Մատչելիության հղումներ

Ուկրաինան ԵՄ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրեց


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ, Բրյուսել, 27-ը հունիսի, 2024թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ, Բրյուսել, 27-ը հունիսի, 2024թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում։

Ըստ համաձայնագրի՝ ԵՄ-ն պարտավորվում է օգնել Ուկրաինային, մասնավորապես, զենքի մատակարարման, ռազմական պատրաստության, տարածքների ականազերծման, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում, նշում է Reuters-ը։

Զելենսկին, սակայն, ակնկալում է, որ Եվրոպան ավելի կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա:

«Մայիսին Պուտինը փորձեց ընդլայնել պատերազմը՝ նոր հարձակում սկսելով մեր երկրի արևելքում: Մեր ժողովրդի քաջության և ձեր՝ մեր գործընկերների որոշումների շնորհիվ մենք կասեցրինք ռուսական այս հարձակումը։ Բայց ռուսական այս նոր հարձակումն ապացուցեց, որ պատերազմի համար Ռուսաստանի վրա գոյություն ունեցող ճնշումը բավարար չէ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Համաձայնագիրը տարբերվում է անվտանգության երկկողմ պայմանագրերից, որոնք Ուկրաինան ավելի վաղ կնքել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ասել են պաշտոնյաները։ Այս փաստաթղթում ոչ մի հիշատակում չկա Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին ապագա անդամակցության մասին:

Բացի այդ, ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինան անվտանգության երաշխիքների վերաբերյալ ևս երկու համաձայնագիր է ստորագրել՝ Լիտվայի և Էստոնիայի հետ։

Ուկրաինական իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ վարչապետ Դենիս Շմիգալն էլ հայտարարել է, թե Կիևը Եվրամիությունից ստացել է 1.9 միլիարդ եվրոյի նոր տրանշ՝ Ուկրաինային աջակցության բազմամյա ծրագրի շրջանակում։

Նրա խոսքով՝ 2024 թվականի սկզբից ԵՄ-ից Ուկրաինային բյուջետային ընդհանուր աջակցությունը հասել է գրեթե 8 միլիարդ եվրոյի։

Ukraine Facility-ն Ուկրաինային ֆինանսական աջակցության ծրագիր է, որի շրջանակում ԵՄ-ն մինչև 2027 թվականը կտրամադրի 50 միլիարդ եվրո։

Ուկրաինան ու Ռուսաստանը շարունակում են ռմբակոծել միմյանց տարածքներն ու օբյեկտները

Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինան ու Ռուսաստանը շարունակել են ռմբակոծել միմյանց տարածքներն ու օբյեկտները: Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ խոցել են 5 հրթիռ և 23 անօդաչու թռչող սարք։ Կան զոհեր ու վիրավորներ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտնել է 7 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին:

Ուկրաինական անօդաչուներն այս գիշեր հասել էին Մոսկվայի, Բելգորոդի և Տվերի մարզեր: Ընդ որում՝ Տվերում անօդաչուները թիրախավորել էին Ռեդկինո շրջանում տեղակայված ավիացիոն արդյունաբերության համար քիմիական արտադրանք արտադրող գործարանը։

Առաջիկայում պատերազմում կարող են ակտիվ մասնակցություն ունենալ նաև Հյուսիսային Կորեայից ստորաբաժանումներ

Չնայած վերջին ամիսներին Մոսկվան բազմիցս արդեն հայտարարել է՝ «ընդունեք մեր պայմաննները, և մենք կանգ կառնենք», պատերազմն ակտիվ շարունակվում է։ Ավելին՝ առաջիկայում դրանում կարող են ակտիվ մասնակցություն ունենալ նաև Հյուսիսային Կորեայից ստորաբաժանումներ. Փհենյանն ինժեներական և շինարարական զորքեր կուղարկի Ուկրաինայի Դոնեցկի մարզի օկուպացված շրջաններ, գրում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը:

Ավելի վաղ հարավկորեական TV Chosun հեռուստաընկերությունն էր հայտնել հյուսիսկորեական իշխանությունների նման պլանների մասին՝ վկայակոչելով հարավկորեական կառավարության ներկայացուցչին, որը ցանկացել է անհայտ մնալ։

Այդ տեղեկության համաձայն՝ հյուսիսկորեական զորքերը հուլիսին կմեկնեն Ուկրաինայի օկուպացված տարածքներ և կօգնեն վերականգնել Դոնեցկի ենթակառուցվածքները։ Հյուսիսային Կորեայի բանակն ունի 10 ինժեներական բրիգադ։ Փհենյանը կարող է տարեկան ստանալ մինչև 115 միլիոն դոլար Ռուսաստանից, եթե երեք կամ չորս բրիգադ ուղարկի օկուպացված տարածքներ։

Կրեմլի խոսնակը, սակայն, այսօր չի մեկնաբանել մամուլի հաղորդումները, թե Հյուսիսային Կորեան ինժեներական խմբեր կուղարկի Դոնբաս։ «Ոչ, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը։ Ես այստեղ ոչինչ չեմ կարող մեկնաբանել», - նման պատասխան է տվել Դմիտրի Պեսկովը լրագրողներին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 19-ին Փհենյանում ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ Համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ օգնության տրամադրում մասնակիցներից մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում: Այս այցի ժամանակ Պուտինը հայտարարել էր, թե Ընի հետ միասին դիմակայելու են Արևմուտքին, որին համարում է ռուս - ուկրաինական պատերազմի պատասխանատու:

Այսօր Կրեմլի խոսնակը կրկին հայտարարել է, թե Մոսկվան մտածում է՝ ինչ ձևով է արձագանքելու Արևմուտքին:

«Ավելին, երբ արևմտյան երկրները բացահայտորեն հայտարարում են, որ իրենց հիմնական խնդիրը ռազմի դաշտում Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, իհարկե, դա չի կարող չառաջացնել Մոսկվայի արձագանքը։ Այսպիսով, Ռուսաստանը տարբեր տարբերակներ է դիտարկում որպես պատասխան», - ասել է Պեսկովը:

ՌԴ քաղաքացիություն ստացած 10 հազար միգրանտներ ուղարկվել են Ուկրաինայի դեմ պատերազմելու

Ուկրաինական ռազմի դաշտ արտասահմանցիներին ուղարկելու փորձ Մոսկվան արդեն ունի՝ խոսքը Կենտրոնական Ասիայից Ռուսաստան եկած միգրանտների մասին է: Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն այսօր հայտարարել է, թե մոտ 10 հազար օտարերկրացիներ, ովքեր վերջերս ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, ուղարկվել են Ուկրաինայի պատերազմին:

Ռուսաստանում Միգրացիոն ծառայությունը, Բաստրիկինի խոսքով, «բռնացրել է» վերջերս Ռուսաստանի քաղաքացիութուն ստացած ավելի քան 30 հազար օտարերկրացիների, ովքեր հաշվառված չեն եղել զինվորականների մոտ։ «Նրանցից արդեն մոտ 10 հազարն ուղարկվել է հատուկ ռազմական գործողության գոտի: Այդպիսով իրավապահ մարմինները սկսեցին իրականացնել Սահմանադրության և մեր օրենքների դրույթները: Ինչի՞ն են պետք այնտեղ այս ընկերները՝ խրամատներ փորելու և ամրություններ ստեղծելու համար անհրաժեշտ են լավ աշխատող ձեռքեր»:

Քանի մարդ է զոհվել Պուտինի այս գրեթե երկուսուկես տարի տևող պատերազմում ռուսական կողմից՝ հայտնի չէ, քանիսն են ընդհանուր առմամբ զորակոչվել՝ նույնպես պարզ չէ։ Քանի որ ռուսները կանգ առնելու մտադրություն չունեն, ռազմի դաշտում նրանց նոր մարտիկներ են պետք լինելու:

Իսկ ռուսները ոչ միայն կանգ չեն առնում, այլև վերջին ամիսներին ավելի ինտենսիվ են գրոհում ճակատի միանգամից մի քանի ուղղություններով: Այսօր առավել թեժ մարտերը Դոնեցկի մարզում են, ուկրաինական կողմը հայտնում է, որ լարված իրավիճակ է Տորեցկի շրջանում։

Ի դեպ, Ուկրաինայի նախագահն այսօր Բրյուսելում անսպասելի հայտարարություն է արել՝ ասելով, թե Ուկրաինան չի ուզում, որ պատերազմը ձգձգվի, որովհետև շատ զոհեր և վիրավորներ ունի ռազմի դաշտում, և նոր խաղաղության պլան է մշակում: Նախկին պլանում Կիևը պահանջում էր, որ Ռուսաստանը դուրս գա ուկրաինական տարածքից, այդ թվում՝ Ղրիմից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG