Մատչելիության հղումներ

Մոսկվան ու Փհենյանը հայտարարում են հարաբերությունների նոր փուլի մասին


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ, Փհենյան, 19-ը հունիսի, 2024թ.
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ, Փհենյան, 19-ը հունիսի, 2024թ.

Արևմտյան կոշտ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան հայտարարում են հարաբերությունների նոր փուլի մասին։

Վլադիմիր Պուտինի՝ շքեղ մթնոլորտում անցած երկօրյա այցի շրջանակում աշխարհից գրեթե մեկուսացած երկու առաջնորդները համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնության մասին։ Մամուլի ասուլիսում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «չի բացառում Հյուսիսային Կորեայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ համաձայն ստորագրված փաստաթղթի»։

«Այսօր ստորագրված համապարփակ գործընկերության համաձայնագիրը, ի թիվս այլ բաների, նախատեսում է փոխադարձ օգնության տրամադրում այս համաձայնագրի կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում», - ասել է ՌԴ նախագահը:

Հյուսիսային Կորեայի բռնապետական առաջնորդը փաստաթուղթը «գերազանց» բառով է բնութագրել։ Ընդհանրապես, Պուտինի այցն, ըստ Հյուսիսային Կորեայի առաջնորդի, նոր փուլ է երկու երկրների հարաբերություններում։

«Այս պայմանագրի շնորհիվ մեր հարաբերությունները զարգացման նոր հեռանկարներ ստացան, դարձան դաշնակցային», - հայտարարել է Կիմ Չեն Ընը:

Պուտինը Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք է ժամանել գիշերը, սա նրա երկրորդ այցն է այդ երկիր, առաջինը 2000 թվականին էր; Օդանավակայանում նրան դիմավորել է անձամբ Կիմ Չեն Ընը։

Կարմիր գորգի վրա ջերմ գրկախառնությունից հետո Պուտինն ու Կիմը երկար ժամանակ միմյանց հրավիրում էին առաջինը նստել լիմուզին։ Փհենյանի փողոցներում Ռուսաստանի դրոշներն ու Պուտինի դիմանկարներն են կախված, տեղական հեռուստատեսությամբ ռուսական երգեր են հնչում։

Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Կիմը շեշտել է, որ իր երկրի կառավարությունը «լիակատար աջակցություն և համերաշխություն է հայտնում Ռուսաստանի կառավարությանը, բանակին և ժողովրդին հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար»։ Ավելին, Հյուսիսային Կորեայի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն այդ պատերազմը սկսել է և արդեն գրեթե երկուսուկես տարի շարունակում է «ինքնիշխանությունը, անվտանգության շահերը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։ Կիմը նաև նշել է Ռուսաստանի դերը «աշխարհում ռազմավարական հավասարակշռության պահպանման գործում»։

Պուտինն, իր հերթին, քննադատել է ԱՄՆ-ին և կրկին գովել Փհենյանին Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելու համար։ Այս մասին Պուտինը գրել էր նաև հյուսիսկորեական թերթերից մեկում իր այցից առաջ հրապարակված հոդվածում։

Հյուսիսային Կորեան աշխարհի այն քիչ երկրներից է, որն ուղղակիորեն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի հարցում։ Այս երկիրը ռուսական բանակին մատակարարում է հրետանային արկեր և, ենթադրաբար, հրթիռային համակարգեր։ Մոսկվան, ի պատասխան, ենթադրաբար օգնում է Փհենյանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներով արգելված հրթիռային ծրագրի հարցում:

Միացյալ Նահանգները և արևմտյան երկրներն անհանգստություն են հայտնում Մոսկվայի և Փհենյանի համագործակցության կապակցությամբ:

Ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը, մասնավորապես՝ «Մասնակիցներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբերելու մասին» կետը, կարող է հետևանքներ ունենալ նաև Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի վրա, նշում են արևմտյան փորձագետները, բարձրացնելով մի շարք հարցեր, մասնավորապես՝ արդյոք Ռուսաստանը կարող է Հյուսիսային Կորեային ներքաշել հակամարտության մեջ՝ հիմնավորելով միջամտության անհրաժեշտությունը ռուսական քաղաքների վրա ուկրաինական հարձակումներով:

Հյուսիսային Կորեայի հարցերով փորձագետ ԼեոնիդՊետրովն ասում է, որ 70 տարիների ընթացքում Հյուսիսային Կորեան մեծ քանակի սովետական զենք է կուտակել, որն այսօր անհրաժեշտ է Ուկրաինայում չավարտվող պատերազմ վարող Ռուսաստանին:

«Հյուսիսային Կորեայի առաջնորդն ուրախությամբ և պատրաստակամությամբ օգնում է Պուտինին և դեռ երկար ամիսներ կարող է ապահովել Ռուսաստանին սովորական զենքի մեծ քանակով, փոխարենը ուզում է ստանալ ամեն ինչ՝ մթերքից մինչև բենզին, գազ», - նշում է Պետրովը:

Միաժամանակ, փորձագետն ասում է, թե Մոսկվայի և Փհենյանի նման մերձեցումը դուր չի գալիս և մտահոգություն է առաջացնում ոչ միայն Սեուլում, Տոկիոյում և Վաշինգտոնում, այլև Պեկինում, որը համարվում էր Հյուսիսային Կորեայի ամենամեծ դաշնակիցն ու ըստ էության հովանավորը։

Պուտինի ասիական այս ճամփորդության հաջորդ կանգառը Վիետնամն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG