Գազայի դպրոցին իսրայելական ավիահարվածի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել, հողորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ծայրահեղական «Համաս» խմբավորման կողմից վերահսկվող Գազայի իշխանություններին։
Հաղորդվում է նաև տասնյակ վիրավորների մասին։
Ըստ Associated Press-ի՝ սա ամենամահաբեր հարվածն էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի հետ Իսրայելի պայքարի տասը ամիսների ընթացքում։
Նշվում է, որ դպրոցում գտնվում էին պաղեստինցիներ, ովքեր ստիպված լքել էին իրենց տները պատերազմի պատճառով։ Ըստ ականատեսների՝ հարվածը եղել է արևածագից առաջ՝ առավոտյան աղոթքի ժամանակ։ Հաղորդվում է երկու հրթիռի հարվածի մասին։
Իսրայելն ընդունել է դպրոցի վրա հարձակումը՝ ասելով, որ այնտեղ տեղակայված է ծայրահեղական «Համաս»-ի հրամանատարական կենտրոնը: Իսկ պաղեստինցիների մահվան համար Իսրայելը մեղադրել է «Համաս»-ին՝ դպրոցներն ու բնակելի տարածքները որպես բազա օգտագործելու համար։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 39 հազարը։
Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:
ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդները երեկ համատեղ պահանջ են ներկայացրել Իսրայելին և «Համաս»-ին՝ հաջորդ շաբաթ վերադառնալ Գազայի շուրջ առաջացած փակուղի բանակցություններին։