Ռուսական 28 բնակավայր՝ ուկրաինական վերահսկողության տակ, 120 հազարից ավելի մարդ՝ տեղահանված․ ռուսական կողմն այսօր՝ ուկրաինական ներխուժման 7-րդ օրը, առաջին անգամ հստակ թվեր է հրապարակել՝ խոստովանելով, որ ուկրաինական բանակը լուրջ խնդիրներ է առաջացրել գերտերության համար։
«Ներկայումս իրավիճակը (Կուրսկի) շրջանում ծանր է, 28 բնակավայր գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, Կուրսկի տարածք ներխուժման խորությունը 12 կիլոմետր է, ճակատի երկայնքով լայնությունը՝ 40 կիլոմետր», - հայտարարել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
Նահանգապետի խոսքով՝ տեղական իշխանությունները տեղեկություն չունեն մոտ 2 հազար մարդու ճակատագրի մասին, քանի որ նրանք գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող բնակավայրերում։ Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնյայի, մինչ օրս զոհվել է 12, վիրավորվել՝ 121 բնակիչ, այդ թվում՝ 10 երեխա։
Նախագահ Պուտինն այսօր անվտանգության ուժերի ղեկավարների հետ հերթական հանդիպումն է անցկացրել: «Թշնամին անպայման արժանի արձագանք կստանա, և մենք անկասկած կհասնենք մեր նպատակներին», - վստահեցրել է Վլադիմիր Պուտինը։
Մինչ այդ սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր էին հրապարակվել ուկրաինական ներխուժման մասին։ Դրանցից մեկում, որի իսկությունը Reuters-ը հաստատել է արբանյակային լուսանկարների օգնությամբ, ուկրաինացի զինվորներն իրենց դրոշն են բարձրացնում սահմանից առնվազն 3,5 կմ խորությամբ ընկած Գուևո գյուղում։ Ուկրաինացի զինվորներից մեկն էլ Կուրսկի մարզում ռուսական խանութի ֆոնին է նկարահանվել․ - «Սիրելի ուկրաինացիներ, մենք մտանք «Պյատյորոչկա», և ասեմ ձեզ՝ ընտրությունն աղքատ է, մեր ATB-ավելի լավն է»։
Պաշտոնական Մոսկվան ընդունում է, որ տեղական իշխանություններն Ուկրաինայի հետ սահմանակից արդեն երկրորդ տարածաշրջանի՝ Բելգորոդի բնակչությանն են տարհանում: Տեղի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը սահմանամերձ գյուղերում այսօր անձամբ է տուն առ տուն անցել՝ տարհանումը կազմակերպելու համար։
Պուտինը, որ մեկ շաբաթ առաջ պարզապես սադրանք էր որակել ուկրաինական այս հարձակումը, այսօր ավելի կոշտ է խոսել՝ հրահանգելով դուրս շպրտել հակառակորդին Ռուսաստանի տարածքից։ Ավելին, Կրեմլի ղեկավարը պնդել է, թե Կիևը հեռահար նպատակներ ունի և փորձում է այս քայլերով բանակցային դիրքերը բարելավել. - «Այժմ պարզ է, թե ինչու Կիևի ռեժիմը մերժեց խաղաղ բանակցություններին վերադառնալու մեր առաջարկները։ Հակառակորդն արևմտյան տերերի օգնությամբ փորձում է բարելավել իր բանակցային դիրքերը։ Բայց ի՞նչ բանակցությունների մասին կարող ենք խոսել այն մարդկանց հետ, ովքեր անխտիր հարձակվում են քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կամ փորձում են վտանգներ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար»։
Նա չի հստակեցրել, թե Կուրսկի վրա հարձակմանը ինչ պատասխան է Մոսկվան պատրաստում։ The Wall Street Journal-ը, սակայն, հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրներին, գրել է, թե ըստ Սպիտակ տան՝ Մոսկվան կարող է դաժան հակահարված տալ։ Ամերիկացի պաշտոնյաները, մասնավորապես, մտավախություն ունեն, որ ռուսական կողմը կարող է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքներին:
Զուգահեռաբար, Մոսկվան ինտենսիվ գրոհում է արևելյան ճակատում, հատկապես ուկրաինական Տորեցկ քաղաքի ուղղությամբ՝շարունակելով դանդաղ առաջ ընթանալ։
Ի՞նչ նպատակ ունի հարձակումը Կուրսկի մարզի վրա, երբ ուկրաինացիները չեն կարողանում կանգնեցնել ռուսներին սեփական հողում։ Հարցին կիրակի օրը պատասխանել է Ուկրաինայի նախագահը։ Առաջին անգամ փաստացի ընդունելով, որ ուկրաինական բանակը ներխուժել է Ռուսաստանի տարածք, Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Կիևը գնացելէ այդ քայլին Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար։ «Ուկրաինան ապացուցում է, որ իսկապես կարող է վերականգնել արդարությունը և ապահովել անհրաժեշտ ճնշումը ագրեսորի վրա», - հայտարարել է նա։
Մինչ այդ, իրարամերժ տեղեկություններ են հաղորդվում Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիեի ատոմակայանում երեկ բռնկված խոշոր հրդեհի մասին։ Հրդեհի տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակել էր Ուկրաինայի նախագահը։ Կիևը հրդեհի համար մեղադրել է ռուսական բանակին, իսկ Մոսկվան՝ Ուկրաինային: Երկու կողմերն էլ միաժամանակ նշել են, որ ճառագայթային ֆոնը մնում է նորմայի մեջ։