Մատչելիության հղումներ

Քննչական խմբի ղեկավարը կառավարելի է համարում Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը


«Մեղմման միջոցները ողջամիտ են և համապատասխան, և եթե լրացուցիչ միջոցառումների հետ կիրառվեն, բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։

Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել մեկ տարի առաջ «Լիդիան»-ի կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները՝ ՇՄԱԳ ու ԲՍԱԳ փաստաթղերը ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ:

Նախաքննության փուլում համալիր փորձաքննությունների համար ներգրավվեց «Էլարդ» միջազգային փորձագիտական թիմը։ Կառավարությունից ստացավ 400 հազար դոլար:

«Էլարդը ուսումնասիրել է դաշտում առկա բոլոր հետազոտությունները և համեմատել դրանք միմյանց հետ: Դաշտային ուսումնասիրություններ չեն իրականացրել», - նշեց Իվանյանը:

Զեկույցում, որ շաբաթներ առաջ ներկայացվեց, փորձագետները նշել են, որ Ջերմուկ տաք ջրերի ու Ամուլսարի ջրերի միջև կապ չկա, Սպանդարյան - Կեչուտ թունելը, Սևանա լիճը հանքի շահագործումից ազդեցություն չեն կրի, փոշին Ջերմուկ չի հասնի:

Անվտա՞նգ է այսուհանդերձ Ամուլսարի շահագործումը․ «Էլարդ»-ի թիմը շեշտել է, որ տվյալներ թերի են, ուսումնասիրություններն անբավարար հարցին պատասխանելու համար:

Այս առնչությամբ Իվանյանը նշեց․ - «Թեև փորձաքննության եզրակացության մեջ նշվում է մի շարք թերությունների, բացթողումների մասին, սակայն փորձաքննության եզրակացությունը անհրաժեշտ է գնահատել իր ընդհանուր համատեքստի մեջ»:

Քննչական խմբի ղեկավարն առաջարկում է Ամուլսարի շահագործման ռիկսերը մեղմելու 16 առաջարկները առաջնային պլան մղել: Նա վստահ է, որ եթե դրանք իրագործվեն, բնապահպանական ռիսկ չի լինի:

Հարցին՝ եթե հանքը շահագործվի ու պարզվի, որ ռիսկերը կառավարելի չե՞ն, քննչական խմբի ղեկավարն արձագանքեց․ - «Պատասխանատվությունը միշտ կրում է հանքարդյունաբերող ընկերությունը, ով պետք է շահագործի այդ հանքը: Եվ մեր օրենսդրությունը ունի բոլոր լծակները վերահսկելու հանքի բնականոն նորմալ շահագործումը»:

Քննչական կոմիտեն գործի հարուցումից մեկ տարի անց հայտարարում է, որ այս պահին քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չկան։

«Էլարդ»-ի զեկույցում բազմաթիվ թերություններ են նշված, այնինչ հանքի շահագործման շրջակա միջավայրի, բնապահպանական, սոցալական ազդեցության գնահատումները Բնապահպանության նախարարության կողմից դրական եզրակացություն են ստացել: Արդյո՞ք Քննչական կոմիտեն քննել է պաշտոնատար անձանց մասնակցության հարցը:

Իվանյանի արձագանքը․ - «Եզրակացությունների տրամադրման գործում որևէ օրենքի խախտում կամ որևէ իրավական նորմի խախտում չի արձանագրվել»:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայտարարել էր, որ այս գործը չպետք է կարճվի, քանի որ տարիներ առաջ հանքարդյունահանման թույլտվություններն ու ՇՄԱԳ փաստաթղթերը կոռուպցիոն գործընթացների արդյունքում են դրական եզրակացություն ստացել: ԹԻՀԿ-ն նաև շեշտել էր «Լիդիան»-ի կողմից Ջերմուկի զարգացման հիմնադրամին ու «Լույս»-ին դրամական նվիրատվություններ կատարելու փաստը՝ բնորոշելով որպես կաշառք:

Հարցին, թե արդյոք քննչական խումբը այս ամենն ուսումնասիրել է, խմբի ղեկավարը հարցով պատասխանեց․ - «Դուք ունե՞ք հիմքեր, ապացույցներ, փաստեր, որոնք կվկայեն այդ նվիրատվության կոռուպցիոն երևույթի մասին»:

«Քննչական մարմինն ստանձնել է «Լիդիան»-ի փաստաբանական գրասենյակի դերը», - ասում է էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը։ Նա հիշեցնում է, թե ինչի մասին էր հարուցված քրեական գործը․ - «Այս գործը պաշտոնատար անձանց է ուղղված: Պետք էր ապացուցվել, որ պաշտոնատար անձինք իմացել և չեն հայտնել: Հենց այն, որ ասվում է, որ թերի է եղել, մեր պետական պաշտոնյաները, ովքեր փորձաքննություն են արել, ովքեր հաստատել են, նրանք պարտավոր էին իմանալ՝ թերի է, թերի չէ, ռիսկեր կան․․․ Պետք է քննչական մարմինը ուսումնասիրեր, թե փորձաքննություն իրականացնող մարմինը ինչո՞ւ չի կատարել մեր օրենսդրության պահանջները»:

Նազելի Վարդանյանը պնդում է, թե պաշտոնատար անձանց որոշումների հիմքում մի շարք օրենքների խախտումներ են՝ Սևանա լճի, ընդերքի։ «Էլարդ»-ի ուսումնասիրությունն էլ արժանահավատ չի համարում, ոչ միայն այն պատճառով, որ կազմակերպությունը միայն թղթեր է ուսումնասիրել․ - «Եթե նույնիսկ «Էլարդ»-ը գրեր, որ ամեն ինչ սխալ է արվել, և ռիսկերը կան, և պետական պաշտոնյաները մեղավոր են, չէին կարող այդ պաշտոնյային այդ հոդվածով դատել, որովհետև ԲՍԱԳ-ը չի նախատեսված մեր օրենսդրությամբ: ՇՄԱԳ-ն է գնահատվել»:

Էկոլոգիակական իրավունքի մասնագետը եզրափակեց, թե ուրախ է, որ գլխիվար քննված այս քրեական գործը կկարճվի․ - «Գլխիվայր է դրված ամբողջ քրեական դատավարությունը այս գործողություններով և այս հայտարարություններով: Ես այդ անձինք պետք է պատասխանատվություն կրեն իրենց անօրինական գործողությունների համար: Ամուլսարը սար է մնալու, և որևէ մեկը իրավունք չունի իրավական երկրում օրենքի խախտումով որոշումներ կայացնել»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG