Մատչելիության հղումներ

Թույլատրե՞լ, թե՞ արգելել Ամուլսարի հանքի շահագործումը․ բանավեճ «Ազատության» տաղավարում


Թույլատրե՞լ, թե՞ արգելել Ամուլսարի հանքի շահագործումը, ո՞ր հետևանքները կարող են ավելի կործանարար լինել՝ բնապահպանակա՞ն, թե՞ տնտեսական: «Ազատության» տաղավարում հարցը քննարկում են «Ըստ էության» հաղորդաշարի հյուրերը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը, բնապահպան Թեհմինե Ենոքյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ստորև՝ հատված քննարկումից․

Գևորգ Պապոյան․ - Մենք ունենք, այո, մի իրավիճակ, որը ժառանգել ենք նախկինից, և էդ իրավիճակի հետ պետք է հաշվի նստեք: Հեղափոխությունից հետո մեր կառավարությունը որևէ հանքի լիցենզիա չի տվել, և կարծում եմ՝ չի էլ տա, եթե չլինի ինչ-որ՝ ոչ ռիսկային իրավիճակ կլինի, կամ Հայաստանի համար կենսական կարևորություն կլինի, և այլն, և այլն:

Այսինքն, երբ որ մենք խոսում ենք հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակի մասին, հեղափոխությունից հետո կա մի իրավիճակ, երբ որ հանքարդյունաբերության ծավալը ՀՆԱ-ում 3 տոկոսով իջել է, բայց մեր տնտեսությունը զարգացել է, և սրա հետ կապված, կարծում եմ, կասկածներ չկան:

Բնապահպանական մասով՝ մենք ունենք այս պահին միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն, որտեղ նշվում է, որ ռիսկերը մինիմալ են, այն էլ՝ այդ ռիսկերը կառավարելի են:

Մի կողմ թողնենք՝ հավատում ենք դրան, թե չենք հավատում, մենք ունենք փաստ: Մյուս կողմից չկա նույն մակարդակի, այսպես ասած, հեղինակավոր կազմակերպություն, որը հակառակն է ասում:

Եթե անգամ մենք համարենք, որ, այո, այն ֆինանսական հնարավոր օգուտները, որոնք Հայաստանը կարող է ունենալ, այն աշխատատեղերը, որ կարող ենք ունենալ, դրանք մեզ պետք չեն, թողնենք մի կողմ, դրանք երկրորդական են, խնդիր չկա, թողեցինք: Էստեղ նաև երկրորդ հարցն է առաջանում՝ ինչպիսի կորուստներ ենք մենք ֆինանսական առումով ունենալու արբիտրաժում պարտվելով: Որովհետև մեկ ամիս առաջ, օրինակ, մի ավստրալական ընկերություն հաղթել է Պակիստանին, էդ ընկերությունը 500 միլիոն դոլարի ներդրում է կատարել և ասենք, օրինակ, 6 միլիարդ դոլար արբիտրաժում հաղթել է, որովհետև լիցենզիան մեկի ձեռքից վերցրել են՝ մյուսին են տվել: Այսինքն՝ համարյա նմանատիպ մի իրավիճակ է:

Հիմա, լավ, 6 միլիարդ չենք պարտվում, օրինակ՝ 1 միլիարդ դոլար ենք պարտվում, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մենք հարցրե՞լ ենք, որ «հարգելի քաղաքացի, այ, էս դպրոցաշինության ծրագրերը որ կան, չեն լինելու, էս ճանապարհաշինությունը, որ 330 կիլոմետր էս տարի եղել է, եկող տարի 400 է լինելու, էլ չի լինելու տարիներ շարունակ»:

Եվ երրորդ ուղղությունը՝ ամենավտանգավոր ուղղությունը, այս երկուսը դեռևս ծաղիկներ են երրորդի համեմատ․ եթե մենք չբերենք անառարկելի, միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից բերված անառարկելի փաստ, որը միջազգային հանրությունը և ներդրողները կընդունեն իրականություն, ապա մենք, մեր երկիրը միջազգային հանրության և ներդրողների տեսանկյունից դառնալու է մի երկիր, որտեղ կարելի գալ, տասը տարի շարունակ ներդրում անել 400 միլիոն դոլարի, հետ իշխանություն փոխվի, և ասենք, օրինակ, էդ իշխանությունը փոխվելուց հետո՝ «ձեր ներդրումներն այլևս ապահով չեն, և դուք դուրս եք գալիս»:

Գարեգին Միսկարյան․ - Արբիտրաժի հետ կապված ասեմ, որ կոռուպցիոն գործարքների դեպքում արբիտրաժը, շատ մեծ հավանականությամբ, պատմությունը ցույց է տալիս, որ ի օգուտ պետության է ․․․

«Ազատություն»․ - Բայց որտեղի՞ց գիտեք, որ կոռուպցիոն է:

Միսկարյան․ - Որտեղից գիտենք, որ թղթերը, էդ թույլտվությունները կոռուպցիոն․․․ Ասեմ՝ գիտեմ այնտեղից, որ Սևանի մասին օրենքն է փոխվել՝ հատուկ «Լիդիան»-ի համար, հատուկ էդ հանքը շահագործելու համար, և էդ Սևանի մասին օրենքի մեջ օրենքը ավելի վատթարացվել է, քան՝ լավացվել: Դա օրենքով արգելվում է, և նման գործարք անելու համար, միանշանակ, եղել են որոշակի կոռուպցիոն շահեր: Դա ընդամենը պիտի պետությունը բացահայտի, դա իր պարտականությունն է: Էն որ առերևույթ կա էդ կոռուպցիան՝ միանշանակ է: Ես սա մի օրինակ եմ բերում, երե՛ք օրենք է փոխվել:

Բացի դրանից, բնապահպանական առումով ռիսկերը կառավարելի են, ասվում է, և ասվում է, որ չկա մեկ այլ ընկերություն, որը կգա և հակառակը կապացուցի․․․

Պապոյան․ - Ոչ թե կգա, այլ՝ թող գա և ապացուցի:

Միսկարյան․ - Թող գա և ապացուցի: Դե մենք չունենք ևս 400 հազար դոլար, որ տանենք տանք՝ մի ուրիշ ընկերություն էլ գա էդ նույն թղթերը ուսումնասիրի: Հիմա դուք ուղղակի գնացեք Կեչուտ, գնացեք էդ հանքի մոտ ու տեսեք՝ էն թունելից, որ տարեկան 5 միլիոն խորանարդ մետր ջուր է թափում Կեչուտի ջրամբար, դուք ինքներդ ձեզ պատասխանեք՝ արդյո՞ք հնարավոր է կառավարել էդ ջրի հոսքը:

«Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Հանք տանող ճանապարհն արդեն մեկ տարուց ավելի է՝ փակ է․ այն շրջափակել ու տարածքում հերթապահում են Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները:

Երկուշաբթի օրը բնապահպանները և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչները հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի Բաղրամյան պողոտայում: Երբ ցուցարարները փորձում էին փակել Բաղրամյան պողոտան, իրավապահները ուժ կիրառեցին՝ վերականգնելով երթևեկությունը, և բերման ենթարկեցին ցուցարարներից 6-ին:

Նույն օրը երեկոյան վարչապետը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը: Հաջորդ օրն Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ամուլսարում համալիր փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության եզրակացությունը Կառավարության աշխատակազմն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն պարզելու՝ «արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»:

«Ազատության» «Ըստ էության» հաղորդաշարի օգոստոսի 22-ի թողարկումը կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG