Մատչելիության հղումներ

Մահմուդ Աբասը հայտարարել է Գազայի հատված մեկնելու մտադրության մասին


Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը երեկ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում հայտարարեց Գազայի հատված ու Երուսաղեմ մեկնելու մտադրության մասին, պաղեստինյան կառավարության բոլոր անդամների հետ միասին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ արեց ապահովել այդ նախաձեռնության իրականացումը։

«Ես հայտարարում եմ ձեր և ամբողջ աշխարհի առաջ, քանի որ այլ լուծումներ չկան, և առաջին հերթին մեր պաղեստինցի ժողովրդի առաջ, որ ես որոշել եմ Պաղեստինի ղեկավարության բոլոր անդամների հետ գնալ Գազայի հատված: Ես կաշխատեմ իմ ամբողջ էներգիայով, որպեսզի մենք կարողանանք լինել մեր ժողովրդի հետ՝ դադարեցնելու այս բարբարոսական ագրեսիան, նույնիսկ եթե այն արժենա մեր կյանքը, քանի որ մեր կյանքն ավելի թանկ չէ, քան սիրելի Գազայի հատվածի ամենափոքր երեխայի կյանքը։ Երկուսից մեկը՝ հաղթանակ կամ նահատակություն», - նշել է Աբասը։

Մահուդ Աբասի ելույթի ժամանակ, որը հաճախ ուղեկցվում էր ծափահարություններով, խորհրդարանի դահլիճում էին նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, կառավարության անդամները։ Ավելի քան 45 րոպե շարունակված իր ելույթում Աբասն ասել է, թե կշարունակեն անկեղծորեն աշխատել ազգային միասնության համար, հավաստիացնելով, որ այդ ուղղությամբ երկխոսություն կա և նշել է, որ ազգային միասնությունը թշնամուն հաղթելու ամենակարճ ճանապարհն է:

«Մեր միասնությունը Պաղեստինի ազատագրման կազմակերպության դրոշի ներքո՝ Պաղեստինի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչն է, մեր ապահովությունը, մեր փրկության կամուրջն ու մեր ճանապարհը դեպի ազատություն ու անկախություն», - հայտարարել է պաղեստինյան ինքնավարության առաջնորդը։

Գազայի հատված այցելելու մտադրության մասին Մահմուդ Աբասի հայտարարությունն ուշագրավ է հատկապես հետպատերազմյան շրջանում Պաղեստինի ապագայի և Գազայի հատվածի կառավարման շուրջ քննարկումների ֆոնին։

Աբասը պաղեստինյան Արևմտյան ափի և ավելի չափավոր համարվող «Ֆաթահ» կուսակցության առաջնորդն է։ Իսկ Գազայի հատվածը «Համաս»-ի վերահսկողության ներքո է, որը ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։

«Ֆաթահ»-ի և «Համաս»-ի միջև հակասություններ, իսկ նախկինում նույնիսկ բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով «Ֆաթահ»-ը դուրս էր մղվել Գազայի հատվածից։

«Համաս»-ը բազմաթիվ սադրանքներ է գործել Իսրայելի դեմ, իսկ անցած տարվա հոկտեմբերի 7-ին հարձակվեց Իսրայելի սահմանամերձ բնակավայրերի վրա։ Իսրայելը հաղորդել էր իր կողմից 1200 զոհի ու մի քանի հարյուր պատանդի մասին, որոնց մի մասը դեռ պահվում է Գազայում։ Իսրայելական բանակը պատասխան ռազմական գործողություններ էր սկսել, որ շարունակվում են մինչ այժմ։ Ըստ պաղեստինյան կողմի՝ այդ հատվածում զոհերի թիվն անցնում է 40 հազարը։

Պատերազմը դադարեցնելու, վերջնական հրադադար հաստատելու բանակցությունները դեռ առարկայան արդյունքներ չեն տալիս: Այսօր Քաթարում շարունակվում են երեկվանից սկսված միջնորդների բանակցությունները, որոնց «Համաս»-ի ներկայացուցիչները չեն մասնակցում։

Մահմուդ Աբասը Անկարա էր այցելել Թուրքիայի իշխանությունների հրավերով։ Չորեքշաբթի օրը նա առանձին հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ քննարկելով Գազայի հատվածում հրադադար հաստատելու ջանքերը։

Անցած հուլիսին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էր այցելել Միացյալ Նահանգներ ու ելույթ ունեցել Կոնգրեսում։ ԱՄՆ-ն Իսրայելի սերտ դաշնակիցն է և անսասան աջակցություն է ցուցաբերում, այդ թվում՝ ռազմական օգնություն՝ «Համաս»-ի դեմ պայքարում։

Իսկ Թուրքիան բազմիցս հայտնել է իր աջակցությունը «Համաս»-ին ու Պաղեստինի ժողովրդին, դատապարտել Իսրայելի ռազմական գործողությունները, խզել առևտրային կապերը Իսրայելի հետ։ Թուրքիան նաև հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ միանալու Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին, որը Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ։

Միջազգային հանրությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության հանգուցալուծումը տեսնում է երկու պետության գաղափարը իրականացնելու միջոցով։

Վերջերս Հայաստանը, հետևելով եվրոպական մի քանի երկրների օրինակին, ճանաչել է Պաղեստինի անկախությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG