Մատչելիության հղումներ

Բլինքենն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել


Բլինքեն-Ֆիդան հանդիպում Նյու Յորքում, 22-ը սեպտեմբերի, 2023թ․
Բլինքեն-Ֆիդան հանդիպում Նյու Յորքում, 22-ը սեպտեմբերի, 2023թ․

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել տարածաշրջանում լարվածության աճը կանխելու և Գազայում հրադադարի հասնելու ջանքերը։

Ըստ Պետդեպարտամենտի՝ Բլինքենը կարևորել է ծայրահեղական «Համաս»-ի ներկայությունն օգոստոսի 15-ին կայանալիք Գազայի հարցով բանակցություններին՝ անհապաղ և կայուն հրադադար հաստատելու, բոլոր պատանդներին ազատ արձակելու համար։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ը հայտարարել է, որ չի մասնակցի հինգշաբթի օրը Դոհայում կամ Կահիրեում նախատեսված հրադադարի բանակցություններին, իսկ Թուրքիան լավ հարաբերություններ ունի ծայրահեղական խմբավորման առաջնորդների հետ։

Հինգշաբթի նախատեսված հրադադարի բանակցությունները ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի ղեկավարների նախաձեռնությունն է։ Երեք երկրների ղեկավարները պահանջել են վերսկսել բանակցությունները և վերջնական տեսքի բերել հրադադարի համաձայնագիրը՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին։

Իսրայելը հայտարարել է, որ պատվիրակություն կուղարկի այդ բանակցություններին։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 39 հազարը։

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ հուլիսի վերջին՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանություններից հետո։

Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:

ԱՄՆ-ը չի բացառել, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա տեղի ունենա «այս շաբաթ»։ Իսրայելն էլ իր զորքերը բերել է մարտական բարձր պատրաստվածության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG