Ռուսաստանի ընդդիմության հանգուցյալ լիդեր Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան տեսաուղերձ է հրապարակել Վլադիմիր Պուտինի այսօրվա երդմնակալության կապակցությամբ։
«Ի՞նչ եք հիշում Պուտինի նախորդ ժամկետի մասին, նա, իհարկե, կարող է անվանել այն, ինչպես ուզում է, բայց դուք չեք կարող խաբել այն մարդկանց, ովքեր ուղարկվում են ռազմաճակատ: Գիտե՞ք, թե քանի մարդ է զոհվել այս արյունալի և անիմաստ պատերազմում», - նշել է Նավալնայան տեսաուղերձում:
Նրա փոխանցմամբ, Ռուսաստանում կան «մի քանի հարյուր» քաղբանտարկյալներ, և ամեն օր նոր գործեր են հարուցվում, «պետությունը հետզհետե ավելի է ներխուժում իր քաղաքացիների անձնական կյանք»։
«Անձամբ ինձ համար Պուտինի վեց տարին {նախագահության վերջին ժամկետը} այն տարիներն են, երբ ամուսինս՝ Ալեքսեյ Նավալնին, ազնիվ ու խիզախ մարդ, Ռուսաստանի իսկական հայրենասեր, հալածվել է, թունավորվել քիմիական զենքով, դատվել, երեք տարի խոշտանգվել բանտում և սպանվել։ Եվ Պուտինն է դա արել», - ասել է Նավալնայան՝ ավելացնելով, որ Պուտինի խոստումները ոչ միայն դատարկ են, այլև՝ սուտ:
«Սա շարունակվում է արդեն 25 տարի: Նույնը կլինի այս անգամ {պաշտոնավարման նոր վեցամյա ժամանակաշրջանում}: Նրա յուրաքանչյուր ժամկետի հետ ամեն ինչ միայն դեպի վատն է գնում: Սարսափելի է պատկերացնել, թե դեռ ինչ կլինի: Պուտինը մնա իշխանության ղեկին՝ մեր երկիրը չի ունենա ո՛չ խաղաղություն, ո՛չ զարգացում, ո՛չ ազատություն», - ասել է Յուլիա Նավալնայան:
Նա հայտարարել է, թե պետք է ապահովել, որ ոչ ոք չհավատա Պուտինին՝ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ նրա սահմաններից դուրս։
«Հենց հիմա մեր երկիրը կառավարում է մի ստախոս, գող և մարդասպան, բայց դա անպայման կավարտվի», - նշել է Նավալնիի այրին։
Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։ Մահից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկել են պատժախուց, որում ավելի խիստ պայմաններ են, քան սովորական խցերում։ Քաղաքական գործչի հետևորդների համոզմամբ՝ նրան կա՛մ սպանել են, կա՛մ մահվան են հասցրել։