ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում երեկ հանդիպել է ռուսաստանյան բանտում մահացած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրուն՝ Յուլիա Նավալնայային և դստերը՝ Դարիային, իր ցավակցությունները հայտնել։
Այս մասին Բայդենը նաև գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
Ըստ Սպիտակ տան հաղոդագրության՝ նախագահն իր հիացմունքն է հայտնել Ալեքսեյ Նավալնիի «արտասովոր խիզախության», ինչպես նաև կոռուպցիայի դեմ, ազատ և ժողովրդավարական Ռուսաստանի համար պայքարում նրա թողած ժառանգության համար՝ ընդգծելով, որ «Ալեքսեյի ժառանգությունը ամբողջ աշխարհում և Ռուսաստանում կրելու են նրանք, ովքեր սգում են նրա մահն ու պայքարում հանուն ազատության»։
ԱՄՆ նախագահը նաև հաստատել է, որ ի պատասխան Նավալնիի մահվան, ինչպես նաև Ուկրաինայում ագրեսիայի, Վաշինգտոնը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր խոշոր պատժամիջոցների մասին։
France-Presse գործակալությունը և CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության անանուն պաշտոնյային, տեղեկացնում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակում, որ Բայդենի վարչակազմը հրապարակելու է այսօր, ընդգրկված են 500 իրավաբանական և ֆիզիկական անձինք։