Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի այրին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում և կոշտ քննադատություն հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին՝ նրան անվանելով «քրեական խմբավորման առաջնորդ»։
Յուլիա Նավալնայան պնդել է՝ Պուտինը պետք է պատասխան տա «Ալեքսեյ Նավալնիի և հրաշալի հարևան երկրի հետ տեղի ունեցածի» համար։
«Պուտինն ընդունակ է ամեն ինչի, և նրա հետ չարժե պայմանավորվել», - հայտարարել է Նավալնայան և եվրոպացի քաղաքական գործիչներին կոչ արել բանակցություններ չվարել Կրեմլի հետ ոչ Ուկրաինայի, ոչ էլ այլ հարցերով, փոխարենը՝ հետաքննել Պուտինի և նրա մերձավոր շրջապատի գործունեությունն ու ֆինանսական հոսքերը։
Պուտինի կոշտ ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին՝ հեռավոր հյուսիսի գաղութում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա հանկարծամահ է եղել, սակայն թիմակիցները վստահ են, որ քաղաքական շարժառիթներով ազատազրկված Նավալնիին բանտում սպանել են։