջավայրի ազդեցության գնահատում) պե՞տք է արվի, թե՞ ոչ։ Վարչապետ Փաշինյանը երեք օր առաջ է այսպիսի հանձնարարական տվել։

«Օրենքով սահմանված կարգով հանձնարարականը կշրջանառվի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների մեջ, արդյունքները կամփոփվեն և եզրակացությունը կներկայացվի վարչապետի աշխատակազմին», - «Ազատության»-ը փոխանցեց նախարարության մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանը:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատումը անհրաժեշտ են համարում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում՝ Քննչական կոմիտեին առաջարկելով մինչև այդ չկարճել Ամուլսարի քրեական գործը:

ՔԿ-ն, հիշեցնենք, հայտարարում է, որ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չկան:

Հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը սակայն պնդում է, որ թե՛ «Էլարդ»-ի ու թե՛ հենց իրենց դեռ երկու տարի արված հետազոտություններում է երևում, որ առնվազն պաշտոնեական անփութությունը պետք է քրեական հետապնդման հիմք դառնա․ - «Էլարդը շատ լավ վերհանել է այն բոլոր հիմքերը, որոնք պետք է հիմք հանդիսանան շարունակելու համար այդ քրեական գործը: Որովհետև այնտեղ ցույց է տրվում, թե ինչերն է, որոնց վրա Բնապահպանության նախարարությունը աչք է փակել»:

Սոնա Այվազյանը տարակուսում է, թե ինչպես է դրական եզրակցություն ստացել հանքի շահագործման ՇՄԱԳ-ը, եթե «Էլարդ»-ի փորձագիտական խումբը նույնպես հաստատեց, թե որքան թերի են եղել ուսումնասիրությունները:

Հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը չի կասկածում, որ ՇՄԱԳ-ի հաստատման համար տարիներ առաջ ճանապարհ է հարթել կոռուպցիան. - «Այս երկրի ոչ մի քաղաքացի չի կասկածում, որ որևէ այդպիսի խոշոր ընկերություն բիզնես է սկսել մեր երկրում՝ առանց թաթախվելու կոռուպցիայի մեջ, առանց ինչ-որ գործարքների մեջ մտնելու»:

Օրինակները ԹԻՀԿ-ի Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կոռուպցիոն ռիկսեր վերաբերյալ հետազոտության մեջ են։ Ինչպե՞ս է «Լիդիան»-ը առանց գործունեություն սկսելու ու շահույթ ստանալու նվերներ արել, և, որպես փոխհատուցում, փոխվել են կառավարության որոշումներ՝ հանուն հանքարդյունահանողի շահերի։

250 հազար դոլար է ստացել «Լույս» հիմնադրամը, 120 հազար դոլար՝ Ջերմուկի զարգացման հիմնադրամը: Ըստ հետազոտության, այս հատկացումից հետո հիմնադրամի տնօրենի հայրը՝ Ջերմուկի քաղաքապետը հանքի շահագործմանն այլևս դեմ չի եղել:

«Առանց որևէ եկամուտ ունենալու, շահույթ ունենալու մուծումներ է կատարում ինչ-որ հիմնադրամների: Դա անշուշտ կարելի է դիտարկել որպես հնարավոր բարենպաստ վերաբերմունքի արժանանալու քայլ: Այլ բառերով դա կարելի է կոչել կաշառք», - նշեց Սոնա Այվազյանը:

Հակակոռուպցիոն կենտրոնն առաջարկում է բոլոր այս հարցերը քննության առարկա դարձնել, իսկ Բնապահպանության նախարարությանը՝ չեղյալ ճանաչել նախկինում տրված փորձաքննական եզրակացությունը:

Որ նոր ՇՄԱԳ է պետք, չի կասկածում երկրաբանական գիտությունների թեկնածու, Երևանի պետհամալսարանի ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանը․ - «Եթե նման թերություններ առկա են ՇՄԱԳ-ում, անպայման, ես կարծում եմ, որ պետք է այդ թերությունները շտկվեն, ՇՄԱԳ-ը լրամշակվի և ներկայացվի նոր փորձաքննության»:

Խաչատրյանն օրինակներ ունի հենց իր գիտական ոլորտից․ փորձաքննական փաստաթղթերում երկրաբանական, հիդրոերկրաբանական քարտեզները մեղմ ասած ՝ ժամկետանց են․ - «Արված են անցյալ դարի 80-ական թվականներին, իսկ նորերն էլ շատ հպանցիկ, շատ սխեմատիկ քարտեզներ են: Եվ այդ սխեմատիկ քարտեզների հիման վրա «Լիդիան»-ը կառուցել է իր մոդելները, որոնք, բնականաբար, չեն աշխատելու»:

Պետհամալսարանի ասպիրանտներից մեկը վերջերս Արփայի ավազանի երկրաբանական կառուցվածքն էր ուսումնասիրել: Շահեն Խաչատրյանն ասում է, որ բոլորովին տարբեր պատկեր է, քան այն, ինչ ՇՄԱԳ-ում է: Փաստաթղթի ևս մեկ թերություն է նշում՝ Սպանդարյան - Կեչուտ թունելի ֆիզիկական վիճակը չի դիտարկվել, այնինչ որոշ գիտնականների կարծիքով, այն հանքի շահագործման հետևանքով կարող է փլուզվել․ - «Ես անձամբ մտել եմ թունելը, գնացել եմ մեկ-երկու կիլոմետր և ամբողջությամբ տեսել եմ, թե թունելի ներսում ինչ է կատարվում: Թունելի կոնստրուկցիան այսօր վտանգված է»:

Գումարած այն, որ Ջերմուկի ջրերի ու Ամուլսարի կապը մինչև վերջ չի պարզաբանվել: Շահեն Խաչատրյանն ասում է, թե ամբողջական ու նոր ուսումնասիրություն է պետք, և եթե այն ստանա դրական եզրակացություն, նոր մտածել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտներից ոսկի կորզելու մասին։

XS
SM
MD
LG