Հայաստանը ողջունում է Գազայի հարցով ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ղեկավարների նախաձեռնությունը։
«Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ երկրում վտանգված են մարդկային կյանքերն ու խաղաղությունը, Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ղեկավարների նախաձեռնությունը։ Հուսով ենք, որ հաջորդ քննարկումների ընթացքում շոշափելի արդյունք ձեռք կբերվի, որը կթեթևացնի մարդկանց տառապանքը», - գրված է արտգործնախարարության X-ի էջում։
ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդները համատեղ պահանջ են ներկայացրել Իսրայելին և «Համաս»-ին՝ հաջորդ շաբաթ վերադառնալ Գազայի շուրջ առաջացած փակուղի բանակցություններին։
«Այլևս հնարավոր չէ ժամանակ կորցնել, և կողմերից և ոչ մեկը այլևս չունի արդարացումներ հարցը հետաձգելու համար», - ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 39 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է ծայրահեղական «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: