Մատչելիության հղումներ

Հանուն Ամուլսարի փրկության երթ Երևանի կենտրոնում


«Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար՝ միայն սար» վանկարկումներով այսօր Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց երթ հանուն Ամուլսարի փրկության։

Քայլերթը կազմակերպել է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը, որի ներկայացուցիչները նախքան երթի մեկնարկը նշեցին՝ սա կազմակեպվել է ի աջակցություն ջերմուկցիների և Կառավարության։ Հավաքված քաղաքացիները պնդում են՝ Ամուլսարը հանք չի դառնալու։

Քայլերթն անցնում է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Տիգրան Մեծ, Խանջյան, Սայաթ-Նովա փողոցներով և կավարտվի կրկին Ազատության հրապարակում։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ևս միացել է երթին։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու և հիմնվելով միայն վերջին փորձաքննության վրա՝ չի կարելի թույլ տալ հանքի շահագործումը։

«Մենք, վերջին օրերին անընդհատ էդ մասին խոսել ենք, գտնում ենք, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու և հիմնվելով միայն վերջին փորձաքննության վրա, որը փաստացի նույնիսկ փորձաքննություն չէր՝ ընդամենը եղած փաստաթղթերի ուսումնասիրություն էր, չի կարելի ուղղակի թույլ տալ սա, և առանց իրական գնահատական ունենալու, թե հետագայում մենք ինչ լրջագույն խնդիրների դիմաց ենք կանգնելու», - հայտարարեց Գորգիսյանը:

«Մենք եկել ենք այստեղ՝ մեր աջակցությունը հայտնելու բոլոր պայքարողներին և այն քաղաքացիներին, ովքեր կողմ են Ամուլսարը որպես սար պահպանելուն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

«Ազատության» հարցին՝ «դուք կողմ եք, որպեսզի Ամուլսարը հանք չդառնա՞», Գորգիսյանն արձագանքեց․ - «Նույնիսկ եթե Փաշինյանի խոսքերին անդրադառնանք, ով ասում էր՝ չի կարելի հանքը շահագործել, եթե կան էն վնասները, որոնց մասին խոսվում է, էդ վնասները որևէ ձև, որևէ կերպ էդ վտանգները չեն փարատվել, այսինքն՝ էդ կասկածները որևէ կերպ չեն փարատվել և դեռ էդ կասկածները կան, և մենք ընդհանուր պատկերացնում ենք՝ դա ինչ հետևանքներ կարող են լինել, որովհետև որևէ երաշխիք չկա, որ ջրերը, ջրային հոսքերը չեն վնասվելու, որևէ երաշխիք չկա, որ Ջերմուկը շարունակելու է գործել որպես տուրիստական կենտրոն, առողջարանային քաղաք: Որևէ կերպ էդ վնասները հաշվարկված չեն, և էս պայմաններով շահագործել՝ ուղղակի անթույլատրելի է, և սա կարող է բերել ընդհուպ մինչև Սևանի վարակման թունաքիմիկատներով, իսկ դա արդեն կբերի ամբողջ Հայաստանի Հանրապետության ամայացման և ապականման»:

Դիտարկմանը՝ «բայց նշում են, որ կառավարելի է», Գևորգ Գորգիսյանը հակադարձեց․ - «Ես չեմ հավատում էդ նշումներին, որովհետև էդ նշումների համար առնվազն պետք էր գիտական հետազոտություն, որը չի արվել: Դա օդի մեջ խոսքեր են ուղղակի»:

Նա կարծում է՝ փաստեր, որ ոչ մի վնաս չի հասցվի շրջակա միջավայրին, չեն կարող լինել: «Եվ քանի դեռ չի արվել գիտական հետազոտություն, որը կապացուցի, մենք միանշանակ դեմ ենք էդ հանքի շահագործմանը», - հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը:

«Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Հանք տանող ճանապարհն արդեն մեկ տարուց ավելի է՝ փակ է․ այն շրջափակել ու տարածքում հերթապահում են Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները:

Օգոստոսի 19-ին բնապահպանները և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչները հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի Բաղրամյան պողոտայում: Երբ ցուցարարները փորձում էին փակել Բաղրամյան պողոտան, իրավապահները ուժ կիրառեցին՝ վերականգնելով երթևեկությունը, և բերման ենթարկեցին ցուցարարներից 6-ին:

Նույն օրը երեկոյան վարչապետը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը: Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ամուլսարում համալիր փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության եզրակացությունը Կառավարության աշխատակազմն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն պարզելու՝ «արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»:

Երեկ էլ վարչապետն այցելեց Ջերմուկ և շրջակա բնակավայրեր, հանդիպումներ ունեցավ և զրուցեց տեղի բնակիչների, բնապահպանների հետ, շրջայց կատարեց «Լիդան Արմենիա»-ի լաբորատորիայում: Փաշինյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ օրը «Սքայփ»-ի միջոցով խորհրդակցություն է ունենալու Կառավարության պատվերով Ամուլսարում համալիր փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության կազմակերպիչների հետ և մտահոգիչ հարցերի պատասխանները ներկայացնելու է ժողովրդին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG