Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը հեռակա ձերբակալել է Նավալնիի այրուն


Յուլիա Նավալնայա, արխիվ
Յուլիա Նավալնայա, արխիվ

Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա ձերբակալել է փետրվարին գաղութում մահացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի այրուն՝ Յուլիա Նավալնայային՝ ծայրահեղական գործունեությամբ զբաղվելու մեղադրանքով։ Նավալնայան այժմ գտնվում է արտերկրում, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Ըստ «Ինտերֆաքս»-ի աղբյուրի՝ հետաքննությունը Նավալնայային մեղադրում է իշխանություններին վարկաբեկող տեսանյութեր ստեղծելու, տարածելու և ծայրահեղական կազմակերպություն ճանաչված Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի օգտին նվիրատվություններ հավաքելու համար:

«Օտարերկրյա գործակալ, հետո՝ քրեական գործ, հետո՝ ձերբակալություն», - արձագանքել է Յուլիա Նավալնայան իր ձերբակալության լուրերին՝ հավելելով. - «Երբ սրա մասին գրելու լինեք, խնդրում եմ չմոռանաք նշել գլխավորը՝ Վլադիմիր Պուտինը մարդասպան է և ռազմական հանցագործ։ Նրա տեղը բանտում է, և ոչ թե Հաագայում՝ ինչ-որ հարմարավետ, հեռուստացույցով խցում, այլ Ռուսաստանում՝ նույն գաղութում և նույն 2-3 մետրանոց խցում, որտեղ նա սպանեց Ալեքսեյին»:

Անցած շաբաթ Յուլիա Նավալնայան դարձավ Human Rights Foundation իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը՝ այս պաշտոնում փոխարինելով Գարի Կասպարովին։

Time հանդեսը ապրիլին Նավալնայային ներառել էր աշխարհի ամենազդեցիկ մարդկանց թոփ 100-ում: Ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ որոշել է շարունակել ամուսնու գործը՝ «մարդկանց հույս տալու համար»:

«Եվ ամենից շատ ուզում եմ, որ Կրեմլն ու նրա պաշտոնյաները հասկանան՝ եթե Ալեքսեյին սպանել են, ուրեմն ես կզբաղեցնեմ նրա տեղը։ Եթե ինձ մի բան անեն, ուրիշ մարդ կգա։ Ռուսաստանում շատ մարդիկ կան, ովքեր դեմ են այս իշխանությանը», - հայտարարել է Նավալնայան։

Նավալնիի թիմակիցները Ռուսաստանից հեռացել են, իսկ ովքեր չեն հասցրել, կարող են ամեն րոպե ձերբակալվել կամ հետապնդումների ենթարկվել, ինչպես տեղի ունեցավ ռեժիսոր Ժենյա Բերկովիչի և դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկի հետ։ Այս շաբաթասկզբին Ռուսաստանի դատարանը նրանց վեց տարվա ազատազրկման դատապարտեց թատերական բեմադրության համար: Դատարանը որոշեց, որ ներկայացումը, որի համար ավելի վաղ Բերկովիչը «Ոսկե դիմակ» մրցանակ էր ստացել, արդարացնում է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսությունը։

Ազատազրկումից բացի, դատարանը նաև արվեստագետներին երեք տարով արգելել է համացանցի, էլեկտրոնային տեխնոլոգիաների կամ հաղորդակցության այլ միջոցների հետ կապված գործունեությամբ զբաղվել։

«Ռուսական իշխանությունները շինծու պատրվակներով գործեր են հարուցում՝ հատկապես ուկրաինական պատերազմը քննադատողներին է՛լ ավելի մեկուսացնելու համար», - անցած ամիս հայտարարել էր Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Պուտինի քննադատ, այլախոհ Վլադիմիր Կարա-Մուրզան, օրինակ, որ դատապարտվել է 25 տարվա ազատազրկման մի շարք շինծու մեղադրանքներով, 14 ամիս՝ ավելի քան մեկ տարի, զրկված է եղել կնոջն ու երեխաներին զանգահարելու հնարավորությունից։ Չնայած առողջական լուրջ խնդիրներին՝ նրան նույնպես, Ալեքսեյ Նավալնիի նման, պարբերաբար պատժախուց են ուղարկում շինծու մեղադրանքներով։

Անցած տարի OVD-Info իրավապաշտպան նախագիծ ամփոփել էր 2012-2023 թվականներին Ռուսաստանում քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ենթարկվածների ցանկը։ Ըստ այդ բազայի՝ քաղաքական դրդապատճառներով այսօր Ռուսաստանում ազատազրկված է 1000-ից ավելի մարդ, 747-ն արդեն դատապարտվել է և տեղափոխվել գաղութներ։ Ստացվում է, որ Ռուսաստանում այսօր ավելի շատ քաղբանտարկյալներ կան, քան Սովետական Միության վերջին տասնամյակում. այն ժամանակ, իրավապաշտպան «Մեմորիալ» կազմակերպության տվյալներով, քաղբանտարկյալների թիվը մոտ 700 էր։

XS
SM
MD
LG