Միջազգային քրեական դատարանն այսօր Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի գործող պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու հրաման է տվել։ Երկուսն էլ մեղադրվում են ենթադրյալ ռազմական հանցանքների համար, Ուկրաինայի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, մասնավորապես, էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորելու համար։
Ռուսաստանի անվտանգության խորհուրդը ձերբակալության այս օրդերները «աննշան» է որակել։
«Սա ցնցում է օդում, քանի որ ՄՔԴ-ի իրավասությունը չի տարածվում Ռուսաստանի վրա և ընդունվել է որպես մեր երկրի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմի մի մաս»,- «Ինտերֆաքս»-ին փոխանցել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Անցած տարի Միջազգային քրեական դատարանը նաև նախագահ Պուտինին և երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման էր տվել՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին ապօրինի արտաքսելու համար։
Նման զարգացումների, Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթի ու 2.5 տարի շարունակվող պատերազմի ֆոնին Ռուսաստանի նախագահը վերջին շաբաթներին սկսել է խոսել ռազմական գործողությունները կանգնեցնելու ու բանակցությունների մասին, բայց Մոսկվայի պայմաններով։ Հունիսի կեսերին Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է հրադադարի և բանակցությունների, եթե Կիևն ամբողջությամբ դուրս բերի զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից, ինչպես նաև հրաժարվի անդամակցել ՆԱՏՕ-ին:
«Եթե այս պայմանները կատարվեն, ապա Մոսկվան «նույնիսկ վաղը» կնստի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել էր Պուտինը։
Ուկրաինայում Ռուսաստանի նախագահի պահանջները «վերջնագիր» էին անվանել։ Նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ նման առաջարկներին չի կարելի վստահել, մինչդեռ Կրեմլը շարունակում է պնդել, թե բանակցությունները սկսելու միակ տարբերակը սա է։
Այսօր էլ Պրիմակովյան ընթերցումներին մասնակիցներին ուղղված ուղերձում, որն ընթերցել է Պուտինի օգնականը, Ռուսաստանի նախագահը դարձյալ պնդել է, թե Մոսկվայի ներկայացրած խաղաղության առաջարկներն իսկապես հակամարտության ավարտ են նախատեսում։
«Հուսով եմ, որ, ի տարբերություն շատ արևմտյան քաղաքական գործիչների, ովքեր նույնիսկ չցանկացան խորանալ մեր առաջ քաշած նախաձեռնության էության մեջ, ֆորումի մասնակիցները մտածված և ռացիոնալ կմոտենան դրա քննարկմանը և կկարողանան տեսնել, որ այն իսկապես հնարավորություն է տալիս դադարեցնել հակամարտությունը և անցել քաղաքական և դիվանագիտական կարգավորման», - նշված է ուղերձում:
Հնարավոր բանակցությունների մասին խոսում են նաև ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալթ Թրամփի թիմում։ Թրամփի երկու առանցքային խորհրդականների ծրագիրը հրապարակել է «Ռոյթերզը»։
Նախկին նախագահը ենթադրաբար կարող է հավանություն տալ այս ծրագրին, եթե հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Այս ծրագրի համաձայն՝ Կիևը կշարունակի ամերիկյան զենք ստանալ, եթե ներգրավվի խաղաղության բանակցություններում։ Իսկ եթե Մոսկվան հրաժարվի բանակցություններից, ամերիկյան իշխանությունները կմեծացնեն աջակցությունը Կիևին։
Թրամփի խորհրդականների ծրագրի համաձայն՝ խաղաղ բանակցությունների ընթացքում հրադադար կհաստատվի, ընդ որում՝ այն գծով, որտեղ այդ պահին կանգնած են կողմերը։
Մեկնաբանելով Թրամփի խորհրդականների առաջարկած ծրագիրը, Ռուսաստանի նախագահի խոսնակն ասել է, որ պետք է հաշվի առնվի իրավիճակը տեղում։