Մատչելիության հղումներ

Դա հրաբխային լեռ է, ամեն մի ջրուղու վրա հնարավոր չէ մի փական դնել ու վերահսկել. Նազելի Վարդանյան


Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկից հետո կառավարությունում արդեն երկրորդ խորհրդակցությունն է անցկացվել, որին այս անգամ ներկա է եղել է նաև հանքը շահագործել պատրաստվող բրիտանաամերիկյան «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության մասին «Ֆեյսբուքում» է գրել։

«Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները: Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա», ֊ գրել է վարչապետը:

Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը տեղեկացրել է՝ այսօր կառավարության աշխատակազմը «ԷԼԱՐԴ» միջազգային կազմակերպության՝ Ամուլսարի վերաբերյալ եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն, որ պարզեն՝ արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Ամուլսարի հանքի շահագործման համար շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում: Նոր փորձաքննության մասին ավելի վաղ բնապահպաններն էին բարձրաձայնում։ «Ազատության» հետ զրույցում բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը պնդում է՝ առանց նոր փորձաքննության եզրակցության հանքի շահագործումը թույլատրելն անօրինական է։ Բնապահպան-իրավաբանը հիշեցնում է՝ 2016 թվականի փորձաքննության եզրակացությունից հետո 1 տարվա ընթացքում, ինչպես օրենքն է նախատեսում, «Լիդիան Արմենիան» չի շահագործել հանքը. ֊ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի 20֊րդ հոդվածի 7֊րդ մասով նշված է, որ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացություն տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։ 2016֊ի ապրիլի 20֊ին է եղել եզրակացությունը, 2017֊ի ապրիլի 20֊ին ուժը կորցրել է, հետևաբար, առանց նոր փորձաքննության ընկերությունը որևէ գործունեություն Ամուլսարում իրականացնել չի կարող»։

Քննչական կոմիտեն այսօր կրկին հրապարակել է Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ «Լիդիան Արմենիայի» ամբողջ դիրքորոշումը։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է՝ Ամուլսարի հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը բաց չեն թողնվի շրջակա միջավայր։

Մինչդեռ իրավաբան-բնապահպան Նազելի Վարդանյանն անհնար է համարում ջրերի արտահոսքի կառավարումը. ֊ «Դա հրաբխային լեռ է և այդտեղ այնքան ծակոտիներ և այնքան ստորգետնյա ուղիներ կան, որ երբ անձրևը գալիս է և ձյունը հալվում է, ամբողջ այդ ծակոտիներով այդ ջուրը թափանցելու է մեր ջրհավաք ավազան և այդտեղ ամեն մի ջրուղու վրա հնարավոր չէ մի փական դնել, որ վերահսկել, թե քանի լիտր այդտեղ գնաց։ Դրա համար այն, ինչ ասվում է՝ աբսուրդային է»։

Քննչական կոմիտեից նշում են՝ Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերության դիրքորոշումը կրկին հրապարակելու պատճառը Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունն է եղել։ Ավելի վաղ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կառավարության նիստին հայտարարել էր՝ ստացված եզրակացության արդյունքում կարող է կարճվել Ամուլսարի քրեական գործը։

Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «Լիդիան Արմենիան» ընդհանուր առմամբ ընդունում է «ԷԼԱՐԴ» միջազգային փորձագիտական խմբի այն եզրահանգումները, որոնք վերաբերում են Ամուլսարի ծրագրի՝ Սևանա լճի և Ջերմուկի տարածքում տարբեր ջրային ռեսուրսների նկատմամբ ազդեցության բացակայությանը:

«Ընդերքօգտագործման իրավունքի ստացման պահից սկսած Ընկերությունը որդեգրել է ակտիվ և ճկուն քաղաքականություն ամբողջությամբ կառավարելի դարձնել Ամուլսարի ծրագրի հետ կապված ստորգետնյա և մակերևույթային ջրերի վրա հավանական ազդեցության ռիսկերը՝ միաժամանակ ողջունելով այն փաստը, որ «ELARD» միջազգային փորձագիտական խմբի կողմից ընդhանուր առմամբ դրական է գնահատվել ընկերության կողմից կիրառման ենթակա բնապահպանական մեղմացման միջոցառումները»։

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը վրդովված է, ասում է՝ Քննչական կոմիտեն Ամուլսարի հանքի վերաբերյալ իր լիազորություններից դուրս եզրակացություններ է անում․ ֊ «Ինչ֊որ համաձայնությունների են գալիս․․․ իրենց քրեական գործում նման բան կա՞, իրենք պիտի ապացուցեին՝ այդ պաշտոնատար անձը տեղեկացված եղե՞լ է ռիսկերի մասին, եթե եղել է՝ ինչո՞ւ դիտավորյալ չի հայտնել բնակչությանը այդ ռիսկերի մասին»:

Բնապահպան-իրավաբանը համոզված է՝ Ամուլսարի շահագործումը բնապահպանական մեծ վնաս է հասցնելու շրջակա միջավայրին, առաջին հերթին հենց առողջարանային քաղաք Ջերմուկին, ասում է՝ դեռ չշահագործած Ամուլսարն արդեն բացասաբար է ազդում շրջակա միջավայրի վրա։

Վարդանյանը վստահ է՝ բոլոր իրավական հիմքերը կան, որ կառավարությունը արգելի Ամուլսարի հանքի շահագործումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG