Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան ողջունել են Գազայի հարցով բանակցությունները վերսկսելու կոչերը


Գազա, 11-ը օգոստոսի, 2024թ․
Գազա, 11-ը օգոստոսի, 2024թ․

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները կոչ են արել՝ Մերձավոր Արևելքում «տարածաշրջանային կայունություն ապահովել»՝ հորդորելով Իրանին և իր դաշնակիցներին «չվտանգել հրադադարի և պատանդների ազատ արձակման հնարավորությունը Գազայում»։

Այսօր արված համատեղ հայտարարության մեջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ողջունել են Իսրայելի և «Համաս»-ի միջև բանակցություններն անհապաղ վերսկսելու ԱՄՆ-ի և տարածաշրջանայի դերակատարների կոչերը։

«Այս բանակցությունների «հետաձգում» չի կարող լինել», - ասված է համատեղ հայտարարության մեջ։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 39 հազարը։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ անցյալ շաբաթ՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանությունից հետո։

Օգոստոսի 10-ին ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդները համատեղ պահանջ ներկայացրեցին Իսրայելին և «Համաս»-ին՝ վերադառնալ Գազայի շուրջ առաջացած փակուղի բանակցություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG