«Այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի՝ ինձ համար ամենակարևորն հետևությունն այն է, որ մարդիկ գիտեն և վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: Շնորհակալ եմ այդ վստահության համար»,- Ֆեյսբուքում քիչ առաջ գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր մեկնել էր Ջերմուկ՝ Ամուլսարի հանքավայրի հարցը տեղացիների հետ քննարկելու համար:
Երկուշաբթի օրը բնապահպանները և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչները հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի Բաղրամյան պողոտայում: Երբ ցուցարարները փորձում էին փակել Բաղրամյան պողոտան, իրավապահները ուժ կիրառեցին՝ վերականգնելով երթևեկությունը, և բերման ենթարկեցին ցուցարարներից 6-ին:
Նույն օրը երեկոյան վարչապետը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը: Հաջորդ օրն Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ամուլսարում համալիր փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության եզրակացությունը Կառավարության աշխատակազմն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն պարզելու՝ «արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»: