Մատչելիության հղումներ

Իրավիճակը Կուրսկի մարզում. առնվազն 200 հազար բնակիչ է տարհանվել


Ռուսաստանը առնվազն 200 հազար մարդ է տարհանել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, թե հրթիռների, անօդաչուների ու օդային հարվածների օգնությամբ կանխել է Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի մարզի Կաուչուկ, Օբշչի Կոլոդեզ և Ալեքսեևսկի բնակավայրեր, որոնք գտնվում են Ռուսաստանի սահմանից ներս՝ 28 կիլոմետր խորության վրա։

Արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակվող լայնածավալ այս ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանը ստիպված է եղել առնվազն 200 հազար մարդ տարհանել Ուկրաինայի հետ սահմանամերձ գոտիներից։ Օրինակ՝ 14 հազարից ավելի բնակչություն ունեցող Կրասնոյարուժսկի շրջանում, ըստ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի, հատուկենտ մարդիկ են մնացել։

«Օպերատիվ իրավիճակի պատճառով Կրասնորուժսկի շրջանը լքել է ավելի քան քան 11 հազար մարդ, մոտ հազար մարդ այսօր գտնվում է ժամանակավոր կացարաններում», - ասել է նա։

Պաշտոնական Մոսկվան երեկ ընդունել էր, որ 28 բնակավայր գտնվում է ուկրաինական բանակի վերահսկողության տակ, ինչն ամենամեծ ներխուժումն է Ռուսաստանի տարածք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Մինչ նախագահ Պուտինը հրահանգում է արժանի հակահարված տալ ու ետ շպրտել հակառակորդին, ուկրաինացի զինվորները շարունակում են տեսանյութեր հրապարակել ռուսական քաղաքներից ու գյուղերից, որտեղ իրենց դրոշն են բարձրացնում։

Քանի դեռ Պուտինը շարունակի պատերազմը, նա կստանա նման պատասխաններ Ուկրաինայից. ԱԳՆ խոսնակ

Պաշտոնական Կիևը միաժամանակ հայտարարում է, թե հարևան երկիր է մտել ոչ թե տարածքներ օկուպացնելու, այլ սեփական անվտանգությունն ամրապնդելու համար։

«Որքան շուտ Ռուսաստանը համաձայնի վերականգնել արդար խաղաղությունը, այնքան շուտ կդադարեն ուկրաինական արշավանքները Ռուսաստանի տարածքում: Քանի դեռ Պուտինը շարունակի պատերազմը, նա կստանա նման պատասխաններ Ուկրաինայից», - այսօր Կիևում հայտարարել է Արտգործնախարարության խոսնակը։

Նախագահ Զելենսկին էլ երեկ շեշտել է՝ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել հենց այն տարածքները, որտեղից ռուսները հրետակոծում էին ուկրաինական Սումիի մարզի խաղաղ բնակավայրերը։

«Մենք տեսնում ենք, թե ինչ ճանապարհ է անցել Ռուսաստանը Պուտինի օրոք. 24 տարի առաջ տեղի ունեցավ Կուրսկի աղետը՝ նրա թագավորության խորհրդանշական սկիզբը, և հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է դա ավարտվում, սա նաև նրա պատերազմի աղետն է», - ասել է նա։

Մեկ շաբաթ առաջ սկսված հարձակման հետևանքով ռուսաստանցի տասնյակ զինվորականներ հայտնվել են գերության մեջ. այս մասին սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր կան, որոնց իսկությունը, սակայն, պաշտոնապես մինչ այժմ չի հաստատվել։ Ուկրաինայի նախագահը, սակայն, երեկ շնորհակալություն է հայտնել ուկրաինացի զինվորականներին՝ Ուկրաինայի փոխանակման ֆոնդը համալրելու համար. - «Մեզ համար սկզբունքային է մեր ողջ ժողովրդին ռուսական գերությունից վերադարձնելը»։

Ուկրաինան, անցնելով այս կարմիր գիծը, ռուսներին մեծ խնդրի առջև է կանգնեցրել. վերլուծաբան

Ուկրաինայի այս ներխուժումը ծանր իրավիճակ է ստեղծել Ռուսաստանի համար, որը ստիպված է ապահովել հազար կիլոմետրից ավելի երկարություն ունեցող սահմանի պաշտպանությունը պատերազմական պայմաններում։

«Ուկրաինան, անցնելով այս կարմիր գիծը, ռուսներին մեծ խնդրի առջև է կանգնեցրել», - «Ազատությանն» ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Ռուսաստանի գծով ավագ վերլուծաբան Օլեգ Իգնատովը. - «Այնպիսի իրավիճակում, երբ սահմանին, ըստ էության, չկան զորքեր, այո, չկա պաշտպանական գիծ, արևմտյան տեխնիկայով ցանկացած վարժեցված բրիգադ կարող է մանևրային պատերազմ վարել։ Եվ դա դժվար գործ չէր Ուկրաինայի համար: Այնպես որ, դա ընդամենը քաղաքական կամքի, քաղաքական որոշման խնդիր էր»։

Մյուս կողմից, նշել է փորձագետը, նույնիսկ այս հաջողության ֆոնին ակնհայտ է, որ ռուսները մեծ առավելություն ունեն օդում, ինչը կարող է չեզոքացնել Ուկրաինայի անակնկալ հաջողությունը Կուրսկում։ Բրիտանական Chatham House-ի փորձագետ Մարիոն Մեսսերն էլ նկատում է, որ մարտերն ընթանում են ռազմավարական նշանակություն ունեցող Կուրսկի ատոմակայանի մերձակայքում՝ մեծացնելով միջուկային ռիսկերը։

«Ռուսաստանի զինվորական անձնակազմ ավելի մեծ է... Ռուսաստանը, ենթադրաբար, պատրաստվում է բավականին ուժգին հակահարված հասցնել», - շեշտել է նա:

Այսօր Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի տարածքի 18 տոկոսը։ Ուկրաինան մինչ այս հարձակումը շարունակում էր տարածքներ կորցնել՝ չնայած ԱՄՆ-ի և Եվրոպայի զգալի ռազմական աջակցությանը։ Ու թեև Ռուսաստանը խնդիրներ ունի սեփական հողում, շարունակում է ներխուժումը Ուկրաինա՝ առաջ գնալով Դոնեցկի մարզում։ Հատկապես թեժ է Տորեցկ քաղաքի մոտ, որտեղ ուկրաինական բանակը դիրքեր է կորցնում գերթե ամեն օր։ Այս ֆոնին, ըստ վերլուծաբանների, երկու կողմն էլ փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ հնարավոր բանակցություններում առավելագույնը ստանալու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG