Ալեքսեյ Նավալնու հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 1-ին Մոսկվայի արվարձաններից մեկում՝ Մարինոյի եկեղեցում, նրա դին հողին կհանձնվի նույն օրը՝ Բորիսովի գերեզմանատանը, հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:
Առայժմ հստակ չէ՝ արդյոք աջակիցներին թույլ կտվի ներկա լինել հիշատակի արարողություններին, և ինչպես կարձագանքեն իրավապահները, եթե տեղում բողոքի ակցիաներ սկսվեն։ Հաղորդվում է միայն, որ Մոսկվայի և մերձմոսկովյան շրջանների ոչ միայն պետական, այլև մասնավոր գործակալությունների մեծ մասը հրաժարվել է սգո արարողության համար սրահ տրամադրել։
«Պուտինը սպանեց ամուսնուս: Նրա հրամանով Ալեքսեյին երեք երկար տարիներ խոշտանգում էին, սոված պահում էին քարե վանդակի մեջ, մաս առ մաս կտրում էին նրան արտաքին աշխարհից, զրկում այցելություններից, զանգերից, անգամ՝ նամակներից։ Հետո սպանեցին։ Ծաղրեցին նրա դին, ծաղրեցին մորը», - ասել է Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան։
47-ամյա Նավալնու դին մահվանից 9 օր անց միայն՝ անցած շաբաթավերջին հանձնեցին մորը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա հանկարծամահ է եղել Հեռավոր Հյուսիսի գաղութում, թիմակիցները, սակայն, վստահ են, որ քաղաքական շարժառիթներով ազատազրկված Նավալնուն բանտում սպանել են։ Նույնը պնդեց նաև կինը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։ Նավալնայան, որ ամուսնու մահվանից հետո խոստացել է շարունակել նրա գործը, այսօր պնդեց՝ «Պուտինը արյունոտ ձեռքերով մաֆիոզ է, որի դեմ պետք է պայքարել ոչ թե քաղաքական, այլ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մեթոդներով»:
«Ոչ թե դիվանագիտական նոտաներ, այլ՝ բարդ ֆինանսական սխեմաների հետաքննություն: Ոչ թե մտահոգության արտահայտություններ, այլ՝ արևմտյան երկրներում մաֆիայի համախոհների, աննկատ իրավաբանների և ֆինանսիստների որոնում, որոնք օգնում են Պուտինին և նրա ընկերներին թաքցնել փողերը: Այդ պայքարում դուք հուսալի դաշնակիցներ ունեք՝ տասնյակ միլիոնավոր ռուսաստանցիները, որոնք Պուտինի դեմ են, պատերազմի դեմ են, Պուտինի բերած չարիքի դեմ են։ Դուք պետք է ոչ թե նրանց հետապնդեք, այլ՝ հակառակը, աշխատեք նրանց հետ, աշխատեք մեզ հետ», - ասել է Նավալնայան:
Նավալնիի թիմակիցները նույնպես պնդում են, որ շարունակելու են նրա գործը, և որպես առաջին քայլ առաջարկում են կողմնակիցներին նախագահական ընտրությունների օրը՝ մարտի 17-ին, կեսօրին միասնաբար գալ ընտրատեղամասեր, անվավեր դարձնել քվեաթերթիկը կամ՝ ձայն տալ ցանկացած թեկնածուի՝ Պուտինից բացի՝ ինչպես Նավալնին էր հորդորել կալանավայրից։
«Դա նրա վերջին կամքն է, որ մենք պետք է կատարենք», - երեկ տեսաուղերձում ասել է Նավալնիի մտերիմ Լեոնիդ Վոլկովը:
«Սա նաև քաղաքացիական հոգեհանգստի արարողություն է, եթե կուզեք՝ սա ակցիա է Ալեքսեյ Նավալնիի հիշատակին։ Սա ակցիա է, որը Ալեքսեյ Նավալնին մեզ խնդրել է իրականացնել», - նշել է նա:
Վոլկովը նաև վստահեցնում է, որ մարտի 17-ից հետո էլ է պայքարը Պուտինի իշխանության դեմ շարունակվելու՝ «մինչև ռեժիմը վերջնականապես փլուզվի»։
«Մարտի 17-ից հետո կլինեն նոր քաղաքական նախագծեր, կլինեն նոր գաղափարներ, այնպիսիք, որոնցով մենք ինքներս պետք է հանդես գանք՝ առանց Ալեքսեյի, բայց նրա սկզբունքներով, իր թելադրանքով։ Փետրվարի 1-ին սոցցանցերում իր վերջին գրառման մեջ Ալեքսեյ Նավալնին կոչ էր արել աջակիցներին մարտի 17-ի ուղիղ կեսօրին գալ ընտրատեղամասեր և քվեարկել Պուտինի դեմ՝ դա անվանելով «իսկական համառուսական բողոքի ակցիա», որը «լիովին օրինական է և անվտանգ», - ընդգծել է Նավալնիի թիմակիցը։
Ընդդիմադիր գործչի մահվանից հետո օրեր շարունակ ռուսաստանցիները մեծ ու փոքր քաղաքներում դուրս էին գալիս փողոց։ Անցած տասը օրում իրավապահները հարյուրավոր մարդկանց են բերման ենթարկել՝ ծաղիկ խոնարհելու կամ Նավալնու հիշատակը հարգելու համար։ Նրանց մի մասի դեմ քրեական գործեր են հարուցել, մի մասին ուկրաինական ճակատ մեկնելու ծանուցագրեր տվել։