Ամուլսարի շահագործումից կարող է իշխանության վարկանիշը որոշակի անկում ապրել, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ես համաձայն եմ այն պնդման հետ, որ դրանից կարող է իշխանության վարկանիշը որոշակի անկում ապրել, թեև էն խմբերը ովքեր զբաղվում են և քարոզում են հանքի չշահագործումը, էսպես ասած, Ամուլսարը սար է մնալու, հանք չի դառնալու սկզբունքից ելնելով, չեմ կարծում, թե այդ ակտիվ մարդկանց մեծ մասը «Իմ քայլ»-ին է ձայն տվել», - նշեց Արարատ Միրզոյանը։
«Ազատության» հարցին, թե ականջալուր լինելո՞ւ է կառավարությունը, ի՞նչ ձևով պետք է այս հարցը լուծել, որպեսզի նաև հանրության մտահոգությունները բավարարվեն, Միրզոյանը պատասխանեց. «Շատ հիանալի է, որ այդ դիսկուրսը հայ հանրության մեջ կա և ընդհանրապես բոլոր կարևոր հարցերում լավ կլինի, որ այս կարծիքների բախումը լինի, իհարկե, էստեղ մի քիչ այդ կարծիքների բախման ընթացքում գնահատականների և ձևակերպումների քաղաքակիրթ լինել-չլինելու մասին կարող ենք խոսել, բայց սա առաջին փորձերից մեկն է նաև, երբ որ այսպիսի լուրջ հարցի շուրջ իսկապես լուրջ, փաստարկված կարծիքներ են լսում, որոնք պետք է հանգամանորն քննարկվեն»։
«Ամուլսարի հարցը հիմա գիտե՞ք ինչ փուլում է վստահ եմ, վարչապետը հարցրել է, ըստ էության, Շրջակա միջավայրի նախարարությունը և այժմ Շրջակա միջավայրի նախարարությունը պիտի եզրակացություն տա՝ արդյո՞ք ELARD-ի փորձաքննությունը կամ որևէ այլ իրողություն հիմք են տալիս գալու եզրակացության, թե կարիք կա նոր շմագի», - նշեց ԱԺ խոսնակը։
Հարցին էլ, թե ունի որոշակի մտահոգություններ, արձագանքեց. «Ոնց կարող է ողջախոհ մարդը չունենա մտահոգություն, ուրիշ բան, որ այդ մտահոգությունները կարող են փարատվել, չփարատվել։ Ո՞նց կարող է Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի անտարբեր լինի որևէ հանքի գործունեությամբ պայմանավորված թափոններով։ Որևէ մեկը հո էս երկրի թշնամին չի կամ էս երկրին կողքից չի դիտում, բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը և մտահոգությունները որևէ հանքի հետ կառաջանան։ Ուրիշ բան, էլի եմ ասում՝ պետք է նայենք տեսնենք ինչպես պնդվում է, ռիսկերը կառավարելի են, թե չէ, ինչպես պնդվում է կամ դեռ էդպիսի պնդում չի եղել, նոր շմագի անհրաժեշտություն կա, թե չէ»։